Մատչելիության հղումներ

Նախկին մահապարտները պատգամավորների հետ հանդիպելուց հետո դադարեցնում են հացադուլը


Շաբաթ օրը Ազգային ժողովի պատվիրակության անդամների հետ հանդիպելուց հետո, նախորդ օրը հացադուլ հայտարարած 29 կալանավորները դադարեցրին հացադուլը: Սա օգոստոսի սկզբին նախագահ Քոչարյանի հրամանագրով ներման արժանացած բոլոր 42 մահապարտների (ում պատիժը փոխարինվել է ցմահ բանտարկությամբ) արդեն երկրորդ հացադուլն էր:

Դատարանների վճիռներով մահվան դատապարտված այս մարդկանցից 6-ը ներման խնդրանքով դիմում չէին ներկայացրել նախագահին: Նախկին մահապարտներից մի քանիսը բողոքի հացադուլ էին սկսել, որը, սակայն, խորհրդարանի ղեկավարությանը դիմելուց եւ կալանավայրերի վարչության պետի՝ մեկ շաբաթվա ընթացքում հանդիպումը կազմակերպելու խոստումը ստանալուց հետո դադարեցրել են:

Խոստացված հանդիպումը չէր կայացել, եւ ահա երեկ 29 կալանավոր նորից հրաժարվել էին սնունդ ընդունել՝ պահանջելով հանդիպում ԱԺ նախագահի հետ: Հանդիպման պահանջով նամակը երեկ հանձնվել էր Ազգային ժողովի աշխատակազմ, եւ արդեն այսօր Նուբարաշենի կալանավայրում Ազգային ժողովի պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանի ղեկավարությամբ պատվիրակությունը հանդիպեց ու լսեց նախկին մահապարտների պահանջները:

Ազգային ժողովի պատվիրակության կազմում ընդգրկված էին նաեւ պետաիրավական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարգարյանը, իրավաբանական վարչության պետ Սուրեն Մամիկոնյանը, ԱԺ նախագահի օգնականը: Պավիրակությանն ուղեկցում էր կալանավայրերի վարչության պետ Սամվել Հովհաննիսյանը:

Ավելի քան երեք ժամ տեւած հանդիպումից հետո, Ռաֆիկ Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ դատապարտվածների բողոքներն առնչվում էին «ժամանակին իրենց ապօրինաբար դատապարտելուն» կամ «նախագահի հրամանագրին»:

«Նրանք հարցեր բարձրացրին վերանայել իրենց գործերը, կամ նախագահի հրամանագրից հետո կոնկրետացնել, թե որն է լինելու շարունակությունը», - ասաց Պետրոսյանը: - «Այդ բոլոր բողոքների կապակցությամբ պետք է Ազգային ժողովում հավաքվենք, քննարկենք, միասնական մի կարծիքի գանք եւ զեկուցենք Ազգային ժողովի նախագահին»:

Պետրոսյանի խոսքերով, Ազգային ժողովի նախագահին առաջարկներ ներկայացնելու համար շատ ժամանակ չի պահանջվի: Այնպես, ինչպես հացադուլի մասին երկրորդ հայտարարությունից հետո մեկ օրվա ընթացքում արձագանքեցին, այդպես էլ հարցին օպերատիվ լուծում կտան մինչեւ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի սկիզբը, այսինքն՝ սեպտեմբերի 5-ը:

Հարցին, թե օրենքի սահմաններո՞ւմ է արդյոք այդ փուլում դատավճիռների վերանայումը, Ազգային ժողովի պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահը պատասխանեց. - «Անպայման: Օրենքը թույլ է տալիս, որ նրանք դիմեն նոր Քրեական օրենսգրքով նախատեսված պատիժներին համապատասխանեցնելու հարցերով, եւ դատարանները պետք անեն դա»:

Բավարարվելով իրավաբանների բացատրություններով, կալանավորները դադարեցրել են հացադուլը՝ մինչեւ Ազգային ժողովում նախատեսվող քննարկումից հետո համապատասխան լուծումներ առաջարկվելը:

«Եթե հանձնաժողովը կամ Ազգային ժողովը գտնի, որ անհրաժեշտ է նայել գոնե այդ 42 անձանց գործերը, ապա, նրանց դիմումներին համապատասխան, դատաքննության փուլից կամ նախաքննության փուլից հնարավոր է վերանայել գործերը», - ասաց Ռաֆիկ Պետրոսյանը:

Որոշ դիտորդների կարծիքով, մահվան դատապարտվածների պատիժը ցմահ բանտարկությամբ փոխարինելու մասին նախագահ Քոչարյանի հրամանագիրը «ժամանակավրեպ էր»: «Հատկապես ներման դիմում չգրողներն էին դժգոհում, թե ինչ հիման վրա է իրենց դատավճիռը փոխարինվել», - նախագահի հրամանագրի հրապարակումից անմիջապես հետո «Ազատություն» ռադիոկայանին ասել էր Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: - «Քանի որ, սպասվում էր՝ արդեն աշնանային նստաշրջանում 6-րդ արձանագրությունը վավերացնել եւ մահապատիժը վերացնել»:

Իշխանյանը համոզված է, որ նախագահի հրամանագիրը «ռեւերանս» էր Եվրախորհրդին, որն, ի դեպ, ողջունել է ներման մասին նախագահ Քոչարյանի հրամանագիրը:

Նախագահի խոսնակ Աշոտ Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանին տվել էր հետեւյալ պարզաբանումը. - «Ստորագրելով ներում շնորհելու մասին հրամանագիրը, Հայաստանի Հանրապետության նախագահը ղեկավարվել է իր սահմանադրական իրավունքով: Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ, օգոստոսի 1-ից ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի համաձայն, մահապատիժը վերացվում է: Որոշումը կայացվել է նաեւ Հայաստանի կողմից Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների շրջանակներում»:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG