Մատչելիության հղումներ

«Արդարություն» դաշինքը խոստանում է «բուռն աշուն» խորհրդարանում


Ընդդիմադիր «Արդարություն» դաշինքը, որը նորընտիր Ազգային ժողովում ներկայացված է 14 պատգամավորով, արդեն երեք տասնյակից ավելի օրենսդրական նախաձեռնություններ է ներկայացրել խորհրդարան եւ մարտական տրամադրությամբ է պատրաստվում աշնանային նստաշրջանին:

Հինգշաբթի օրը նորընտիր պատգամավորների առաջին աշխատանքային օրն էր ամառային արձակուրդներից հետո: Ազգային ժողովի շենքը, ուր որոշ սենյակներ դեռեւս վերանորոգման մեջ են, սակայն, մարդաշատ չէր:

«Արդարություն» խմբակցությունում, մինչդեռ, մի խումբ պատգամավորներ, այդ թվում խմբակցության ղեկավար, Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանը, քննարկում էին վաղը հրավիրված նիստում քննարկվելիք հարցերը: Ծրագրվում է նիստում հաստատելուց հետո շրջանառության մեջ դնել մի շարք օրենսդրական նախաձեռնություններ՝ Ընտրական օրենսգրքում, «Հանրաքվեի մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ այլ օրենքներում փոփոխություններ մտցնելու մասին:

«Արդարություն»-ը ապահովել է բուռն ամառ, եւ, կարծում եմ, ոմանք էլ պատրաստ պետք է լինել բուռն աշնան», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց խմբակցության անդամ Վիկտոր Դալլաքյանը: - «Մեր կողմից արդեն Ազգային ժողովին ներկայացվել է ավելի քան 30 օրեսդրական նախաձեռնություն»:

Խոսելով «Հանրաքվեի մասին» օրենքում իրենց առաջարկած փոփոխությունների մասին, Դալլաքյանը ասաց, որ դրանք «հստակ հնարավորություններ» կընձեռեն անցկացնելու հանրապետության նախագահի վստահության հանրաքվե:

Վստահության հանրաքվե անցկացնելու առաջարկություն անցած ապրիլին արել էր Սահմանադրական դատարանը: Քննելով նախագահական ընտրությունների արդյուքները վիճարկող ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հայցը, Սահմանադրական դատարանը թեեւ մերժել էր հայցը, այդուհանդերձ առաջարկել էր անցկացնել նախագահ Քոչարյանի վստահության հանրաքվե:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG