Մատչելիության հղումներ

ՀԱՊ-ի կազմակերպության խորհրդի նորանշանակ գլխավոր քարտուղարը այցելում է Հայաստան


Երեքշաբթի օրը ավարտվեց Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊ) կազմակերպության խորհրդի նորանշանակ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի երկoրյա այցը Հայաստան, որի ընթացքում նա հանդիպումներ ունեցավ Հայաստանի նախագահ Քոչարյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի, պաշտպանության նախարար եւ անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանի, ինչպես նաեւ ուժային կառույցների ղեկավարների հետ:

Պաշտոնական հաղորդագրություններում ասվում է, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀԱՊ-ի կազմակերպության կառուցվածքային ու կազմակերպական խնդիրներին, ինչպես նաեւ պայմանագրի անդամ երկրների ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի պաշտպանության նախարարության արտաքին հարաբերությունների վարչության պետ Միքայել Մելքոնյանը, Նիկոլայ Բորդյուժայի այցը ճանաչողական բնույթ էր կրում: Նա արդեն եղել է ՀԱՊ-ի կազմակերպության անդամ մի քանի երկրներում եւ պատրաստվում է այցելել մյուսները:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը Սերժ Սարգսյանի եւ Նիկոլայ Բորդյուժայի հանդիպմանը քննարկված հարցերը ներկայացրեց շատ ընդհանուր ձեւակերպումներով:

«Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են փակ շրջանակներում համագործակցության զարգացման ներկա վիճակն ու հեռանկարները: Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային գործընթացներին եւ անվտանգության հիմնահարցերին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Շահսուվարյանը՝ ավելացնելով, որ համագործակցությունը ռազմական ոլորտում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, ինչպես նաեւ ՀԱՊ-ի կազմակերպության շրջանակներում օրեցօր զարգանում եւ խորանում է:

Հայաստանը 1992 թվականին ստորագրված Հավաքական անվտանգության պայմանագրի հիմնադիր անդամներից է: Նախապես ՀԱՊ-ին անդամակցուն էին ԱՊՀ 12 անդամներից 9-ը, սակայն հետագայում Վրաստանը, Ադրբեջանը եւ Ուզբեկստանը հրաժարվեցին երկարաձգել պայմանագիրը:



Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG