Մատչելիության հղումներ

logo-print

Բուժհիմնարկների սեփականաշնորհումը կասեցրել է առողջապահության նախարարը


Հինգշաբթի օրը կառավարող կոալիցիայի անդամ կուսակցություններից ՀՅԴ ղեկավար անդամներից մեկը հայտարարեց, որ բուժհիմնարկների սեփականաշնորհման գործընթացը, որի կասեցման անհրաժեշտության մասին ԱԺ խոսնակ Արթուր Բաղդասարյանը հայտարարություն էր տարածել երկուշաբթի օրը, արդեն կասեցվել էր առողջապահության նախարար, ՀՅԴ անդամ Նորայր Դավիդյանի կողմից:

«Մենք բուժհիմնարկների տարերային սեփականաշնորհման մասին որեւէ հարց կոալիցիայի համակարգող խորհրդում չենք քննարկել, ինչի մասին ակնարկել է Արթուր Բաղդասարյանը», - «Ազատություն» ռադիոկայանին հինգշաբթի օրը ասաց Դաշնակցության ղեկավար անդամ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը՝ ավելացնելով, սակայն, որ այդ հարցի քննարկումները արդեն վաղուց են ասպարեզում: - «Նախարարը [առողջապահության], կառավարությունը, նաեւ նախագահը այս խնդիրներին ծանոթ են եւ ուշադրությամբ այս հարցով զբաղվում են: Այսինքն՝ այդ հարցը վաղուց քննարկման մեջ է: Նախարարը, որը ներկայացնում է մեր կուսակցությունը, այդ խնդրով լրջորեն զբաղվում է, եւ լուծումը գտնված է արդեն: Ինքն է կասեցրել առայժմ սեփականաշնորհումը եւ խնդիրներ կան, որոնք առաջացել են դրա հետ կապված»:

Պետական գույքի կառավարման վարչության պետ Դավիթ Վարդանյանը, սակայն, երեկ «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե առողջապահական հիմնարկների մասնավորեցումը ընթացքի մեջ է՝ Ազգային ժողովի կողմից ընդունված 2001-2003 թվականները ընդգրկող պետական գույքի մասնավորեցման ծրագրի շրջանակներում: Արդեն մասնավորեցվել է 37 առողջապահական հիմնարկ, եւս 32-ը ընդգրկված են մասնավորեցման եռամյա ծրագրում:

Օգոստոսի 18-ին հրապարակված հայտարարության մեջ Ազգային ժողովի խոսնակը անհանգստություն էր հայտնել «բուժսպասարկման ապահովագրական համակարգի բացակայության եւ բնակչության ցածր կենսամակարդակի պայմաններում» առողջապահական հիմնարկների սեփականաշնորհման շարունակվող գործընթացը: «Անհրաժեշտ է մինչեւ առողջապահության համակարգի արդիականացումը կասեցնել առողջապահական ոլորտի հիմնարկների սեփականաշնորհումը», - ասված էր Բաղդասարյանի հայտարարության մեջ:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG