Մատչելիության հղումներ

Աղվան Վարդանյան. «Համակարգը առավելագույնս հասցեական պիտի դառնա»


Կառավարության նիստերի դահլիճում Հայաստանի սոցիալական ապահովության նախարար Աղվան Վարդանյանը այսօր աշխատանքային խորհրդակցության էր հրավիրել իր ենթակա սոցիալական ծառայությունների ղեկավարներին։

Նախարարության կենտրոնական ապարատից եւ 42 տարածքային գործակալություններից բաղկացած այս համակարգն ավելի քան 700 աշխատակիցներ ունի, որոնք զբաղված են բնակչության ամենակարիքավոր շերտերի՝ ծերերի, հաշմանդամների եւ սոցիալապես անապահով ընտանիքների հոգսերով։ Ընդհանուր առմամբ շուրջ 700 հազար մարդ է օգտվում սոցիալական համակարգի ծառայություններից։

Խորհրդակցության ընթացքում նախարարը խնդիրներ դրեց սոցիալական ոլորտի պատասխանատուների առջեւ, որոնք բխում են սոցիալական ոլորտի նկատմամբ կառավարության նոր ծրագրային մոտեցումներից: Օրերս ընդունված Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը սոցիալական ոլորտը, մասնավորապես, սոցիալական ապահովությունը սահմանել է իբրեւ գերակա ուղղություն, որին հատկացվող պետական ռեսուրսները, ինչպեսեւ կրթության եւ առողջապահության ոլորտներում՝ արդեն առաջիկա տարիներին կտրուկ աճելու են։

Հաջորդ տարվա պետական բյուջեում ընտանեկան նպաստներին հատկացվող գումարը կավելանա մոտ 4 միլիարդ դրամով: Ըստ Աղվան Վարդանյանի, սակայն, այդ գումարները իրենց նպատակին կծառայեն, եթե հաջողվի օգնությունը իսկապես հասցնել նրանց,ովքեր դրա կարիքն իրոք ունեն։

«Կարծում եմ, ոչ մեկի համար գաղտնիք ասած չեմ լինի, որ այս ոլորտում եւս չարաշահումների, խախտումների, կոռուպցիայի որոշ դրսեւորումներ կան», - ասաց Աղվան Վարդանյանը: - «Նախարարությունը իրենից կախյալ ամեն ինչ անելու է, որպեսզի այս համակարգը առավելագույնս հասցեական դառնա... Ամեն ինչ անելու ենք, որ թերացողները հստակ իմանան, որ սա այն ոլորտն է, երբ կոնկրետ մարդու հետ գործ ունեն: Գործ ունեն ամենաաղքատ, ամենաանպաշտպան խավի հետ, եւ չեն կարող այստեղ անարդարությունները աչք ծակող լինել»:

2001 թվականին անցկացրած տնային տնտեսությունների հետազոտության արդյունքներով, բնակչության աղքատ 40 տոկոսը ստացել է ընտանեկան նպաստների 55, 3 տոկոսը, իսկ բնակչության ամենաաղքատ 10 տոկոսը ստացել է ընտանեկան նպաստների ընդամենը 6,5 տոկոսը։ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիր նախատեսում է ընտանեկան նպաստների գերակշիռ մասը վերաուղղել հենց այս վերջին՝ ամենաաղքատ շերտի կենսական կարիքների բավարարմանը. Նախատեսվում է մինչեւ 2007 թվականը բնակչության ամենաաղքատ 10 տոկոսին տրվող պետական օգնության ընդհանուր գումարը հասցնել ընտանեկան նպաստներին հատկացվող գումարի առնվազն 40 տոկոսին, ու այդ մակարդակը պահպանել մինչեւ 2015 թվականը։

Ընթացիկ եւ հետագա երկու տարիներին՝ ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների թիվը նույնն է լինելու՝ մոտավորապես 139 հազար, 2006 թվականին այն կնվազեցվի մինչեւ 132 հազար։ Իսկ մինչեւ 2015 թվականը նպաստառու ընտանիքների թիվը կիջնի մինչեւ 42 հազարի։

Ինչ վերաբերում է ընտանեկան նպաստի միջին չափին, ապա ամեն տարի այն 3-4 հազար դրամ ավելանալով մինչեւ 2006 թվականը, ներկայիս 7600 դրամի համեմատ, կկրկնապատկվի՝ հասնելով շուրջ 15700 դրամի։ Իսկ մինչեւ 2015 թվականը մեկ աղքատ ընտանիքին տրվող նպաստի չափը կանխատեսված է 38 հազար դրամից քիչ ավելի։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG