Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Ջուր են լցնում ամբաստանյալների ջրաղացին», - տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների գործողություններն այսպես է գնահատում «27»-ի գործով մեղադրողների խմբի համակարգող Գագիկ Ավետիսյանը: «Ինչպե՞ս եք վերաբերում Օլեգ Յունոշեւի հայտարարությանը, թե «27»-ի գործով ամբաստանյալների եւ մեղադրողների դիրքորոշումները նույնական են, նրանք արդեն մեկ թիմ են դարձել, որոնք նույն նպատակներն են հետապնդում». «Առավոտ»-ի թղթակցի այս հարցին ի պատասխան Ավետիսյանը մասնավորապես ասում է. - «Անհեթեթ մեկնաբանություն է, թե մենք մի թիմում ենք: Այդպես կարելի էր մեկնաբանել, եթե մենք ամբաստանյալների հարցաքննությունը կամ ամբողջ դատավարությունը տանեինք պաշտպանական եւ ոչ մեղադրական կտրվածքով»: Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները պնդմանն էլ, թե իրենց միջնորդություններն անընդհատ մերժվում են եւ սպառվել է դատարանի ապօրինի որոշումներին հակազդելու հնարավորությունը, պետական մեղադրողների խմբի համակարգողը արձագանքում է. - «Նրանք չէ, որ պիտի տան դատարանի որոշումների գնահատականը... Այդ գնահատականը տալու իրավունք ունեն միայն վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանները»:

«Հայկական ժամանակ» թերթի մեկնաբանի ուրվագծմամբ էլ, մեղադրանքի կողմում հանդես եկող դատախազներն ու տուժողների ներկայացուցիչները ծայրահեղորեն հակադիր մարտավարություն են ընտրել: «Մեղադրողները փորձում են արագ ավարտել դատավարությունը, տուժողները՝ թույլ չտալ դա: Դատախազներն, ըստ հավաստի աղբյուրի, հստակ հրահանգ են ստացել արագացնել դատավարությունը», - գրում է մեկնաբանը: - «Դա հնարավորություն կտա իշխանություններին՝ փակել իրենց համար անցանկալի պատմության այս էջը եւ պատմության գիրկն ուղարկել հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունն էլ, դրա կազմակերպիչներին առնչվող կասկածներն էլ... Տուժողների իրավահաջորդները քրեական գործերով կայացված դատավճիռների դեմ վերադաս դատարանին բողոք բերելու իրավունք չունեն»: Ըստ մեկնաբանի՝ դա է պատճառը, որ այսօր տուժողները եւ նրանց ներկայացուցիչները դատարանում երբեմն զավեշտի հասնող ու նյարդայնացնող վարքագիծ են դրսեւորում՝ ձգձգելով դատավարությունը եւ դեռեւս հույս ունենալով, որ դատարանում ճշմարտությունը կբացահայտվի:

Անդրադառնալով մամուլում արծարծվել սկսված՝ ընդդիմության միավորման ու բողոքական ընտրազանգվածի շարժերի թեմային, «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանն այսօր ընդգծում է. - «Ընդդիմությունը կարող է, իհարկե, մի կողմ թողնել տարաձայնությունները եւ «ընդդեմ» սկզբունքով միավորվել ինչ-որ ճակատի մեջ: Սակայն եթե բողոքական ընտրազանգվածը անհրաժեշտ պատրաստակամությամբ չարձագանքի տվյալ նախաձեռնությանը, ապա գործ կունենանք ոչ թե ներքաղաքական լուրջ ցնցումների, այլ սովորական, մակերեսային աղմուկ-աղաղակի հետ»: Մեկնաբանի հաշվարկներով, սոցիալ-տնտեսական վիճակով թելադրված «դասական» բողոքավորների բանակը, կազմում է բնակչության մեկ քառորդից մինչեւ առավելագույնը՝ մեկ երրորդը: Իսկ ահա լայն առումով «բողոքական» է բնակչության առնվազն 60-70 տոկոսը: Ընդ որում՝ բողոքական ընտրազանգվածը դժգոհ է ոչ միայն իշխանություններից, այլեւ ընդդիմությունից: «Ուրեմն», - եզրակացնում է մեկնաբանը, - «նման ընտրազանգվածին համախմբելու դասական մոդելը՝ ընդդիմության միավորումը, Հայաստանում չի կարող առաջ բերել ժողովրդի միավորման մուլտիպլիկատիվ էֆեկտ՝ առավել եւս այն պատճառով, որ ընդդիմությունը արդեն գոնե երկու անգամ չի արդարացրել ժողովրդի ակնկալիքները»: Ի վերջո, «Հայոց Աշխարհ»-ում ամփոփված է. - «Բողոքական ընտրազանգված կոչվածը սկուտեղի վրա մատուցվող կերակուր չէ, այլ քաղաքականության գործուն՝ բողոքական սուբյեկտ, որն ինքն է ընտրում իր լիդերներին: Իսկ ներկա իրականության հիմնական յուրահատկությունը հենց այն է, որ մեզանում տեղի է ունեցել լիդերության «օրդենի» համընդհանուր արժեզրկում»:

«Եկամուտների եւ ունեցվածքի հայտարարագրումը իրականում ոչինչ չի տալիս», - անդրադառնում է «Առավոտ» թերթը: - «Անցած տարի պարզվեց, որ մեր բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները թշվառության մեջ են, սնվում են բացառապես հաց ու ջրով եւ գոյատեւում են միայն իրենց հարուստ կանանց, զոքանչների ու անգամ երեխաների հաշվին: Գթասիրտ բարեկամները թույլ չեն տալիս մեր իշխանավորներին վերջնականապես սովամահ լինել եւ «բոմժի» կարգավիճակ ձեռք բերել՝ նրանց ապաստանելով իրենց շքեղ առանձնատներում»։ Ի դեպ, հայտարարագիր չներկայացնողներին էլ սպառնում է 50 հազար դրամի չափով տուգանք։ «Վճարիր այդ 100 դոլարն ու ազատ կարող ես թաքցնել քո իրական եկամուտներն ու ունեցվածքը։ Շատերն այդպես էլ վարվում են. այդպես թե՛ էժան է, թե՛ անվտանգ։ Ամենայն հավանականությամբ, այս միջոցին իրենց նախապատվությունը կտան նաեւ խոշոր գործարարները, որոնց ունեցվածքի հայտարարագրման ժամկետ է սահմանված հաջորդ տարին: Ինչպես հայտնի է, թիկնազորի 3-4 «Ջիպերով» քաղաքում պտտվող այս քաղաքացիները, եթե հավատանք իրենց հարկային փաստաթղթերին, բիզնեսն իրականացնում են վնասով, ուստիեւ եկամուտների իրական հայտարարագիր չեն ներկայացնի», - նախանշում է «Առավոտ»-ը:

«Աղքատության սահմանագիծը Հայաստանում որոշվում է առանց մասնագիտական հիմնավորման», - ընդգծվում է այսօր «Ազգ» թերթում: - «Մեր կառավարության կողմից աղքատության սահմանագիծ որոշելիս հիմք է ընդունվում ոչ թե այն նվազագույն կենսական պահանջները, առանց որոնց անհնար է մարդու առողջ գոյությունը, այլ այն ծայրահեղ վիճակը, որ մեր հայրենակիցները հայտնվել են ներկա եւ նախկին իշխանությունների մեղքով: Այդ չափանիշերով Հայաստանում աղքատ չհամարվելու համար, այս տարվա փաստացի գներով, 1 շնչին ընկնող նվազագույն պարենային զամբյուղը կազմում է... 9 հազար դրամ, իսկ դա բավարար չէ նույնիսկ կիսաքաղց գոյության համար»: Ընդհանուր առմամբ, ըստ այս անդրադարձի, կառավարությանը չի հետաքրքրում իրականում աղքատության հաղթահարումը. - «Մինչդեռ, դրա մասին խոսելը, հատուկ ծրագիր մշակելը եւ իրավիճակը նույնը թողնելը շահավետ են կրկնակի։ Այդ դեպքում ե՛ւ միջազգային ֆինանսական կազմակերպություններից բազմամիլիոն վարկեր ու դրամաշնորհներ են ստացվում, որոնց «արդյունավետ» ծախսելու ձեւերը մեր պաշտոնյաները լավ գիտեն, ե՛ւ հեշտանում է ընտրակաշառքների միջոցով իշխանությունը պահպանելը»։

Երկու օր առաջ Հեռուստառադիոհանձնաժողովը որոշեց տույժի ենթարկել «ԱԼՄ» հեռուստաընկերությանը՝ «Գովազդի մասին» օրենքը խախտելով՝ օղու շիշ ցուցադրելու համար: Հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը կարծում է, որ սա ընդամենը առիթ է, իսկ ՀՌԱՀ նպատակն իր հիմնադրած հեռուստաընկերության փակումն է: «Հայկական ժամանակ»-ի թղթակցին նա պատմել է. - «Հանձնաժողովի նիստի ավարտից հետո դրա նախագահ Գրիգոր Ամալյանը մեր իրավաբանին հայտնել է, որ իրենց եւ ԱԼՄ-ի բարեկամական հարաբերություններն ավարտված են, ապա ավելացրել է, որ իրենք ուշադիր հետեւելու են մեր եթերին, եւ ԱԼՄ-ն անպայման կստանա եւս երկու նկատողություն եւ կզրկվի եթերից: Պատճառը, կարծում եմ, մեր պատրաստած սուր հաղորդումների շնորհիվ օրըստօրե աճող վարկանիշն է: Դա կարող է դուր չգալ որոշ մարդկանց, ովքեր իրավասու են քաղաքական որոշում կայացնելու: Նման ենթադրության առիթ է տալիս նաեւ Ամալյանի լկտի, ամբարտավան եւ կոպիտ պահվածքը... Եթե հավատալու լինենք ընդհանուր կարծիքին, նա առանց լուրջ երաշխիքների կամ հանձնարարականի նման քայլի չէր դիմի»: Ինչեւէ, «ԱԼՄ»-ի ղեկավարությունը որոշել է եթերից հանել ամենը, ինչ այն փակելու առիթ կարող է տալ: Այդ թվում եւ ֆիլմերը: Հարցին, թե ինչպես են լրացնելու ազատ եթերաժամանակը, Կարապետյանը պատասխանել է. - «Ավելացնելու եմ իմ վարած հաղորդումների տեւողությունը: Եթե առաջ եթեր էի դուրս գալիս մեկուկես ժամ, ապա այսուհետ դա կտեւի երեք ժամ: Եւ թող մեր հայրենի իշխանավորները երեք ժամ լսեն, թե ինչ է իրենց մասին մտածում ժողովուրդը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG