Մատչելիության հղումներ

Ըստ Եվրոպայի խորհրդի՝ հինգշաբթի օրը տարածած հաղորդագրության, օգոստոսի 20-24-ը Հայաստան կժամանի կազմակերպության փաստահավաք առաքելությունը՝ գնահատելու Եվրախորհրդին անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը:

«Երժի Յասկիեռնիան (Լեհաստան, ԵԽ ԽՎ Սոցիալիստական խումբ) եւ Ռենե Անդրեն (Ֆրանսիա, Եվրոպական ժողովուրդների կուսակցության խումբ)՝ Հայաստանի մոնիտորինգի համար պատասխանատու Խորհրդարանական Վեհաժողովի համազեկուցողները, սույն թվականի օգոստոսի 20-ից 24-ը փաստերի բացահայտման այցով Երեւան կժամանեն` գնահատելու 2001թ. Եվրոպայի Խորհրդին միանալիս Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը», - ասված է հաղորդագրության մեջ: - «Նրանք հանդիպումներ կունենան նախագահ Քոչարյանի եւ կառավարության ղեկավար անդամների, ինչպես նաեւ Ազգային Ժողովի պատգամավորների հետ: Հանդիպումներ կլինեն նաեւ հասարակական կազմակերպությունների, կրոնական համայնքների, ազգային փոքրամասնությունների եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ»:

Այցը նախորդելու է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին, ուր շարունակվելու են Հայաստանի իշխանությունների անցկացրած եււ միջազգային դիտորդների (այդ թվում Եվրախորհրդի դիտորդական առաքելության) կողմից լայնածավալ ընտրախախտումների համար քննադատված համապետական ընտրությունների քննարկումները: Հունիսին կայացած ամառային նստաշրջանում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը արդեն անդրադարձել է հարցին՝ սպառնալով չվավերացնել վեհաժողովում Հայաստանի պատվիրակության մանդատը՝ «հաշվի առնելով ընտրախախտումների ծավալն ու լրջությունը»: Առաջարկվել էր նաեւ Հայաստանը թողնել մոնիտորինգի ռեժիմում՝ անգամ Եվրախորհրդին անդամակցությամբ ստանձնած բոլոր պարտավորությունների կատարումից հետո:

Հայաստանի իշխանությունները փորձում են կանխել Եվրախորհրդի կողմից պատժամիջոցների կիրառումը՝ խոստանալով բարեփոխել Ընտրական օրենսգիրքը՝ համագործակցելով հիմնական ընդդիմադիր ուժերի հետ:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG