Մատչելիության հղումներ

Տիգրան Նաղդալյանի սպանության մեջ մեղադրվող ամբաստանյալը հրաժարվում է նախաքննական ցուցմունքներից


Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության գործի դատավարության երեքշաբթի օրվա նիստում հանցագործության անմիջական կատարման մեջ մեղարդվող Լեռնային Ղարաբաղի բնակիչ Ջոն Հարությունյանը հրաժարվեց նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքներից:

Նաղդալյանը սպանվել էր անցած դեկտեմբերի 28-ին՝ ծնողների բնակարանից դուրս գալիս: Վազգեն եւ Արամ Սարգսյանների կրտսեր եղբայրը՝ գործարար Արմեն Սարգսյանը մեղադրվում է այդ սպանությունը 75 հազար դոլարով պատվիրելու մեջ:

Այսօրվա նիստում, միջնորդություններով դատարանի դահլիճից հեռացված ամբաստանյալներ Արմեն Սարգսյանի եւ Գեղամ Սարգսյանի բացակայությամբ, դատարանում ցուցմունքներ տվեց սպանությունը կատարելու մեղադրանքով ամբաստանվող Ջոն Հարությունյանը:

Նա նախ հայտարարեց, որ չի պնդում նախաքննական ցուցմունքները. դրանց մի մասն է միայն համապատասխանում իրականությանը: Նա հակիրճ պատմեց սպանության նախապատրաստական աշխատանքների մասին, ամբաստանյալ Արմեն Սարգսյանի քավոր Լյովա Հարությունյանի հետ իրենց պայմանավորվածությունների մասին, սպանությունը պատվիրելու դրդապատճառների մասին՝ թե իրեն ասել են, որ Տիգրան Նաղդալյանը «Հոկտեմբերի 27»-ի գործի կազմակերպիչ է, կեղծ փաստաթուղթ է տվել Նաիրի Հունանյանին, Սարգսյանների ընտանիքի դեմ հաղորդումներ է պատրաստել եւ այլն:

Շարունակելով՝ նա պատմեց, թե մոտ 10-15 օր հետեւել են Նաղդալյանին: Մի անգամ նույնիսկ անցել է Տիգրան Նաղդալյանի կողքով, բայց չի կարողացել կրակել: Ի վերջո, 2002 դեկտեմբերի 28-ին Զաքյան 8 շենքի մուտքում սպանել է Տիգրանին ու վերադարձել Ղարաբաղ:

Քանի որ ամբաստանյալի դատական եւ նախաքննական ցուցմունքներում հակասություններ ի հայտ եկան, մեղադրող կողմը միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքներից մի ամփոփ հատված: Միջնորդությունը բավարարվեց: Հրապարակված ցուցմունքում, դատարանում ասվածից բացի, Ջոն Հարությունյանն ասել էր, թե Տիգրան Նաղդալյանի սպանության պատվերը տվել են Վազգեն Սարգսյանի հարազատները: Իսկ երբ, մամուլից իմացել է, թե իբր իշխանություններն են պատվիրել սպանությունը, որոշել է պատմել իրականությունը:

Հրապարակումից անմիջապես հետո, սակայն, Ջոն Հարությունյանը հայտարարեց, թե այդ ցուցմունքն ինքը չի կարդացել եւ ստորագրել է առանց կարդալու: Ամբաստանյալ Ֆելիքս Առուստամյանն էլ ավելի ուշ հայտարարեց, թե նախաքննության ժամանակ ցուցմունքը ստորագրել է առանց կարդալու:

Արմեն Սարգսյանի շահերի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանը միջնորդեց ցուցադրել նախաքննության ընթացքում Ջոն Հարությունյանի հարցաքննության տեսագրությունը: Երկար քննարկումներից հետո հրապարակվեց տեսագրության արձանագրությունը, իսկ բուն տեսագրությունը որոշվեց ցուցադրել հաջորդ նիստին, որը կկայանա սեպտեմբերի 2-ին:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG