Մատչելիության հղումներ

Հայաստանը դիտարկում է Իրաք զինվորական անձնակազմ ուղարկելու հարցը


Հայաստանի կառավարությունը, բարձրաստիճան զինվորականների փոխանցմամբ, դիտարկում է զինվորական բժիշկներ եւ սակրավորներ Իրաք ուղարկելու հարցը:

Վաշինգտոնում Հայաստանի դեսպանությունը, ինչպես հաղորդվում է, երկուշաբթի օրը հայտարարել է, որ պաշտոնական Երեւանը արդեն որոշում է կայացրել զինվորական բժիշկներ ու սակրավորներ ուղարկել Իրաք՝ օգնելու այս տարի ավելի վաղ Սադդամ Հուսսեյնի վարչակարգը տապալած Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի զինված ուժերին: «Որպես Միացյալ Նահանգների բարեկամ եւ դաշնակից, Հայաստանը հանձնառել է սատարել հետպատերազմյան Իրաքում ծավալվող գործողություններին», - դեսպանության հայտարարությունից մեջբերել է Ամերիկայի հայկական համագումարը:

Հայաստանի արտգործնախարարությունում հրաժարվեցին պաշտոնապես հաստատել այդ տեղեկատվությունը, իսկ նախագահի աշխատակազմի պաշտոնյաների հետ չհաջողվեց կապվել: Ըստ Հայաստանի զինված ուժերի շտաբի պետ Միքայել Հարությունյանի, վերջնական որոշումը դեռ չի ընդունվել:

«Մենք բանակցությունենր ենք վարում ամերիկյան կողմի հետ, եւ հարցը առայժմ չի լուծվել», - երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հարությունյանը՝ ավելացնելով, որ ոչ մարտական զինվորական անձնակազմ ուղարկելու գաղափարը գալիս է ամերիկյան կողմից եւ ներկայումս դիտարկվում է Հայաստանի «քաղաքական ղեկավարության» կողմից:

Միքայել Հարությունյանը, այդուհանդերձ, ակնարկեց, որ որոշումը, ամենայն հավանականությամբ, դրական կլինի: «Մենք դեմ չենք», - ասաց նա՝ պատասխանելով զինվորականների կարծիքին վերաբերող հարցին: - «Իսկ ինչո՞ւ ոչ: Մենք պատրաստ ենք օգնել Իրաքի ժողովրդին»:

Այս զարգացումներին նախորդել է անցած շաբաթ 150 ադրբեջանցի խաղաղարար զինվորների մեկնումը Իրաք: Ադրբեջանի խաղաղարարները առաջին մահմեդական անձնակազմն է Միացյալ Նահանգների առաջնորդությամբ Իրաքում գտնվող զորքերում, ուր կան 20 երկրների ներկայացուցիչներ: Պաշտոնական Բաքուն լռելյայն պաշտպանել է Միացյալ Նահանգների ռազմական կամպանիան Իրաքում:

Հայաստանը, մինչդեռ, դեմ էր միակողմանի ռազմական գործողությանը՝ առանց ՄԱԿ-ի համաձայնության: Ամեն դեպքում, Հայաստանի ղեկավարները ողջունել են Սադդամի վարչակարգի տապալումը եւ այժմ ասում են, որ այն ժամանակ մտահոգված էին իրաքահայերի ճակատագրով:

«Հայաստանի կառավարությունը Իրաքի ազատագրման գործողությունը չի դիտարկում որպես Հայաստանի ազգային շահերի համար վնասակար», - վերջերս Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային ուսումնասիրությունների կենտրոնում ասել է Միացյալ Նահանգներում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը: - «Իրաքում Միացյալ Նահագների կողմից առաջնորդված կամպանիային Հայաստանի բացահայտ աջակցությունը կարող էր ողբերգական արդրադարձ ունենալ Իրաքում ապրող մեր հայրենակիցների համար»:

Միքայել Հարությունյանի խոսքերով, Հայաստանը, ամենայն հավանականությամբ, Իրաք կուղարկի Միացյալ Նահանգների աջակցությամբ Էջմիածնում ստեղծված ականազերծման կենտրոնում պատրաստված սակրավորների:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG