Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Թերթերից միայն «Հայոց Աշխարհ»-ն է անդրադարձել, որ այսօր «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի ընդունման օրն է: Անցել է ուղիղ 13 տարի, բայց առնվազն կոմունիստների գնահատականները չեն փոխվում: Կոմկուսի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը «Հայոց Աշխարհ»-ի թղթակցին ասել է. - «Խորհրդային Հայաստանի հաջողությունները անկախության շրջանի ձեռքբերումների հետ չեմ կարող բաղդատել, քանի որ այդպիսիք ուղղակի չկան: Նույնիսկ Արցախյան ազատամարտում մեր հաղթանակները հնարավոր դարձան խորհրդային ժամանակներում կուտակված ներուժի, խորհրդային դպրոցում դաստիարակված աշակերտի ոգու եւ մտքի ուժի շնորհիվ: Ես ուղղակի չեմ տեսնում, թե անկախության 13 տարին ի՞նչ նոր դրական արժեք կամ ավանդ է բերել մեր երկրին կամ ժողովրդին: Սակայն տեսնում եմ, որ ազգն արտագաղթում է, իսկ երկիրը կողոպտվում ու օր օրի էլ ավելի ուժեղ կախվածության մեջ է հայտնվում»:

Երեկ՝ Գյումրիի մշակույթի գործիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ, արձագանքելով մամուլի այն հրապարակումներին, թե ինքը որպես մշակույթի նախարար ոչ կոմպետենտ է, Թամարա Պողոսյանը հայտարարել է. - «Ես չեմ ձախողվի, եթե մենակ չաշխատեմ... Եթե ձախողվենք էլ, ես մենակ չեմ ձախողվի, միասին կձախողվենք»: «Հայկական ժամանակ» թերթը փոխանցում է նաեւ, որ Թամարա Պողոսյանը 45 րոպե զեկուցում է կարդացել Հայաստանի մշակութային ոլորտում առկա խնդիրների մասին՝ անընդհատ օգտագործելով «Գյումրիի մարզ» արտահայտությունը»:

«Այդ ես եմ, ե'ս, ե'ս, ե'ս» խորագրի տակ «Հայկական ժամանակ»-ն այսօր առանձնացրել է. - «Օրինաց երկրի» ղեկավար, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի պահվածքն արդեն նյարդայնացնում է կոալիցիայի անդամ մյուս կուսակցությունների ներկայացուցիչներին: Պատճառն այն է, որ Բաղդասարյանն իրեն է վերագրում կոալիցիայի ներսում կայացված որոշումների հեղինակումը: Բոլորովին վերջերս Գեղարքունիքի մարզում Բաղդասարյանը հայտարարեց, որ ստեղծվել է ավանդների վերադարձման հնարավորություններն ուսումնասիրող հանձնաժողով եւ դա ներկայացրեց այնպես՝ իբր դրա հեղինակն ինքն է: Հետո պարզվեց, որ նման հանձնաժողով ստեղծելու մասին որոշումը կայացվել է այդ հայտարարության նախօրեին՝ կոալիցիայի խորհրդի նիստում: Մի քանի օր առաջ էլ Բաղդասարյանը կոչ արեց դադարեցնել առողջապահական հաստատությունների սեփականաշնորհումը: Երեկ կառավարությունից մեզ հայտնեցին, որ առողջապահական հաստատությունների մասնավորեցման գործընթացը ժամանակավորապես դադարեցնելու մասին դեռեւս Բաղդասարյանի կոչից մեկ շաբաթ առաջ, հանձնարարական է տվել վարչապետ Մարգարյանը»:

Երեկ արտասահմանյան լրատվամիջոցները լուր էին տարածել մի թաիլանդցու մասին, որը մահացել էր ծիծաղից: «Առավոտ» թերթի մեկնաբանի վարկածով, տարաբախտ թաիլանդցին պատահաբար կարդացել էր Ազգային ժողովի նախագահ Բաղդասարյանի հերթական հայտարարությունը, թե «Հայաստանը վճռական է կատարել Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունները եւ շարունակել եվրոպական ինտեգրացիայի ուղին»:

Ազգային ժողովի սեպտեմբերյան նստաշրջանում «Արդարություն» դաշինքին մաս կազմող Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը պատրաստվում է հանդես գալ հայ-թուրքական հարաբերությունների ողջ համալիրի եւ առաջին հերթին՝ սահմանների բացման խնդրի շուրջ խորհրդարանական քննարկումներ անցկացնելու նախաձեռնությամբ: Սրա հետ կապված, «Հայոց Աշխարհ»-ի տեսաբանն այսօր գրում է. - «Շրջափակելով Հայաստանը, Թուրքիան առաջադրել է որոշակի նախապայմաններ, որոնց մի մասը, մասնավորապես «ցեղասպանության պնդումներից» հրաժարվելու պահանջը, ներկայումս էլ շարունակում է պահել երկկողմ շփումների օրակարգում: Այսինքն՝ Թուրքիան պաշտոնապես շարունակում է մնալ «շրջափակման վերացում՝ նախապայմանների կատարման դիմաց» իր հայտնի դիրքորոշման վրա... Նման իրավիճակում, նախքան Թուրքիայի կողմից որեւէ կոնկրետ՝ պաշտոնական քայլի ձեռնարկումը, խորհրդարանական քննարկումների անցկացումը Հայաստանում փաստորեն կնշանակի, որ մեր երկիրը կհայտնվի իրեն պաշտոնապես առաջադրված նախապայմանները քննարկողի դերում»: «Քանի դեռ Թուրքիան չի վերանայել իր շրջափակմամբ պայմաններ թելադրելու քաղաքականությունը, Հայաստանն իրավունք չունի հրապարակավ հանդես գալու հարաբերությունների բարելավման որեւէ պաշտոնական նախաձեռնությամբ», - ընդգծել է մեկնաբանը:

Թուրքիայում հայտնի քաղաքական մեկնաբան, 1991-93 թթ. նախկին նախագահ Թուրգութ Օզալի խորհրդական Ջենգիզ Չանդարն «Ազգ» թերթի հետ զրույցում նկատել է, որ Ադրբեջանի հասարակությունը չի կարող երկար ժամանակ հանդուրժել Ալիեւների դինաստիայի իշխանությունը: Չանդարը նաեւ ասել է. - «Քանի դեռ Հեյդար Ալիեւը ողջ է, պատերազմի վերսկսումը գրեթե անհավանական է, բայց երբ նա վախճանվի, իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից»։ «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակը շատ վտանգավոր է։ Մեկուկես տարի առաջ ես եղա Ղարաբաղում եւ, ծանոթանալով աշխարհագրական դիրքին, հասկացա, թե ինչու հայերը չեն հեռանում գրավյալ տարածքներից։ Եթե հայերը հեռանան Ադրբեջանի գրավյալ տարածքներից, ապա Ղարաբաղը կմնա անպաշտպան»: «ԼՂՀ հարցում Թուրքիան ունի կողմնակալ դիրքորոշում։ Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիան չի կարող լինել անաչառ», - հաստատել է թուրք քաղաքագետը: Մեկ այլ թուրք մեկնաբան էլ թղթակցի հետ զրույցում բանաձեւել է. - «Թուրքիայի համար Ադրբեջանը եղել է եւ կլինի մերձ դաշնակից, անկախ նրանից, թե Բաքվում ով կլինի իշխանության»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG