Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հոկտեմբերի 27»-ի գործով դատաքննության ընթացքում Դեմիրճյանների շահերի պաշտպան Աշոտ Սարգսյանը երեկ դատարանի դահլիճում հանդես է եկել հայտարարությամբ եւ տեղեկացրել, որ այլեւս չի մասնակցելու դատավարությանը: Այս առումով Ստեփան Դեմիրճյանը «Հայկական ժամանակ» թերթին ասել է. - «Այլեւս անիմաստ է այդ դատական ֆարսին մասնակցելը»:

Թերթը փոխանցել է նաեւ, թե ինչպես են «Հանրապետություն» կուսակցությունում գնահատում իրենց դաշնակցի նման որոշումը: Կուսակցության լրատվական ծառայության ղեկավար Սուրեն Սուրենյանցը ասել է, որ իրենք այդ հարցին կանդրադառնան Հայաստանի ժողովրդական կուսակցության պաշտոնական հայտարարությունից հետո միայն:

Նույն թերթը նույն էջում փոխանցում է նաեւ, թե լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ռոբերտ Քոչարյանը իրավապահների համար «վերջնաժամկետ է սահմանել Նուբարաշենում տեղի ունեցած հայտնի դեպքի մեղավորներին հայտնաբերելու համար»: Ըստ այդմ՝ բոլոր հետախուզվողները պետք է ձերբակալվեն մինչեւ սեպտեմբերի 1-ը: Թերթի տեղեկություններով, մի քանի օպերատիվ խմբեր են մեկնել արտերկիր՝ հետախուզվողներին հայտնաբերելու նպատակով: Այդ ուղղությումբ աշխատանքներ են տարվում նաեւ Հայաստանում:

«Հայկական ժամանակ»-ը նախորդ օրվա իր համարում փոխանցում է արդեն մեկ այլ տեղեկատվություն, որում խոսվում է Ազգային ժողովի պատգամավորների պատժվելու հնարավորության մասին: «Դեռեւս նախորդ ամսին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) որոշել էր թվով 140 Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուների վարչական պատասխանատվության ենթարկելու համար դիմել դատարաններ: Մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցած շուրջ 260 պատգամավորության թեկնածուներից իրենց նախընտրական հիմնադրամներում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրեր էին ներկայացրել միայն 120-ը», - գրում է թերթը: - «ԿԸՀ հերթական նիստերից մեկում պարզվեց, որ հաշվետվություն չներկայացրած թեկնածուների մեջ կան նաեւ ԱԺ մանդատ ստացած թվով 7 պատգամավորության թեկնածուներ՝ Արմեն Դանիելյան, Գեւորգ Հակոբյան, Խաչիկ Մանուկյան, Մեխակ Մխիթարյան, Նահապետ Գեւորգյան, Հովիկ Ազոյան եւ Հակոբ Հակոբյան (Ճոյտ): Սահմանադրությամբ պատգամավորներին, հետեւաբար՝ նաեւ վերը նշված անձանց, դատական կարգով կարելի է վարչական պատասխանատվության կանչել միայն ԱԺ համաձայնությամբ: Ի դեպ, ՀՀ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքով նման խախտման համար ընդամենը նախատեսված է նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 200-ապատիկ տուգանք, այսինքն՝ 100 հազարից մինչեւ 200 հազար դրամ»:

«Իրավունք»-ի այսօրվա համարը անդրադառնում է ընտրական գործընթացի մեկ այլ կողմին. - «Եվրոպական դիտորդները պահանջում են կենտրոնական ընտրական հանձնաժողովից թեկնածուների գրանցման վերաբերյալ հստակ, մանրամասն կարգը հրապարակել դեռեւս մինչեւ թեկնածուների առաջադրման փուլը, օրենսդրորեն եւ ԿԸՀ որոշումներով արգելել վստահված անձանց նկատմամբ տեղաշարժերի եւ վերահսկողության սահմանափակումները, անգամ ընտրողների մատներին հատուկ անտեսանելի ներկ քսել, որպեսզի բացառվի մեկ անձի կողմից բազմակի քվեարկությունը: Բնականաբար», - շարունակում է թերթը, - «այդպիսի փոփոխությունները ոչ մի կերպ չեն կարող ձեռնտու լինել օլիգարխիկ կլաններին, քանզի այդ դեպքում վերջիններս հարկադրված կլինեն հսկայական ծախսեր անել խորհրդարանում լոբբինգ իրականացնելու համար, փոխանակ էժան գնով ընտրակեղծիքների եւ ընտրակաշառքի միջոցով անձամբ պատգամավոր դառնալու»:

«Իրավունք»-ը նշում է, թե «եվրոպական քաղաքական կառույցները քիչ էին, հիմա էլ արեւմտյան ֆինանսատնտեսական կառույցները՝ ի դեմս Միջազգային արժութային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի, ՀՀ իշխանություններից պահանջում են կտրուկ բարելավել հարկային վարչարարությունը, կրճատել ստվերը եւ ստեղծել բոլորի համար հավասար հարկային եւ տնտեսական խաղի կանոններ: Դրանից է կախված հերթական վարկերի տրամադրումը»: «Այսպիսով, ե'ւ քաղաքական, ե'ւ տնտեսական առումով ՀՀ իշխող վերնախավը հայտնվել է եվրոպական մուրճի եւ օլիգարխիկ սալի միջեւ, քանզի եվրոպացիների եւ օլիգարխների պահանջները տրամագծորեն հակառակ տրամաբանություն ունեն, եւ գրեթե անհնարին է երկար ժամանակ պահպանել այնպիսի վիճակ, որպեսզի գոհ լինեն երկուսն էլ», - ամփոփում է «Իրավունք»-ը:

Թեման շարունակություն է գտել «Գոլոս Արմենիի»-ում: Թերթը ծանուցում է, թե հարկային մարմինները ստուգումներ են սկսել Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկատող «Աստղացոլք» ընկերությունում, որը գրեթե մենաշնորհային դիրք ունի ցորենի, շաքարավազի եւ էթիլային սպիրտի հայաստանյան շուկայում: «Գոլոս Արմենիի»-ին հավանություն է տալիս նմանօրինակ քայլերին՝ եթե նույնիսկ դա արվում է հերթական տրանշը ստանալու համար: «Երիտասարդ օլիգարխը, եթե ոչ այսօր, ապա վաղը պետք է զրկվի բացարձակ մենաշնորհներից, որովհետեւ այդպիսին է տնտեսական զարգացման տրամաբանությունը:

Հետընտրական տրամաբանությամբ էլ «Հայկական ժամանակ»-ը ծանուցում է, թե Ազգային ժողովին մոտ կանգնած աղբյուրները թերթին տեղեկացրել են, որ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը արդեն ստանում է բազմաթիվ նամակներ, որոնց բովանդակությունը շատ կարճ կարելի է ձեւակերպել այսպես. «Վերադարձրեք մեր ավանդները»: Նման նամակներին տրվում են, թերթի ձեւակերպմամբ՝ ցրողական պատասխաններ:

Քաղաքագիտ Հմայակ Հովհաննիսյանը «Հայկական ժամանակ»-ին երեկ ասել է. - «Այսօր հերթական շանսն է տրված՝ իրար միավորել քաղաքական դաշտի երկու դոմինանտ ընդդիմադիր ուժերին՝ «Արդարություն» դաշինքին ու «Ազգային միաբանությանը», եւ միավորման այդ առաքելությունը ես պատրաստ եմ վերցնել ինձ վրա: Եւ այսօր ցանկացած ուժ, որը իր հայտարարություններով կամ գործելակերպով կփորձի վտանգել ու խանգարել այդ ուժերի միավորմանը, կնշանակի՝ այդ ուժը հստակ գործում է իշխանությունների պատվերով եւ խաղում է իշխանությունների դաշտում»: «Արդարություն» դաշինքում, ի տարբերություն գեղամյանականների ոգեւորության, իրենց երբեմնի դաշնակից «Ազգային միաբանության» նկատմամբ գերիշխում է կորսված հավատը: «Արդարություն» դաշինքում վստահ չեն, որ եթե իշխանությունները հերթական անգամ որոշեն եղամյանին գայթակղել որեւէ պաշտոնի ուրվականով, ապա վերջինս կդիմանա այդ գայթակղությանը», - գրում է «Հայկական ժամանակ»-ը:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG