Մատչելիության հղումներ

logo-print

Ստեփանակերտ են այցելում ռազմագերի եւ անհայտ կորած ադրբեջանցիների հարազատները


Միջեկեղեցական խաղաղության խորհրդի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ շաբաթ օրը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ են ժամանել ղարաբաղյան պատերազմի ընթացքում գերի ընկած կամ անհայտ կորած զինվորների հարազատներ Հայաստանից, Ադրբեջանից եւ Վրաստանից:

Միջեկեղեցական խաղաղության խորհրդին անդամակցող «Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանը, «օգտակար եւ կարեւոր» համարելով նման հանդիպումները, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ սա առաջին դեպքն է, երբ միմյանց հետ «լայն շրջանակով փոխգործողության եզրեր են փնտրում ոչ միայն հայ եւ ադրբեջանցի տուժածների հարազատները, այլեւ ներկայացուցիչներ Վրաստանից»: Յուրօրինական միջնորդական առաքելությամբ Ստեփանակերտ է եկել վրացի անկախ լրագրող Իրակլի Չխեիձեն:

Ադրբեջանից Ստեփանակերտ են ժամանել 5 հոգի: Բաքվում գործող Անհայտ կորածների հարազատների եւ մերձավորների ընկերության ղեկավար Թամարա Այիբովան «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իրենք «մեծ հույսերով» են եկել Լեռնային Ղարաբաղ:

«Մենք նպատակ ունենք համատեղ փորձել գտնել մեր հարազատներին», - ասաց նա: - «Մեր վիճակագրական տվյալներով, հայկական կողմում կա 780 ադրբեջանցի ռազմագերի եւ անհայտ կորած»:

Ղարաբաղյան կողմի տվյալներով, Ադրբեջանում նույն կարգավիճակով պահվում են շուրջ 680 արցախցի, եւ որեւէ տեղեկություն չկա նրանց մեծամասնության գտնվելու վայրի կամ վիճակի մասին:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Գերիների եւ անհայտ կորածների հանրապետական կոմիտերի նախագահ Վիլեն Քոչարյանը, օգտագործվելու են առկա բոլոր հնարավորությունները մեր զինվորներին հետ բերելու համար: Քոչարյանի խոսքերով, իրենք պատրաստ են նաեւ այդ հարցում օգնել ադրբեջանական կողմին:

Վիլեն Քոչարյանը փոխանցեց նաեւ, որ ներկա այցի ընթացքում հազիվ թե գործնական որեւէ հարց լուծվի. - «Առայժմ պետք է աշխատանքային սերտ կապեր հաստատել»:


Հրանտ Ալեքսանյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG