Մատչելիության հղումներ

Հայկոմկուսի նորընտիր ղեկավարը պնդում է, որ կուսակցությունը դառնալու է «արմատական ընդդիմություն»


Անցած կիրակի Հայաստանի կոմունիստական կուսակցության պլենումում կուսակցության նոր ղեկավար ընտրված Ռուբեն Թովմասյանը ՀԿԿ-ն տեսնում է որպես արմատական ընդդիմություն: Ավելին՝ նրա համոզմամբ, կոմունիստական կուսակցությունն է ղեկավարելու ողջ ընդդիմադիր դաշտը:

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը անցած ընտրություններում չկարողացավ հաղթահարել Ազգային ժողովում ներկայացված լինելու համար անհրաժեշտ 5 տոկոսի շեմը, եւ հունիսի 13-ին կուսակցության պլենումը բավարարեց առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանի հրաժարականը: Երեկ կայացած պլենումում, ՀԿԿ բյուրոյի առաջարկությամբ, կուսակցության նոր առաջին քարտուղար է ընտրվել 67-ամյա Ռուբեն Թովմասյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀԿԿ նորընտիր առաջնորդը առաջնահերթ խնդիրների շարքում նշեց կուսակցության շարքերի ամրապնդումը, վերջին շրջանում տեղ գտած բացթողումների, թերությունների վերացումը, կոմկուսի նկատմամբ սասանված վստահության վերականգնումը:

Թովմասյանի խոսքերով, անցած ընտրություններում կոմունիստական կուսակցությունը թույլ է տվել կոպիտ սխալներ, ինչը բացասաբար է անդրադարձել ընտրազանգվածի վրա: Կոմկուսի դիրքորոշումը վստահաբար կփոխվի, եւ կուսակցությունը արմատական ընդդիմադիր դիրքերից «առաջնորդելու է ողջ ընդդիմադիր դաշտը»:

Ընդդիմադիր դաշտում ներկայումս նկատելի են Հայկոմկուսն ու նախկին իշխանական ՀՀՇ-ն՝ խորհրդարանից դուրս, եւ «Արդարություն» դաշինքը եւ «Ազգային միաբանությունը»՝ խորհրդարանի ներսում: ՀԿԿ նոր ղեկավարը հայտարարեց, թե դրանցից որեւէ մեկի հետ համագործակցելու նպատակ առայժմ չունեն, քանզի որոշել են միայնակ հանդես գալ, իսկ մյուսները, եթե ուզում են, կարող են համախմբվել իրենց շուրջը: Թովմասյանի խոսքերով, իրենք աշխատելու են ժողովրդին վերադարձնել կոմունիստական ժամանակաշրջանի բարօրությունը:

Պատասխանելով ՀԿԿ-ից նախկինում առանձնացած այլ կուսակցություններում հնչող վերամիավորման կոչերին վերաբերող հարցին, Ռուբեն Թովմասյանը ասաց. - «Մենք բարձր ենք գնահատում միավորման գաղափարը: Մենք կողմակից ենք միավորվելուն»: Սակայն, եթե կուսակցության դռները բաց են շարքային կոմունիստների առջեւ, ապա ՀԿԿ-ից իրենց կամքով հեռացած կամ հեռացված եւ նոր կուսակցություններ կազմավորած ղեկավարներ անդամների նկատմամբ անհաշտ են տրամադրված:

«Նրանց նկատմամբ որեւէ զիջում լինել չի կարող», - հայտարարեց ՀԿԿ առաջին քարտուղարը:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG