Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը հրաժարվել է պատասխանել «Հայկական ժամանակ» թերթի հարցերին՝ որտե՞ղ եւ ինչպե՞ս է իր արձակուրդն անցկացրել նախարար Սերժ Սարգսյանը: Եվ «Հայկական ժամանակ»-ը այսօր իր հարցերը հրապարակել է հետեւյալ ձեւակերպումներով. - «Ճի՞շտ է արդյոք, որ Սերժ Սարգսյանը արձակուրդի ընթացքում եղել է Մոնթե Կառլոյում: Ճի՞շտ է արդյոք, որ Մոնթե Կառլոյի կազինոներում Սերժ Սարգսյանը խոշոր գումար է պարտվել: Ճի՞շտ է արդյոք, որ ՀՀ մաքսային կոմիտեի պետ Արմեն Ավետիսյանը Երեւանից փող է ուղարկել Սերժ Սարգսյանին, քանի որ վերջինս իր փողերը պարտված է եղել կազինոներում»: Սրան «Հայկական ժամանակ»-ը նաեւ կցել է. - «Տեղեկություններ կային, որ Սերժ Սարգսյանի հետ Մոնթե Կառլոյում են եղել նաեւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ու գործարարներ: Մասնավորապես, խոսքը ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի, տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի, պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի մասին է: Հովիկ Աբրահամյանը փոխանցել է, որ ինքը Մոնթե Կառլոյում եղել է իր ընտանիքի անդամների հետ եւ կազինոների հետ որեւէ առնչություն չի ունեցել: Անդրանիկ Մանուկյանն էլ հավաստիացնում է, որ ինքը ընդամենը շրջագայել է Մոնթե Կառլոյում»:

«Իրավունք» թերթը այսօր ուրվագծում է. - «Իշխանություններն ընդհանրապես եւ Ռոբերտ Քոչարյանը մասնավորապես ունեն հակում ակտիվորեն մասնակցելու որոշակի միջոցառումների, որոնք ի վերջո վերածվում են յուրահատուկ իշխանական «խաղալիքների»: Այդպիսիք էին, օրինակ, «բազեների» հավաքները, ուր երկրի նախագահը օրեր էր անցկացնում: Այդպիսի դեր ունեցան եւ համահայկական խաղերը: Անշուշտ, նման միջոցառումներն էլ ունեն իրենց կարեւորությունը, տեղն ու դերը, սակայն բարձրաստիճան իշխանավորները այդ միջոցառումները սեփական խաղալիքի վերածելու փոխարեն լավ կլիներ, որ զբաղվեին երկրի ու ժողովրդի համար ավելի հրատապ ու կնճռոտ հարցերով», - շեշտադրում է «Իրավունք»-ը:

Արդեն գրեթե երեք ամիս է՝ գործում է կոալիցիոն կառավարությունը: «Առավոտ»-ի թղթակիցը դիմել է նրա ներկայացուցիչներին ու բոլորից հավաստիացում ստացել, որ ամեն ինչ ընթանում է բնականոն հունով, իրենց միջեւ որեւէ լուրջ հակասություն չկա, եւ, ընդհանրապես՝ հավաքական պատասխանատվությունը շատ պարտավորեցնող է: «Ուզում ենք հուսալ, որ այս «հավաքական պատասխանատվության» արդյունքը կարճ ժամանակում կզգան նաեւ սոցիալապես անապահովները», - ավելացնում է թղթակիցը: - «Կոալիցիան իր ծրագիրն ինչ-որ չափով սոցիալական է համարում եւ կարեւորում է աղքատության կրճատումը: Եթե սա միայն թուղթ ու դատարկ նախադասություն չէ, ուրեմն կենսաթոշակը պետք է ավելացնել ոչ թե 20 կամ 200 դրամով, այլ՝ մի քանի անգամ»:

Մինչ կոալիցիայի խմբակցությունների ղեկավարները «Հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցներում վստահություն են հայտնում, որ «կոալիցիայի քաղաքական ուժերը համատեղ ջանքերով կկարողանան պահպանել ե՛ւ երկրի ներքին կայունությունը, ե՛ւ ապահովել անհրաժեշտ տնտեսական զարգացումները», «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանն ասում է. - «Ինձ թվում է՝ ԱԺ-ում եւ ընդհանրապես երկրում ազդեցություն ունեցող բոլոր քաղաքական ուժերը նախ եւ առաջ պետք է շահագրգիռ լինեն, որ մինչեւ տարեվերջ տեղի ունենա վստահության հանրաքվեն: Երկրում վիճակը կայունացնելու ձգտող իշխանական կոալիցիայի կուսակցությունները, կարծում եմ, քաղաքական գրագիտություն կդրսեւորեն եւ անվերապահորեն կանսան Սահմանադրական դատարանին, քանի որ արված առաջարկում արձանագրված է վստահության դեֆիցիտի փաստը, եւ այն անհրաժեշտություն կա փարատել»: «Միավորված աշխատանքային կուսակցության» խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը նշում է. - «Չեմ կարծում, որ մինչեւ տարեվերջ կարող է հեղափոխություն լինել երկրում կամ, Աստված չանի, պատերազմ սկսվի: Թեեւ չի կարելի անտեսել նաեւ պատերազմի հավանականությունը: Մասնավորապես օրենսդիրի կարեւոր անելիքներից մեկն էլ համարում եմ այն, որ նվազագույնի հասցնի պատերազմի վերսկսման հնարավորությունը»: Իսկ «Ազգային միաբանություն»-ից Ալեքսան Կարապետյանը փոխանցում է իրենց հետեւյալ դիրքորոշումը. - «Երկրի քաղաքական ղեկավարությունը որոշակի սցենար է նախապատրաստել, որն էլ կաշխատի իրագործել մինչեւ տարեվերջ: Մեր կուսակցությունը կջանա չմասնակցել այդ ընթացքին, քանի որ, կարծում ենք, արդյունքում երկիրը քաղաքական հետընթաց կունենա... Չենք պատրաստվում մասնակցել նաեւ «Արդարություն» դաշինքի հանրահավաքային «պայքարին», քանի որ սա էլ ընդհանուր սցենարի մասն է: Մենք հակառակը՝ ամեն ինչ անելու ենք երկրում ներքին կայունությունը պահպանելու համար, որպեսզի իշխանությունը հնարավորություն ունենա լուծելու իր գլխավոր գերխնդիրը՝ Արցախի հիմնահարցը», - ասում է «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահը:

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հայացքով, մեզ ներկայացվող պաշտոնական վիճակագրությունը, հետեւաբար եւ տնտեսական աճի մատուցվող պատկերը լրջորեն խեղաթյուրված են: «Տնտեսական աճի մասին նրանց ներկայացրած թվերը ինչ-որ տեղ նմանվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թվերին», - ասում է նա «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում: - «Բայց տնտեսությունն ավելի բարդ ոլորտ է, եւ այստեղ թվեր նկարելը չի կարող անհետեւանք անցնել եւ անպայման վեր կհանի հակասություններ՝ իրականության եւ տրամաբանության հետ»: Բագրատյանի գնահատականով, ներկայիս ընդդիմության ստրատեգիական կողմնորոշումներն էլ չեն արտահայտում երկրի զարգացման ժամանակակից պահանջները... եւ եթե կա մի իրական ընդդիմություն այսօրվա իշխանություններին, ապա դա նախկին իշխանությունն է»:

«Աճ առանց բարեկեցության» վերնագրի տակ «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը արձանագրում է. - «Առայժմ տնտեսական աճը, հակառակ նախընտրական խոստումներին, որեւէ շարքային քաղաքացի իր գրպանում չի զգում: Մարդիկ շարունակում են շատ վատ ապրել եւ նրանց տեսանկյունից տնտեսական այսօրինակ աճն ու կայունությունը ձեռնտու է միայն նրանց, ովքեր ամեն օր ավելացնում են իրենց առանց այդ էլ ահռելի կապիտալը... Ենթադրվում է, որ այս հարցում փոփոխություն կլինի կոռուպցիայի դեմ իրական պայքարի արդյունքում»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG