Մատչելիության հղումներ

Կառավարությունը սահմանել է առաջիկա երեք տարիներին պետական ծախսերի գերակա ուղղությունները


Օրերս կառավարությունը հաստատեց 2004-2006 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որով սահմանվում են առաջիկա երեք տարիներին պետական ծախսերի գերակա ուղղությունները։

Պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի մշակման պատասխանատուները հավաստիացնում են, որ դրա առկայությունը ավելի իրատեսական ու առավել հուսալի կդարձնի առաջիկա տարիներից յուրաքանչյուրի բյուջեի կազմումը: Միեւնույն ժամանակ, ավելի իրական կդառնան այն պետական ծրագրերը, որոնք ոչ թե մեկ, այլ մի քանի տարվա ընդգրկում ունեն։

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանի հավաստմամբ, ծրագիրը առաջիկա երեք տարիներին թե պետական եկամուտների եւ թե ծախսերի շոշափելի աճ է նախատեսում։ Ծրագրվում է առաջիկա երեք տարիներից յուրաքանչյուրում հարկային եկամուտները ավելացնել 30 միլիարդ դրամով:

Հարկային եկամուտների ավելացումը պայմանավորված կլինի 6 տոկուս տնտեսական աճով, ինչպես նաեւ հարկային վարչարարության բարելավմամբ։ Ծրագրի համաձայն 2006 թվականին հարկային եկամուտները պետք է կազմեն երկրի համախառն ներքին արդյունքի 16,2 տոկոսը այս տարվա բյուջեով ծրագրված 15 տոկոսի դիմաց։

Ըստ հաստատված ծրագրի, առաջիկա երեք տարիներին պետական ծախսերը կավելանան մոտ 20 տոկոսով՝ այս տարվա պետական բյուջեով նախատեսված 334 միլիարդ դրամից հասնելով մոտ 390 միլիարդ դրամի։ Միեւնույն ժամանակ, պետական ծախսերի կառուցվածքում տեղի կունեն լուրջ տեղաշարժեր հոգուտ սոցիալական, կրթական եւ մշակութային ոլորտների։ Պետական ընդհանուր ծախսերի կառուցվածքում սոցիալ մշակութային ծախսերի բաժինը ներկայիս 30 տոկոսից կհասնի 39 տոկոսի։

Մասնավորապես, կրթության բնագավառի ծախսերը, որոնք ներկայումս կազմում են պետական բյուջեի ծախսերի 9,5 տոկոսը, ամեն տարի աճելով 2,5 տոկոսով, 2006 թվականին կկազմեն պետական ծախսերի առնվազն 14 տոկոսը։ Սոցիալական ապահովության ծախսերը ներկայիս 9 տոկոսից կհասնեն մինչեւ պետական ծախսերի 12,5 տոկոսին։ Այս ծրագրերի հաշվին առաջիկա տարիներին կրկնապատկվեն կենսաթոշակները, կեռապատկվեն ուսուցիչների աշխատավարձերը, ընտանեկան նպաստները կհավասարվեն նվազագույն պարենային զամբյուղի արժեքին։

Առաջիկա տարիներին որոշ չափով կավելան նաեւ պետական կառավարման, ինչպես նաեւ համայնքային կառավարման մարմիններին հատկացվող գումարները։ Մոտ 50 տոկոսով կավելանան առողջապահության բնագավառի հատկացումները. ներկայիս 20 միլիարդ դրամի փոխարեն 2006 թվականին կհատկացվի 35 միլիարդ դրամ։

Փոխարենը նախատեսվում է էապես կրճատել պետական բյուջեից տնտեսության ճյուղերի՝ մասնավորապես, էներգետիկայի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների վրա արվող ծախսերը։ Տնտեսությանն ուղղվող ծախսերը կկրճատվեն 10 տոկոսով։

Ինչ վերաբերում է պաշտպանության, ազգային անվտանգության, եւ հասարակական կարգի պահպանության ծախսերին, ապա, ըստ փաստաթղթի, առաջիկա երեք տարիներին դրանց բաժինը պետական ծախսերի մեջ շոշափելի փոփոխություն չի կրի։

Կառավարությունը ծրագրում է առաջիկա տարիներին պետական ծախսերն ավելացնել արտաքին դոնորների ֆինանսական օժանդակության զգալի կրճատման պայմաններում։ Ըստ միջնաժամկետ ծախսերի ծրագրի, երկրի արտաքին ֆինանսավորումը արդեն հաջորդ տարի այս տարվա 130 միլիարդ դրամից կնվազի մինչեւ 80 միլիարդ դրամ, ու այդ ծավալը կպահպանվի մինչեւ 2006 թվականը: Եվ եթե արտաքին վարկերի եւ դրամաշնորհների հաշվին այս տարի պետությունը ֆինանսավորում է պետական ծախսերի մոտ 39 տոկոսը, ապա արդեն 2006 թվականին հնարավոր կլինի արտաքին օժանդակության հաշվին ֆինանսավորել պետական ծախսերի ընդամենը 19,5 տոկոսը։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG