Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ի՞նչ մարտահրավերներ են սպասվում աշնանը: Դրանց բնույթն ու դրսեւորման եղանակները պարզելուց առաջ անհրաժեշտ է հաստատագրել այն հիմնական, ելակետային արժեչափերը, որ ներկայումս եւ մոտ ապագայում պայմանավորել եւ պայմանավորելու են սպասվող քաղաքական գործընթացների խորությունն ու սրությունը» («Հայոց Աշխարհ»)։ Թերթի մեկնաբանի հայացքով, դրանք են. «Ժողովրդի հիմնական զանգվածի քաղաքական ակտիվության աննախադեպ անկումը՝ ավարտված ընտրական մարաթոնից հետո, ընդդիմադիր հիմնական ուժերի հեղինակության հետագա նվազումը՝ հաջորդական ընտրություններում արձանագրած անհաջողությունների հետեւանքով, եւ տարածաշրջանում ու նրա շուրջ ծավալվող գերտերությունների մրցակցության ուժեղացումը, ինչպես նաեւ ներքաղաքական կացության ապակայունացման հեռանկարները հարեւան երկրներում եւ առաջին հերթին՝ Ադրբեջանում»։ Նման ներքին ու արտաքին պայմաններում, մեկնաբանի կարծիքով, երկրի ներքաղաքական կյանքի վրա լուրջ ներգործություն եւ դրանցից բխող քաղաքական սուր ցնցումներ կարող են առաջացնել միայն ու միայն արտաքին մարտահրավերները: «Ընտրություններից հետո քաղաքականապես կոնսոլիդացած իշխանություններից քաղաքական նախաձեռնությունը խլելու համար անհրաժեշտ են ոչ միայն նոր դեմքեր, այլեւ նոր ուժեր, այսինքն՝ նոր ընդդիմություն։ Իսկ դա ժամանակ եւ ուժերի աստիճանական կուտակում է պահանջում, մինչդեռ մինչեւ աշուն շատ քիչ ժամանակ է մնում», - գրում է «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը։ - «Իսկ ահա ներկա ընդդիմությունն իր սահմանափակ մտահորիզոնով ու հնարավորություններով, գալիք սեպտեմբերից սկսած կարող է դիմել եւ, անշուշտ, դիմելու է միայն ու միայն իրավիճակային բնույթի քայլերի՝ փորձելով խաղալ իշխանությունների նյարդերի հետ»։ Ինչ վերաբերում է արտաքին հավանական խթանիչներին, վերլուծականում նշվում է դրանցից երեքը՝ «Եվրոպական կառույցների կողմից մեր երկրի հանդեպ հավանական սանկցիաները,
տարածաշրջանի աշխարհաքաղաքական կացության լուրջ փոփոխությունը՝ ԱՄՆ զորքերը Իրանի սահմանների մոտ տեղակայելու մասին վերջին խոսակցությունների «համատեքստում», Ադրբեջանում ծավալվող նախագահական ընտրությունների հնարավոր ազդեցությունը՝ Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ նոր ճգնաժամի առաջացման տեսքով»։ Այս ամենն էլ, սակայն, ըստ մեկնաբանի, դեռեւս գտնվում են իրենց հասունացման նախնական՝ սաղմնային փուլում։ Ուստի՝ Հայաստանին սպասում է «միանգամայն հանգիստ, կայուն, լուրջ քաղաքական ցնցումներից զերծ աշուն»։

Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր Գեղամ Մանուկյանի կարծիքով էլ, «թեժ աշուն՝ որպես այդպիսին, չի լինելու, թեժությունը լինելու է խորհրդարանում... Արտառոց թեժացում չի լինելու, որովհետեւ դրա նախապայմանները չկան»: Մանուկյանը «Առավոտ» թերթում նաեւ գնահատում է. - «Այսօրվա ընդդիմության պայմանները, հնարավորություններն ու ազատությունները անհամեմատելի տարբեր են: Այն ժամանակ, երբ Դաշնակցությունն էր ընդդիմություն, որեւէ մեկը չէր կարող մտածել, թե իշխանությունը մեկ քայլ կարող է անել՝ երկխոսություն ծավալելու ընդդիմության հետ: Իսկ այսօրվա վիճակն ուղղակի համեմատել չի կարելի այն օրերի հետ, երբ խռով կար իշխանությունների կողմից ընդդիմության նկատմամբ»: Բացի այդ, ըստ Գեղամ Մանուկյանի, ընդդիմություն եղած ժամանակ քաղաքական պայքար մղելով իշխանության դեմ, Դաշնակցությունը մի սահմանագիծ ուներ. «երբ հարցը վերաբերում էր ազգային անվտանգությանը, Ղարաբաղին, ամբողջ քաղաքական պայքարի ժամանակ այդ հարցերում երբեք որեւէ քայլ չէր արել, որպեսզի վտանգ ստեղծվի». - «Իսկ այսօր շատ անգամ հանդիպում ենք նման երեւույթների, երբ հանիրավի շահարկվում է ե'ւ Ղարաբաղի, ե'ւ Հայաստանի սահմանամերձ շրջանների, ե'ւ Հայաստանի ազգային անվտանգությունը»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթում այսօր հանգամանալից մատուցվում է, թե երեկ ինչպիսի տոնական տրամադրություն է հաղորդել «Բազե» համահայկական երկրորդ հավաքին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի այցը Դիլիջան: Վերջինս այդ ընթացքում նաեւ մենթալիտետային մի շարք սահմանումներ է արել. - «Նախարարը նկատեց, որ Հայաստանում չկա ավելի մեծ երիտասարդական կառույց, քան բանակը, բայց բանակից դուրս էլ երիտասարդությունը պետք է քաղաքացիական ակտիվություն դրսեւորի: Նա համոզմունք հայտնեց, որ մեր երկրի ապագան միայն ու միայն երիտասարդության ձեռքում է, քանի որ ի տարբերություն 40-50 տարի նախկին հասարակարգում ապրածների, երիտասարդները ավելի բաց են եւ ընկալունակ դեպի նոր ժողովրդավարական հասարակարգը»: Սերժ Սարգսյանը խոստովանել է, որ շատ կուզենար «Բազե» հավաքին մասնակցել եւ ափսոսանք է հայտնել, որ ինքն ընդգրկված չէ: Իսկ ի՞նչ շնորհներ կցուցաբերեր եւ ո՞ր մրցույթներին կմասնակցեր նախարարը: «Ասում են, որ բաղաձայն եմ, բայց հումորի զգացում ունեմ, կարող եմ արտասանել», - պատասպանելել է Սարգսյանը: «Իսկ տրված 20 բառով կարո՞ղ եք բանաստեղծություն գրել: - Կարծում եմ, այո, դա միակ բանն է, որ կարող էի շատ լավ անել: - Իսկ ինտելեկտուալ խաղե՞րը: - Կփորձեի, բայց հաստատ կպարտվեմ երիտասարդներին: Նրան երեւի ինտելեկտուալ ավելի զարգացած են»:

Այսօրվանից արդեն բոլոր հիմնական թերթերն են արձակուրդ գնում: Առնվազն երկու շաբաթով: Սակայն, ինչպես ընդգծում է «Գոլոս Արմենիի»-ի մեկնաբանը, նրանք «մտածելու նյութ պարունակող շատ տեղեկատվություն են թողնում»: «Օրինակ», - առանձնացված է «Գոլոս Արմենիի»-ում, - «ինչպես չխորհրդածել «Առավոտ»-ի լրատվության շուրջ, որ համընդհանուր վրդովմունքի առարկա Օղակաձեւ զբոսայգում վարչապետ Մարգարյանը 3 սրճարան ունի»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG