Մատչելիության հղումներ

Կառավարությունը եկեղեցու հետ համաձայնության է գալիս անհատական սոցիալական համարանիշերի ներդրման հարցում


Կառավարությունը հինգշաբթի օրը «Անհատական ծածկագրերի մասին» օրենքը վերանվանելով «Սոցիալական ապահովության քարտերի մասին» օրենքի, դրա նախագիծն ուղարկեց Ազգային ժողովի հաստատմանը։

Նիստից հետո սոցիալական ապահովության նախարար Աղվան Վարդանյանը լրագրողներին հավաստիացրեց, թե հարթվել են եկեղեցու եւ պետության միջեւ անհատական համարանիշերի ներդրման հետ կապված բոլոր տարակարծությունները:

«Սա թերեւս վերջին շրջանում պետության եւ եկեղեցու միջեւ համագործակցությամբ, փոխըմբռնմամբ հարցերը լուծելու եզակի օրինակներից մեկն է», - ասաց Աղվան Վարդանյանը՝ տեղեկացնելով նաեւ, որ եկեղեցու ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել այդ համագործակցությունը:

Հայ առաքելական եկեղեցին կրոնադավանաբանական նկատառումներով առարկում էր ծնված օրից անձին անհատական համար շնորհելու, անհատական ծածկագրերի ներդրումն իրականացնող «Նեմրութ» տեղեկատվական կենտրոնի անվանման ու մի շարք այլ խնդիրների առնչությամբ։ Բանակցությունների արդյունքում պետությունն ընդառաջ է գնացել եկեղեցու գրեթե բոլոր պահանջներին. անհատական ծածկագրերի փոխարեն լինելու են սոցիալական քարտեր, «Նեմրութ» կենտրոնը վերանվանվել է եւ այսուհետ կոչվելու է «Նորք»։

«Համարը, նիշը կունենա ոչ թե մարդը, անհատը, քաղաքացին, այլ քարտը», - ասաց Վարդանյանը: - «Քարտի համարը կլինի եզակի եւ անփոփոխելի»:

Նախարարը ավելացրեց, որ պետությունը ընդառաջ է գնացել եկեղեցու այն պահանջին, որպեսզի նույնիսկ անհատական քարտեր ներդնելու դեպքում դրանցում չլինի «666» համարը, որը, ըստ կրոնական մեկնաբանման, սատանայական խորհուրդ ունի։

Եկեղեցին ու հատկապես Հայաստանում խոր արմատներ ձգած ու արմատակալած բազմագույն աղանդավորությունը պահանջում էին նաեւ անհատական ծածկագրերի ներդրումը օրենքով չպարտադրել համատարած բոլորին, այլ սահմանել կամավոր հիմունքներով։ Այս պահանջին, սակայն, պետությունը դեմ է:

«Սա պետական ծրագիր է եւ 2004 թվականի հուլիսի 1-ից, իհարկե, լինելու է պարտադիր», - ասաց սոցապ նախարարը՝ ավելացնելով, որ անհատական սոցիալական համարանիշերի պարտադիր լինելը պայմանավորված է ստվերային տնտեսությունը կրճատելու անհրաժեշտությամբ:

Որոշ մեկնաբաններ անհատական ծածկագրերի համակարգի ներդրման շուրջ բարձրացված աղմուկի հետեւում տեսնում են ահռելի ստվերային եկամուտներ ունեցող գործարար կառույցների, ինչպես նաեւ աղանդավորական կազմակերպություններին ֆինանսավորող արտասահմանյան կազմակերպությունների անառողջ շահագրգռություններ: Համակարգի ներդրումից հետո արդեն դժվար կլինի ֆինանսական հոսքերն ու անհատական հաշիվները փակ, անհայտ ու անհասանելի պահել հարկային ու սոցիալական ապահովագրության մարմինների համար։

Աղվան Վարդանյանի հավաստմամբ, սոցիալական ապահովագրության քարտերի ներդրումը էապես կբարդացնի ստվերային եկամուտների առաջացումը։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG