Մատչելիության հղումներ

logo-print

Արժույթի միջազգային հիմնադրամը հերթական վարկի տրամադրումը կապակցում է հարկային բարեփոխումներին


Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելությունը օրերս հայտարարել է, թե հերթական 13 միլիոն դոլարանոց վարկային մասնաբաժնի հատկացումը կախված կլինի նրանից, թե Հայաստանի կառավարությանը որքանով կհաջողվի լուծել հարկային վարչարարության բարելավման խնդիրները։

Արժույթի միջազգային հիմնադրամի օժանդակությամբ կառավարությունն իրականացնում է աղքատության կրճատման եւ տնտեսական աճի խրախուսման եռամյա ծրագիր, որի ընդհանուր արժեքը 95 միլիոն դոլար է: Նախորդ երկու տարիների ընթացքում չորս մասաբաժիններով արդեն հատկացվել է 53 միլիոն դոլար:

«Հայաստանի իշխանությունները հարկային վարչարարությունը բարելավելու ուղղությամբ վճռական քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն են հայտնել՝ հարկատուների նկատմամբ միասնական մոտեցում ապահովելու եւ արդյունավետությանը նպաստելու նպատակով», - ասված է ԱՄՀ-ի առաքելության վերջին երկշաբաթյա այցի արդյունքում հրապարակված փաստաթղթում:

Սա նշանակում է, որ հայաստանյան իշխանությունները խոստացել են հարկերից խուսափող արտոնյալ օլիգարխներին, ինչպես նաեւ մյուս օրինազանց հարկատուներին ստիպել վճարել օրենքով սահմանված հարկերը։

Որոշ քայլեր այդ ուղղությամբ արդեն արվում են։ Թերեւս, նաեւ միջազգային կառույցների պահանջներով կարելի է բացատրել Հարկային պետական ծառայության պետի պաշտոնում ուժային կառույցներում աշխատանքի բազմամյա փորձ ունեցող Ֆելիքս Ցոլակյանի նշանակումը։ Վերջինիս առաջին իսկ քայլերը ցույց են տալիս, որ հարկահավաքն ավելի հետեւողական ու ավելի կոշտ է դառնալու։

Որոշ տեղեկություններով, վերջերս հարկային մարմինները զանգվածային ստուգումներ են սկսել հացահատիկի, շաքարավազի եւ էթիլային սպիրտի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող «Աստղացոլք» ընկերությունում, որի տերը Ազգային ժողովի նորընտիր պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է։ Ժամանակի ընթացքում կերեւա, թե ստուգումների շղթան կտարածվի՞ նաեւ հայաստանյան մյուս խոշոր գործարարների վրա։

Հարկային օրենսգրքի հետ խնդիրներ ունեն գրեթե բոլոր հայաստանյան բիզնեսները: Դրա ապացույցը տարեկան տնտեսական գործունեության արդյունքում վնաս ցույց տված ու մեծ ծավալի հարկային պարտքեր՝ ապառքներ, կուտակած հայաստանյան ընկերությունների բազմաշարք ցուցակներն են, որոնք հարկային գերատեսչությունը հրապարակում է ամեն տարի։ Անցյալ տարվա արդյունքներով, օրինակ, մոտ 450 առավել խոշոր ընկերությունների ապառքները անցնում են 60 միլիարդ դրամից, իսկ 735 ընկերությունների կրած վնասները գերազանցում են 200 միլիարդ դրամը։ Այսինքն՝ ընկերությունների ցույց տված վնասներն ավելին են, քան պետական բյուջեի հարկային եկամուտները։ Սա, իհարկե, հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի հավաստմամբ, լուրջ անհանգստության տեղիք է տալիս եւ հարկային մարմիններին ստիպում է համապատասխան քայլերի դիմել:

«Դա մեր վարչարարական եւ օրենսդրական լուրջ խնդիրներից է, որ կազմակերպությունները, ըստ էության, ֆինանսական առումով չլինելով այդքան «հիվանդ», երբ հերթը գալիս է հարկ վճարելուն, հանկարծ պարզվում է, որ իրենք զգալիորեն «հիվանդ են», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Արմեն Ալավերդյանը:

Իհարկե, նշված ցուցակներում կան նաեւ օբյեկտիվ պատճառներով այդտեղ հայտնված ընկերություններ, որոնց վնասները առաջացել են ներդրումների հետեւանքով: Սակայն ընկերությունների մի ստվար հատված, առանց լուրջ ներդրումներ անելու, շահույթի փոխարեն վնասներ է ցույց տվել: Հարկային մարմինները, Ալավերդյանի հավաստմամբ, հետամուտ են լինելու նմանօրինակ կեղծիքների բացահայտմանը՝ ստուգելով վնասների արժանահավատությունը հիմնավորող փաստաթղթերը:

«Օրենսդրության մեջ կատարված փոփոխության համաձայն, եթե հայտարարագրողը ուռճացրել է վնասը, կիրառվելու այդ ուռճացրածի 20 տոկոսի չափով տուգանք», - ասաց Ալավերդյանը:

Այս տարվա պետական բյուջեով նախատեսված է հավաքել շուրջ 221 միլիարդ դրամի հարկային եւ մաքսային եկամուտներ: Ալավերդյանի հավաստմամբ, առաջին յոթ ամսվա պետական եկամուտների հավաքման պլանը կատարվել է: Նա համոզմունք հայտնեց, որ պետական եկամուտների տարեկան ծրագիրը եւս կկատարվի։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG