Մատչելիության հղումներ

Դատախազությունը հետաքննում է երեխաների որդեգրման ոլորտում կոռուպցիային վերաբերող հրապարակված նյութերը


Ինչպես հայտնի է դարձել ուրբաթ օրը, Հայաստանի գլխավոր դատախազությունը հետաքննում է «Ազատություն» ռադիոկայանի ինտերնետային էջի՝ անցած հունիսի հրապարակումներից մեկում բերված նյութերը, որոնք ի ցույց են դնում օտարերկրացիների կողմից հայ երեխաների որդեգրման ոլորտում կառավարական պաշտոնյաների կոռումպացվածությունը:

«Ազատություն» ռադիոկայանի ինտերնետային էջում հունիսի 23-ին հրապարակված նյութում ենթադրվում էր, որ որդեգրման ընթացքում հազարավոր դոլարներ են շրջանառվում, պարզ ասած՝ կաշառքներ, որ որդեգրող ծնողներն եւ նրանց միջնորդները տալիս են որդեգրման ընթացակարգը ղեկավարող պաշտոնյաներին:

Դատախազության պաշտոնյաներից մեկը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ գլխավոր դատախազ Արամ Թամազյանը հրահանգել է ուսումնասիրել հարցը եւ զեկուցել իրեն: Պաշտոնյան ասաց նաեւ, որ հրահանգին նախորդել է հրապարակմամբ անհանգստացած սոցիալական ապահովության նախարար Աղվան Վարդանյանի նամակը Արամ Թամազյանին:

Դեռեւս, իհարկե, դժվար է ասել, թե նախնական հետաքննությունը կհանգեցնի քրեական գործի հարուցման: Ակնկալվում է, որ դատախազության ներկայացուցիչները կհարցաքննեն որդերգրման գործընթացում ներգրավված կառավարության որոշ պաշտոնյաների:

«Ազատություն» ռադիոկայանի ինտերնետային էջի հրապարակումը հիմնված էր Լեռնային Ղարաբաղում ապրող ամերիկահայ Արա Մանուկյանի կողմից հավաքված տեղեկատվության վրա: Ներկայանալով որպես հայ երեխա որդեգրելու ցանկություն ունեցող ամերիկուհի, նա էլեկտրոնային նամակագրության մեջ է մտել հարցին քաջատեղյակ ամերիկացիների հետ: Վերջիններս նրան ասել էին, թե ամբողջ գործընթացի համար հարկավոր է 9000-13000 դոլար՝ յուրաքանչյուր երեխայի համար: Այդ գումարի մեծ մասը, նրանց խոսքերով, ծախսվում է համապատասխան պաշտոնյաներին «նվերներ» անելու վրա: Գրեթե բոլորը գործել են երեւանաբնակ միջնորդների միջոցով:

Օտարերկրացիների կողմից հայ երեխա որդեգրելու գործընթացը Հայաստանում տեւում է սովորաբար 4-6 ամիս եւ պահանջում է կառավարության մի շարք մարմինների դրական որոշումներ: Դրանցից ամենակարեւորը կառավարական հատուկ հանձնաժողովն է, որի կազմում են բարձրաստիճան պաշտոնյաներ (այդ թվում արդարադատության, կրթության եւ գիտության, առողջապահության եւ սոցիալական ապահովության նախարարները):

Որդեգրման հարցերով կառավարական հանձնաժողովի քարտուղար Արամ Կարապետյանը հունիսին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կտրականապես հերքել էր, թե կառավարության որեւէ պաշտոնյա կարող է կաշառք վերցնել որդեգրման որոշումը հաստատելու համար:

Օտարերկրացիների կողմից հայ երեխաների որդեգրման մասին վերջնական որոշումն ընդունվում է կառավարության նիստում: Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում, ըստ պաշտոնյաների, այդպիսի 30 որոշում է ընդունվել:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG