Մատչելիության հղումներ

Ինչպես այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց հուլիսի 15-ից Ռուսաստանի նախագահ Պուտինի հրամանագրով Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ նշանակված գեներալ-մայոր Սերգեյ Բոնդարեւը, իրաքյան պատերազմի ժամանակ այդ երկրի երեք հայազգի քաղաքացիներ փորձել էին ապօրինի կերպով մուտք գործել Հայաստան:

Բոնդարեւը տեղեկացրեց, որ պատերազմի օրերին Հայաստանի եւ Իրանի ցամաքային սահմանը ապօրինաբար հատելու փորձ արած այդ 3 իրաքահայերը հանձնվել են Հայաստանի իշխանություններին: Այլ մանրամասներ գեներալ Բոնդարեւը չհրապարակեց:

Այս տեղեկատվությունը Հայաստանի իշխանությունները չէին հրապարակել, թեեւ իրաքյան պատերազմի սզկբում պատրաստակամություն էին հայտնել ընդունել իրաքահայերին եւ անգամ խնդրել էին հարեւան Իրանի եւ Թուրքիայի իշխանություններին՝ արտոնել իրաքահայերի մուտքը իրենց տարածքներով դեպի Հայաստան:

Բոնդարեւի տեղեկացմամբ, երեք իրաքահայերի սահմանն ապօրինաբար անցնելու փորձը ցամաքով սահմանը կտրելու միակ փորձն է եղել: Ցամաքով սահմանը հատելու միտման նվազումը գեներալը պայմանավորեց դրա պաշտպանության «որակի ու հուսալիության բարձրացմամբ»:

«Հիմնական դժվարություններն առաջանում են «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղից մարդիկ մեկնում են հեռավոր արտասահման», - հայտարարեց Բոնդարեւը՝ ավելացնելով, թե սահմանը ապօրինաբար խախտելու դեպքերի մեծամասնությունը արձանագրվում է «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղ այս տարվա հունվարից ի վեր արձանագրվել է 45 դեպք:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG