Մատչելիության հղումներ

Բարձրացել է Սեւանի մակարդակը


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարեց բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, անցյալ ամռան համեմատությամբ այս ամռանը Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 38 սանտիմետրով:

Նախարարի փոխանցմամբ, իրենց առջեւ խնդիր է դրված տարեվերջին ապահովել Սեւանա լճի՝ 1994 թվականի մակարդակը: «Անցայլ տարվա այս օրվա համեմատ Սեւանի մակարդակը բարձր է 38 սանտիմետրով», - առայժմ հայտարարեց Վարդան Այվազյանը:

Լճի մակարդակը բարձրացել է, չնայած անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ այս տարի 20 մլն խորանարդ մետրով ավելի ջուր է բաց թողնվել Սեւանից, ինչը նախարարը պայմանավորեց օդի հարաբերական խոնավության նվազմամբ:

«Անցյալ տարի այս նույն ժամանակահատվածում բաց էր թողնվել մոտ 27 մլն խորանարդ մետր ջուր, բայց այս ժամանակահատվածում բաց է թողնված 46,7 մլն», - ասաց Վարդան Այվազյանը՝ վստահեցնելով, այդուհանդերձ, որ ընթացիկ տարի Սեւանից բաց թողնվելիք ջրի ծավալը չի գերազանացի կառավարության սահմանած 120 մլն խորանարդ մետրը:

Վարդան Այվազյանը չի կիսում Ջրային տնտեսության պետական կոմիտեի տեսակետը, թե կառավարության սահմանած չափաբաժնից զատ, կարող է լրացուցիչ 12-13 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու կարիք առաջանա:

Անցած տարի կառավարությունը որոշել էր Սեւանից բաց թողնել 150 մլն խորանարդ մետր ջուր, սակայն իրականում բաց է թողնվել ընդամենը 98 մլն:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG