Մատչելիության հղումներ

Պաշտոնական Երեւանը հաստատում է Իրաք զինծառայողներ ուղարկելու մտադրությունը


Պաշտոնական Երեւանը չորեքշաբթի օրը հաստատեց, որ մտադրություն կա զինվորական բժիշկներ եւ սակրավորներ ուղարկել Իրաք: Մտադրության իրականանալու դեպքում Հայաստանը մաս կկազմի Միացյալ Նահանգների կողմից առաջնորդվող բազմազգ ուժերին, որ փորձում են կայունացնել այդ երկրի վիճակը Սադդամ Հուսեյնի վարչակարգի տապալումից հետո: Հայաստանը նաեւ դատապարտել է Բաղդադում ՄԱԿ-ի կենտրոնակայանի վրա կատարված հարձակումը, որի արդյունքում զոհվել է առնվազն 20 մարդ, այդ թվում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անձնական ներկայացուցիչը:

«Հայաստանը մտադիր է Իրաքի հետպատերազմյան վերականգնման աշխատանքների շրջանակներում իր մասնակցությունը բերել, այդ թվում նաեւ՝ սակրավորների դասակ եւ ռազմական բժիշկներ ուղարկելու միջոցով, որոնց կարիքը մեծ է, հաշվի առնելով ներկայիս իրավիճակը երկրում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց արտգործնախարարության խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը:

Աղաջանյանը ավելացրեց, որ Հայաստանը «դեռ ամիսներ առաջ» Իրաքում հետպատերազմյան վերականգնման աշխատանքներին մասնակցելու պատրաստակամություն էր հայտնել: «Ինչ վերաբերում է նշված կազմի ուղարկման ժամկետներին ու պայմաններին, դրանք դեռեւս ճշգրտվում եւ հստակեցվում են», - ասաց նա՝ ավելացնելով, որ որոշակի հարցեր կան նաեւ նրանց տարանցման վերաբերյալ Քուվեյթի հետ երկկողմ պայմանագրի կնքման հետ կապված, որոնք այսօր բանակցվում են:

Հայաստանի զինված ուժերի շտաբի պետ Միքայել Հարությունյանը երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ ամերիկյան կողմի հետ բանակցություններն ընթացքի մեջ են, վերջնական որոշումը դեռ չի ընդունվել:

Հայաստանը նախապես դեմ էր Իրաքում միակողմանի ռազմական գործողությանը՝ առանց ՄԱԿ-ի համաձայնության: Ամեն դեպքում, Հայաստանի ղեկավարները ողջունել են Սադդամի վարչակարգի տապալումը եւ այժմ ասում են, որ այն ժամանակ մտահոգված էին իրաքահայերի ճակատագրով:

Կոալիցիոն ուժերին միանալու Հայաստանի ծրագրերի մասին առաջինը անցած երկուշաբթի հայտարարել էր Վաշինգտոնում Հայաստանի դեսպանությունը: Հայտարարությունը հետեւել էր անցած շաբաթ 150 ադրբեջանցի խաղաղարար զինվորների Իրաք մեկնելուն:

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը չորեքշաբթի օրը տարածված հայտարարությամբ դատապարտել է Բաղդադում ՄԱԿ-ի կենտրոնակայանի վրա կատարված «վայրագ հարձակումը»:

«Մենք ողբում ենք Կոֆի Անանի անձնական ներկայացուցիչ Սերջիո Վիերա դե Մելոյի մահը, որը մարմնավորում էր ՄԱԿ-ի վճռակամությունը՝ օժանդակելու Իրաքի ժողովրդին ինքնիշխան ու անկախ Իրաքի կառուցման գործում: Այս հարձակումը ոտնձգություն է այս իդեալի հանդեպ»,- ասված է արտգործնախարարի հայտարարության մեջ:

Օսկանյանը հատուկ մտահոգություն է արտահայտել հարձակման ժամանակ վիրավորված հայազգի, ՄԱԿ-ի «Նավթ՝ սննդի դիմաց» ծրագրի գործադիր տնօրեն Բենոն Սեւանի առողջության վերաբերյալ:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG