Մատչելիության հղումներ

logo-print

Կառավարություն հաստատեց աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը


Կառավարությունը ուրբաթ օրը վերջապես հաստատեց աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը, որը մշակվում էր ավելի քան երկու տարվա ընթացքում՝ տեղական ու արտասահմանյան 40-ից ավելի փորձագետների մասնակցությամբ:

Ծրագրի հետապնդած գլխավոր նպատակը Հայաստանում աղքատ բնակչության ներկայիս 50,1 տոկոսը 2015 թվականին 19 տոկոսի հասցնելն է, ծայրահեղ աղքատությունը՝ ներկայիս 16 տոկոսից 4 տոկոսի իջեցնելը։ Հաստատված ծրագրի գլխավոր շահառուները հենց աղքատ կամ ծայրահեղ աղքատ մարդիկ են:

«Քանի դեռ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ունեն պարենային զամբյուղը չգերազանցող դրամական եկամուտներ, շեշտադրումների մեծ մասը հատկապես այդ մարդկանց վիճակը բարելավելուն ուղղված քայլեր են», - կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Խաչատրյանը:

Աղքատները սպառողական զամբյուղի արժեքից պակաս ամսեկան եկամուտ ունեցող մարդիկ են: Ծայրահեղ աղքատները կամ չքավորները նրանք են, ում ամսեկան վաստակը չի գերազանցում նվազագույն պարենային զամբյուղի արժեքը։

Տիգրան Խաչատրյանի ներկայացմամբ, այժմ Հայաստանում սպառողական զամբյուղի արժեքը մեկ շնչի հաշվով մոտ 12 հազար 600 դրամ է։ Այսինքն՝ առնվազն 1,5 միլիոն մարդու ամսեկան եկամուտը պակաս է այդ գումարից։ Իսկ ծայրահեղ աղքատության նվազագույն շեմը սպառողական զամբյուղի արժեքի 60 տոկոսն է՝ 7960 դրամ է (սա այն գումարն է, որով մարդ պիտի կարողանա բավարարել սնվելու նվազագույն կարիքները)։

Փոխնախարարի խոսքերով, ինչպիսին էլ առաջիկայում լինի աղքատության հաղթահարման քաղաքականությունը, ծայրահեղ աղքատությունն իսպառ վերացնելն անհնար կլինի:

«Միշտ էլ լինում են մեխանիզմների թերություններ, երբ մարդկանց մի որոշակի հատված պարզապես դուրս է մնում սոցիալական օժանդակության սխեմաներից: Դա է պատճառը, որ վերջում, այնուամենայնիվ, կլինեն մարդիկ, ովքեր կգտնվեն ծայրահեղ աղքատություն կոչվող մակարդակում», - ասաց Տիգրան Խաչատրյանը:

Ըստ մշակված ծրագրի, աղքատության կրճատման գլխավոր միջոցը տնտեսական աճը ու նոր աշխատատեղերի ստեծման խրախուսումն է լինելու՝ հատկապես ինքնազբաղվածության եւ փոքր բիզնեսի բնագավառում։ Աղքատությունը առաջիկա տասնամյակում կրճատվելու է նաեւ սոցիալական քաղաքականությունը ավելի հասցեական ու նպատակային դարձնելու հաշվին՝ հատկապես աղքատության նպաստների եւ կենսաթոշակների հետեւողական բարձրացման միջոցով։

Ծրագրվող ժամանակաշրջանի վերջում շոշափելի աճ կունենա աղքատության նպաստը: «Ծրագրային նպատակն այն է, որ ստացվող ընտանեկան նպաստի չափը գերազանցի պարենային աղքատության չափը ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով», - հայտարարեց ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարարը:

Սա նշանակում է, որ աղքատության նպաստը առաջիկա 12 տարվա ընթացքում առնվազն պետք է քառապատկվի՝ հասնելով շուրջ 30 հազար դրամի։ Նվազագույն կենսաթոշակը նույնպես, ըստ փոխնախարարի, չպետք է պակաս լինի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից:

Կառավարությունը ծրագրում է նաեւ կտրուկ բարձրացնել բյուջետային համակարգի աշխատողների աշխատավարձերը: Տիգրան Խաչատրյանի խոսքերով, դրանք ավելի արագ են աճելու, քան միջին աշխատավարձը տնտեսության մեջ։ Նախատեսվում է առաջիկա տասնամյակում գրեթե կրկնապատկել կրթության եւ առողջապահության բնագավառի հատկացումների բաժինը երկրի համախառն ներքին արդյունքի մեջ։

Նախնական գնահատումներով, աղքատության կրճատման ծրագիրը ենթադրում է միայն արտաքին աղբյուրներից ներգրավել ավելի քան 1 միլիարդ 200 միլիոն դոլար։ Առայժմ հայտնի չէ, թե արդյոք դոնորները կհամաձայնեն ֆինանսավորել նման ծրագիր։

«Որքան երկիրը զարգանում է, այնքան արտաքին օժանդակության հնարավորությունները փոքրանում են, եւ մենք պետք է ավելի հենվենք մեր սեփական ռեսուրսների եւ սեփական կարողությունների աճի հնարավորությունների վրա», - ասաց փոխնախարարը՝ ավելացնելով, որ աղքատությունը կրճատման ուղիներից է լինելու նաեւ եկամուտների բախշումը ավելի արդարացի ու նպատակային դարձնելը. նախ՝ ավելի շատ հարկեր են հավաքվելու, երկրորդ՝ ստվերում գոյացող ու յուրացվող եկամուտների մի մասը բացահայտվելու եւ ուղղվելու է աղքատության խնդիրի լուծմանը։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG