Մատչելիության հղումներ

Պետական գույքի կառավարման վարչության պետը «անընդունելի» է որակում խորհրդարանի խոսնակի պահանջը


Պետական գույքի կառավարման վարչության պետ Դավիթ Վարդանյանը անընդունելի է համարում բուժհիմնարկների մասնավորեցումը կասեցնելու վերաբերյալ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի՝ երկուշաբթի օրը հրապարակված հայտարարությունը, որ շատերի մոտ զարմանք ու տարակուսանք է հարուցել:

«Մինչեւ առողջության ապահովագրության համակարգի ներդրումը առողջապահական հիմնարկների մասնավորեցման կասեցումը մեր պայմանների համար անընդունելի է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում չորեքշաբթի օրը ասաց Դավիթ Վարդանյանը:

Օգոստոսի 18-ին հրապարակված հայտարարության մեջ Ազգային ժողովի խոսնակը անհանգստություն էր հայտնել «բուժսպասարկման ապահովագրական համակարգի բացակայության եւ բնակչության ցածր կենսամակարդակի պայմաններում» առողջապահական հիմնարկների սեփականաշնորհման շարունակվող գործընթացը: «Բուժհիմնարկների տարերային սեփականաշնորհումը կարող է կաթվածահար վիճակի հասցնել երկրի առողջապահական ոլորտը եւ հանգեցնել սոցիալական դժվարությունների», - ասվում է Բաղդասարյանի հայտարարության մեջ: - «Անհրաժեշտ է մինչեւ առողջապահության համակարգի արդիականացումը կասեցնել առողջապահական ոլորտի հիմնարկների սեփականաշնորհումը»:

Դավիթ Վարդանյանը փոխանցեց, թե առողջապահական հիմնարկների մասնավորեցումը ընթանում է կառավարության ընդունած՝ Առողջապահության զարգացման հայեցակարգի համաձայն՝ Ազգային ժողովի կողմից ընդունված 2001-2003 թվականները ընդգրկող պետական գույքի մասնավորեցման ծրագրի շրջանակներում։

Առողջապահական հիմնարկների սեփականաշնորհման նպատակը, Վարդանյանի խոսքերով, ոլորտը շուկայական հարաբերությունների դաշտ բերելն է, եւ շուկան կորոշի «որ առողջապական հաստատությունը կյանքի կոչի, որը՝ ոչ»: Որպես փաստարկ հօգուտ իր տեսակետի Դավիթ Վարդանյանը հիշեցրեց հանրապետական ակնաբուժական կլինիկայի սեփականաշնորհումը:

«Խորհրդարանում մեծ քննարկումներ եղան այդ հարցով, թե դա միակ աչքի հիվանդանոցն է, մոնոպոլիա ունի եւ այլն: Հիմա իրականում այդպես չէ: Բազմաթիվ հիվանդանոցներ ակնաբուժական բաժանմունքներ ունեն: Արդեն մի քանի ակնաբուժական կլինիկա կա: Ընդհանրապես այդ կարգի ծառայությունները ավելի լավ է լինեն մասնավոր», - իր փաստարկներն ամփոփեց Վարդանյանը:

Այդուհանդերձ, Դավիթ Վարդանյանը մեկ խնդրում համաձայն է ԱԺ նախագահի հետ. այն է՝ կարող են լինել առանձին դեպքեր, առանձին օբյեկտներ, որոնց մասնավորեցումը տվյալ պահին նպատակահարմար չդիտվի:

«Սակայն դա առողջապահության ոլորտի մասնագետների որոշելիքն է, որից պետո միայն կարելի է քաղաքական որոշումներ ընդունել», - ասաց նա: - «Քննարկումը կարող է վերաբերել ոչ թե ընդհանրապես բոլոր առողջապահական հաստատությունների մասնավորեցմանը. կարող է հատուկենտ լինեն այնպիսիները, որոնք այսօր քննարկման առարկա դառնան»:

Ըստ Դավիթ Վարդանյանի, ատամնաբուժարանների մասնավորեցումը, օրինակ, կասկած չի հարուցում:

Ինչ վերաբերում է հիվանդանոցների պետական կարգավիճակին, ասել է թե՝ անվճար բուժօգնություն ստանալու հնարավորությանը, Դավիթ Վարդանյանը վկայակոչում է միջազգային փորձը. - «Անպայման պետք է լինեն ձրի բժշկության հիվանդանոցներ: Երկու-երեք հատ երեւի: Բայց դրանք պետք է լինեն պետական հիմնարկներ, ոչ թե ընկերություններ. դրանցում վճարովի ծառայությունների չպիտի լինեն»:

Ներկայումս արդեն մասնավորեցվել է 37 առողջապահական հիմնարկ, եւս 32-ը ընդգրկված են մասնավորեցման եռամյա ծրագրում, եւ ակնկալվում է, որ մինչեւ տարեվերջ սրանք եւս կմասնավորեցեն։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG