Մատչելիության հղումներ

«Պարզից էլ պարզ է, որ քննության բազմակողմանիությունը չի ապահովվում, եւ դատարանը պարզապես պատվեր է կատարում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունը բոյկոտելու մասին Դեմիրճյանների ընտանիքի որոշումը մեկնաբանելով, ասաց Ազգային ժողովի դահլիճում սպանված Կարեն Դեմիրճյանի որդին, ընդդիմադիր «Արադարություն» դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: - «Ակնհայտ է, որ պատվեր է, ակնհայտ է, թե որտեղից է այդ պատվերը: Մի խոսքով, մենք այդ խեղկատակությանը մասնակցելու որեւէ մտադրություն չունենք»:

Նրա խոսքերով, դատավարության առաջին իսկ օրվանից է տրվել այդ հրահանգը իշխանությունների կողմից. - «Առաջին օրերից ասվեց, որ այս հինգն են, այս հինգի հետեւում կանգնած ուժեր չկան, եւ դա պետք է հետեւողականորեն հաստատվի»:

Անցած շաբաթ Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդի շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Աշոտ Սարգսյանը դատարանի դահլիճում հայտարարեց, որ Դեմիրճյանների ընտանիքը որոշել է բոյկոտել դատավարությունը: Դրան նախորդած նիստում դատարանը բավարարել էր մեղադրող կողմի միջնորդությունը եւ որոշել էր դադարեցնել վկաների հարցաքննությունը (130-ից ավելի վկաներից, մինչդեռ, դատարանում ցուցմունքներ տվել էին միայն 28-ը):

«Պարզապես ծիծաղելի է, երբ ասում են, թե վկաներին կանչել պետք չէ, դրանից օգուտ չկա: Իսկ ինչ է՝ վնաս կա՞», - տարակուսեց Ստեփան Դեմիրճյանը՝ պնդելով, որ բազմակողմանի քննությունն ապահովելու համար իրենք պարտադիր են համարում բոլոր վկաների դատարան ներկայանալը: Նրա խոսքերով, մեղադրող կողմի դիրքորոշումը, թե բոլոր վկաներին հարցաքննելու կարիք չկա, վկայում է, որ նրանց «այլեւս չի հետաքրքրում բազմակողմանի քննությունը»:

«Հասել են նրան, որ արդեն ասում են, թե ամեն բան պարզ է, արդեն բավականաչափ վկայություններ կան, փաստեր կան, որոնք ապացուցում են, որ այդ հինգ մարդասպաններն են», - շարունակեց Դեմիրճյանը: - «Դա պարզ էր հենց հանցագործության առաջին օրը: Էլ ինչի՞ համար էր այս դատավարությունը»:

«Հոկտեմբերի 27»-ի դատավարության ընթացքը, նրա խոսքերով, վրդովմունք է առաջացնում, եւ ամբողջ պատասխանատվությունն ընկնում է իշխանությունների ուսերին:

«Ամբողջ պատասխանատվութունը ընկնում է այն մարդկանց վրա, ովքեր պատվերներ են իջեցնում եւ այն մարդկանց վրա, ովքեր այդ պատվերները կատարում են», - ասաց Դեմիրճյանը:

Պատասխանելով հարցին, թե հնարավոր է, որ դատաքննությունը բոյկոտելու մասին որոշումը վերանայվի, Դեմիրճյանը ասաց, թե որոշումը կարելի է վերջնական համարել, թեեւ ավելացրեց. - «Կապրենք, կտեսնենք»:


Ստեփան Դեմիրճյանը հերքեց, թե դատավարության բոյկոտին Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի չմիանալը իրենց միջեւ տարաձայնության վկայություն է: Նույնն ասաց նաեւ Վազգեն Սարգսյանի երկբայրը՝ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը:

Վերջինիս խոսքերով, տուժողներից յուրաքանչյուրի իրավահաջորդի մասնավոր իրավունքն է՝ իր փաստաբանի հետ որոշել տվյալ պահին դատավարությանը մասնակցելու հարցը:

«Ես չեմ գտնում, որ դա պետք է խորհրդակցվեր կամ քննարկվեր «Արդարություն» դաշինքում ու նոր որոշում ընդունվեր», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արամ Սարգսյանը՝ միաժամանակ «տեղին ու ժամանակին» որակելով Դեմիրճյանների որոշումը:

Հիմնավորելով, թե իրենք ինչու են շարունակում մասնակցել դատավարությանը, Արամ Սարգսյանը ասաց. - «Խնդիրը բացարձակապես այն չէ, որ ես կամ «Հանրապետություն» կուսակցությունը դատարանից սպասում է արդար դատավճիռ կամ իրականության բացահայտում: Խնդիրն այն է, որ մենք հակված ենք դատարանին ստիպել գնալու արդարության»:

«Մենք պիտի ստիպենք, որ դատարանը արդար լինի», - շարունակեց նախկին վարչապետը, - «որովհետեւ, իմ խորին համոզմամբ, իշխանությունները դատարանին ստիպում են, որպեսզի նա արդար չլինի: Հետեւաբար ես հակված եմ կռիվ տալու մինչեւ վերջ»:

Արամ Սարգսյանը կրկին բարձրաձայնեց իր համոզմունքը, որ բոլոր վկաները եւ հարցաքննված բոլոր անձինք պետք է ցուցմունքներ տան դատարանում:

Մեղադրող կողմն ու դատավոր Սամվել Ուզունյանը, սակայն, պնդում են, որ դատաքննությունը առաջադրված մեղադրանքի սահմաններից դուրս չի գալու, եւ եթե հնարավոր կազմակերպիչների, պատվիրատուների մասով կասկածներ կան, ապա հենց դրա համար էլ գործից անջատված մաս կա: Արամ Սարգսյանը կտրականապես չի կիսում այդ մոտեցումը: Նրա խոսքերով, դատաքննական փուլում գործը չի կարող իմաստ ստանալ, եթե անջատված մասը կցված չէ գործին:

«Անջատված մասը պիտի գա դատարան», - շարունակեց նա: - «Թող դատախազությունը գա եւ ասի, որ անջատված մասով հետազոտել են եւ կազմակերպիչներ չկան... Իսկ եթե դեռ որոշված չէ կազմակերպիչներ կան թե չկան, այդ դեպքում այս գործը պետք է հետ ուղարկվի լրացուցիչ քննության»:

«Հոկտեմբերի 27»-ը, Արամ Սարգսյանի համոզմամբ, պիտի քննվի մեկ գործով. - «Այն, ինչ հիմա կատարվում է, դա օրենքի կոպիտ խախտում է»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG