Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


ՀՀԿ (Հայաստանի հանրապետական կուսակցություն) խորհրդի անդամ Գալուստ Սահակյանն այն կարծիքին է, որ Դեմիրճյանների ընտանիքի քայլը՝ բոյկոտել հոկտեմբերի 27-ի ոճրագործության դատավարությունը, «սենտիմենտալ քայլ է, լիրիկայի ոլորտից»: Սահակյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին նաեւ ասել է. - «Իհարկե, ընդդիմությունը անընդհատ ասում է, որ հեսա-հեսա պատվիրատուներին կբացահայտեն, բայց ես այն կարծիքին եմ, որ եթե պատվիրատուները բացահայտվելու լինեին, ապա այս երեք տարում կբացահայտվեին»: «Նրա ասածը թող մնա իր խղճին», - «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում Գալուստ Սահակյանին արձագանքել է ՀԺԿ (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) նախագահ Ստեփան Դեմիրճյանը: - «Ես հասկանում եմ, որ նման մարդկանց համար սրճարան կամ երթուղային գիծ ձեռք բերելուց այն կողմ ամեն ինչ լիրիկայի ոլորտից է: Բայց նրանց «դատողությունները» մեզ բացարձակապես չեն հետաքրքրում»:

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդները դադարեցրին իրենց մասնակցությունը դատական պրոցեսին, Ստեփան Դեմիրճյանը նույն հարցազրույցում ասում է. - «Դատավարությունը վերածվել է ֆարսի եւ եթե առաջ արհեստականորեն ձգձգվում էր, ապա հիմա ակնհայտ է, որ պատվեր է իջեցված շատ արագ ավարտելու «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունը: Եվ մենք բացարձակապես մտադրություն չունենք մասնակցելու մի դատավարության, որը կանխորոշված է եւ որը ընթանում է նախօրոք մշակված սցենարով»: Անդրադառնալով իշխող կոալիցիայի ներկայացուցիչների հայտարարություններին, թե «ընդդիմության ցանկացած փորձ՝ օրենսդրական եւ սահմանադրական ճանապարհով իշխանություն փոխելու, դատապարտված է, քանզի մեծամասնությունը միշտ դեմ է լինելու ընդդիմության ցանկացած օրենսդրական նախաձեռնությանը», ՀԺԿ ղեկավարը նաեւ ձեւակերպել է. - «Եթե նրանց համար ընդդիմության նախաձեռնությունները մերժելը գերխնդիր է կամ ինքնանպատակ, ապա այդ դեպքում գոնե թող չխոսեն իշխանություն - ընդդիմություն երկխոսության մասին... Իսկ իշխանափոխությունը պայմանավորված չէ ընտրական կեղծիքներին մասնակից առանձին մարդկանց կամ քաղաքական ուժերի նախասիրություններով ու ցանկություններով»:

«Առավոտ» թերթն այսօր ուրվագծել է. - «Մինչ իշխող կոալիցիան ներկայացնող պատգամավորները աշխարհի ամենաշքեղ ամառանոցներում ուժ էին հավաքում՝ սեպտեմբերին օրենսդրական աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համար, ընդդիմությունը ժամանակն իզուր չէր վատնում՝ պատրաստելով օրենսդրական 30 նախաձեռնություն։ Ընդ որում, դրանց մի մասը վերաբերում է խորհրդային խնայբանկերում բնակչության կորած ավանդների վերադարձմանը։ Չմոռանանք, որ սա իշխող կոալիցիայի անդամ՝ «Օրինաց երկրի» նախընտրական ծրագրի կարմիր թելն էր, ինչը ժամանակին հանրապետականները համարեցին պոպուլիզմ... Հիմա պարզ է, որ կոալիցիան չի պաշտպանի ընդդիմության նախաձեռնությունը, ինքն էլ իր կողմից մոտ ժամանակներս հանդես չի գա համանման նախաձեռնությամբ», - նախանշում է «Առավոտ»-ը։ - «Այսպիսով, ակնհայտ է, որ ընդդիմության «պոպուլիստական» որակված նախագիծն աշնանային նստաշրջանում կտապալվի»։

Օրերս Ազգային ժողովի նախագահ նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարություն էր տարածել, որով քննադատում էր Հայաստանում առողջապահական հիմնարկների սեփականաշնորհման ընթացքը: Այս հարցով դիմելով Պետական գույքի կառավարման վարչության պետ Դավիթ Վարդանյանին, «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը արձանագրում է. - «Առողջապահական հաստատությունների մասնավորեցման ընթացքի շուրջ ԱԺ նախագահի եւ գործադիր մարմնի տեսակետները խիստ տարբեր են, եթե չասենք՝ հակադիր» Ըստ Վարդանյանի, Արթուր Բաղդասարյանը կոալիցիայի անդամ է, եւ նա միշտ էլ կարող է կոալիցիայի շրջանակներում հարցեր բարձրացնել: «Այնպես որ, ես այստեղ ոչ մի զարմանալի բան չեմ տեսնում», - ամփոփել է Վարդանյանը: «Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ հարցը բարձրացվել է ոչ թե կոալիցիայի շրջանակներում, այլ տարածվել է հայտարարություն, որով կոալիցիոն կառավարության գործունեությունը քննադատվել է նույն կոալիցիայից ԱԺ նախագահ դարձած գործչի կողմից: Այնպես որ, զարմանալի բան, այնուամենայնիվ, կա», - շեշտադրում է թղթակիցը:

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը «Հայոց Աշխարհ» թերթում ասում է. - «Միայն նախագահի նկատմամբ ինչպես դրացի, այնպես էլ հակառակորդ դաշտերից ձեւավորված կառավարությունը կարող է ճանաչվել կոալիցիոն՝ իրականում տարբեր ուժերից բաղկացած։ Ինչ վերաբերում է մեր իրականությանը, ապա այստեղ, ինչպես ավանդների վերադարձման կամ կրթական համակարգի օպտիմալացման ծրագրից հրաժարվելու մասին խոստումների դեպքերում, գործ ունենք քաղաքական բլեֆի հետ. մեզանում կոալիցիոն կառավարման մասին խոսակցությունները քաղաքագիտական որեւէ հիմք չունեն։ Որովհետեւ նույն տիրոջը ծառայող մարդկանցից կազմված կառավարությունը չի կարող համարվել կոալիցիոն միայն այն պատճառով, որ նրանում ընդգրկված դեմքերը կրում են տարբեր կուսակցական զինանշաններ»։ Հմայակ Հովհաննիսյանը նախանշում է. - «Եթե բնակչության կեսից ավելին կազմող բողոքավոր ընտրազանգվածն իր ընտրյալներով ներկայացված չէ թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր, թե՛ դատական իշխանության ղեկավար օղակներում եւ փաստորեն դուրս է դրվել լեգալ հասարակական-քաղաքական ճանապարհներով սեփական շահերը պաշտպանելու շրջանակից, ներքաղաքական ցնցումները եւ հեղափոխական զարգացումները դառնում են անխուսափելի»։

Հայաստանի հացամթերքների շուկայում տիրող գնային անկայունությունը նոր դրսեւորում է ստանում. մեկ-երկու օր առաջ ալյուրի գնի բարձրացմանը անմիջապես հաջորդեց հացի թանկացումը։ Հացի գինը երեկ բարձրացավ՝ մեկ կիլոգրամի հաշվով գրանցելով 10-20 դրամի աճ։ «Շուկան կարծես հայտնվել է նոր վերաբաշխումների շեմին, որի հետեւանքով դարձյալ բարձրանում են հացամթերքների գները», - դիտարկում է «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը՝ մանրամասնելով. - «Կարծես շուկայից դուրս է մղվում կամ իր գործունեությունը ժամանակավորապես, ի դեպ ոչ միայն այս ոլորտում, կասեցնում է հացահատիկի խոշոր ներկրողներից մեկը, որը 2001-2002 թվականներին ներկրումների ծավալով զբաղեցնում էր առաջին տեղը։ Խոսքը «Աստղացոլք» ընկերության մասին է»։

Անդրադառնալով լուրերին, թե ներկայումս պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Աստղացոլք» ընկերությունը, որ ցորենի ներկրմամբ է զբաղվում, դուրս է եկել այդ բիզնեսից եւ դրանով է պայմանավորված ալյուրի եւ հացի թանկացումը, վերջինիս պատգամավորական գրասենյակի պետ Դավիթ Օհանյանը «Առավոտ»-ի թղթակցին վստահեցրել է, որ դա իրականությանը չի համապատասխանում եւ «պատճառները միայն տեխնիկական են»: Օհանյանը միաժամանակ մտահոգիչ է համարել այն լուրերը, թե Ալեքսանյանը վաճառում է իր ունեցվածքն ու բիզնեսը եւ մտադիր է հեռանալ Հայաստանից: «Նա ծնվել, ապրել, աշխատել է այս երկրում եւ շարունակելու է մնալ ու աշխատել», - հուսադրել է նա: Գրասենյակի պետը նաեւ պնդում է, թե Սամվել Ալեքսանյանը որեւէ կապ չունի իր եւ նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի մերձավորների հայտնի արյունալի բախումների հետ:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG