Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Թվում է՝ արդեն ամեն ինչ ասված է խորհրդարանական վերջին ընտրությունների մասին եւ այլեւս ոչինչ չկա ավելացնելու։ Մնում է միայն առաջիկա սեպտեմբերին դիմագրավել եվրոպական կառույցների կշտամբանքները, եւ ամեն ինչ կավարտվի բարեհաջող, մինչեւ... հաջորդ ընտրություններ։ Սակայն՝ ոչ», - շարունակում է այսօր «Ազգ» թերթը։ - «Դեռեւս կա մի կարեւոր հարց, որն աչքաթող է արվել եւ որը շատ էական է հետընտրական մթնոլորտի կայունացման, հասարակական ու պետական առողջության տեսակետից։ Դա խորհրդարանում չներկայացված ընտրազանգվածների պարագան է»։ Թերթի ձեւակերպմամբ՝ մեր ժողովրդի մտավորական խավն ընդհանրապես չի համակրում Հանրապետական կուսակցությանը եւ նրա լիդերներին, չի հավատում եւ չի հավատացել «Օրինաց երկրի» բլեֆներին, խորշում է, վախենում Դաշնակցության իշխանության գալու հեռանկարից, փրկչական որեւէ առաքելություն չի վերագրում Արտաշես Գեղամյանին ու նրա կազմակերպությանը, չի ուզում խաբվել «Արդարություն» դաշինքի արկածախնդիրներից, ծանոթ չէ եւ չի էլ ուզում ծանոթանալ ՄԱԿ-ի ու նրա մականունավոր ղեկավարին։ «Արդյունքում՝ ավելի քան 160 հազար մտավորականներ, այսինքն՝ ինքնուրույն մտածող եւ անկաշառ մարդիկ հայտնվել են ազգային-քաղաքական կյանքի լուսանցքներում», - հաշվարկում է «Ազգ»-ը՝ «ողբալիորեն տարօրինակ» որակելով, որ այս հանգամանքն անտեսեցին ընտրությունների կազմակերպիչներն ու գլխավոր դերակատարները:

Ազգային ժողովում իշխող Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Իրավունք» թերթի հարցազրույցում այսօր եւս մեկ անգամ բանաձեւել է. - «Եթե շահարկում եք մականունները, ապա մեր ամբողջ ֆիդայական շարժման մասնակիցներին պետք է գիլյոտինի բարձրացնենք»: «Քրեածին անվանվածների մեջ տեսա մարդկանց, ովքեր իրենց գեներով ազգային մարդիկ են. կռվել են, պայքարել են, անցել են պատերազմի բովով, այսօր էլ կարողանում են տնտեսական դաշտում արդարացնել իրենց: Էլ չեմ ասում, որ հարյուրավոր ընտանիքներ են պահում եւ կարողանում են հասարակության մեջ որոշակի դիրք գրավել», - ասում է Գալուստ Սահակյանը: - «Պարզապես կա հասարակության մի խավ, այդ թվում եւ քաղաքական, որը մականունավորների վրա շարժեր է կատարում՝ ինչո՞ւ պիտի նա մի քանի «Ջիպ» ունենա, իսկ ես ոտքով քայլեմ, նա գողացել է, թալանել է, նա սրիկա է եւ այլն... Ընտրությունների պատճառով որեւէ քրեածին տարր մեր պետության ներսում ոտքի չի կանգնել եւ չէր էլ կարող կանգնել», - հայտարարում է հանրապետականների խմբակցության ղեկավարը: - «Պարզապես մենք սովոր ենք ստեղծել պրոբլեմ, իսկ հետո ձգտում ենք վերացնել հիշյալ պրոբլեմը, ինչի հետեւանքները էլ ավելի վտանգավոր են լինում, քան ինքը՝ ստեղծված պրոբլեմը»: Ըստ Սահակյանի, կատարվող հանցագործությունների համար որքան ոստիկաններն են մեղավոր, այնքան էլ մանկավարժները, բժիշկները. - «Ողջ հասարակությունն է մեղավոր», - ասում է Սահակյանը՝ նաեւ նշելով. - «Հանցագործությունները ոչ թե հենց այսօր շատացան, այլ այն, որ ժամանակակից հանրությունն այլ կերպ է նայում այդ հանցագործություններին, դրանք դարձնում է ավելի քննարկելի եւ, ինչու չէ, երբեմն էլ արտահայտում է նաեւ իր սարսափները»: Ամեն դեպքում, Գալուստ Սահակյանի ընկալմամբ էլ, տեղի ունեցող սպանությունները վտանգավոր են դառնում հասարակության համար, որովհետեւ դրանք մարդկանց վրա մեծ ազդեցություն են թողնում: «Բանը հասել է այնտեղ, որ հանրության աչքի առաջ մահափորձ է կազմակերպվում նաեւ պետական չինովնիկի դեմ: Այստեղ արդեն, կարծում եմ, պետությունը պարտավոր է անհանդուրժողականություն դրսեւորել», - ընդգծում է Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավարը՝ հագուցալուծումը տեսնելով այսպես. - «Հասարակությունը ինքնամաքրման ճանապարհով պետք է անցնի, իշխանություններն էլ հասարակությանը պետք է տան այդ հնարավորությունը»:

Դատելով «Հայոց Աշխարհ» թերթի լրատվությունից, այդ «ինքնամաքրման» հնարավորությունը շարունակում է տրվել: «Նախօրեին մայրաքաղաքում խոսակցություններ էին շրջանառվում, թե իբր մահափորձ է կատարվել գործարար-պատգամավորներից մեկի՝ Սամվել Ալեքսանյանի դեմ։ Պարզվեց, որ նման բան չկա», - գրում է «Հայոց Աշխարհ»-ը՝ ժամանակագրելով. - «Բայց նույն օրը, տարբեր աղբյուրներից ստացված տեղեկություններով, փակ են եղել Ալեքսանյանին կամ նրա մերձավորներին պատկանող խանութները։ Բացի այդ, լուրեր էին տարածվել, թե հուլիսի 30-ին ինչ-որ մեկը հրազենից կրակ է բացել Դավիթաշեն գյուղով անցնող թիվ 74 երթուղու «Գազել» մակնիշի միկրոավտոբուսի վրա։ Ըստ որում, նշվում էր, որ այդ երթուղին պատկանում է պատգամավորի քրոջ ամուսնուն՝ Էդիկ Մանուկյանին, որի «Նիվա» մեքենան հունիսին գնդակոծվել էր»:

Հայաստանի գլխավոր դատախազ Արամ Թամազյանի հայտարարության առնչությամբ, թե 1991-93թթ. (այդ տարիներին ՀՀ գլխավոր դատախազը նորից Թամազյանն է եղել) ամեն օր էր սպանություններ լինում Հայաստանում, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Առավոտ»-ի թղթակցին ասել է. - «Արդարացնել այսօրվա սպանությունները՝ վկայակոչելով երեկվա ավելի շատ սպանություններ, իմ կարծիքով, այնքան էլ ճիշտ չէ: Եթե այդպիսի համեմատություն աներ այդ համակարգի աշխատակիցներից մեկը, ով այդ տարիներին նույն համակարգի հետ որեւէ առնչություն չի ունեցել, ու կողքից նայող է եղել, հասկանալի կլիներ»: Բացի այդ, վերջին սպանությունները իրենց բնույթով, որակով, այսպես ասած՝ շարքային, կենցաղային չեն եւ «զարմանալ, թե ինչու չեն այս սպանությունները ընկալվում այնպես, ինչպես մնացած բոլոր սպանություններն են ընկալվել երբեւէ, նույնպես ճիշտ չէ», - իրավապահների զարմանքից զարմանում է իրավապաշտպանը:

«Մեզ՝ լրագրողներիս, հաճախ կշտամբում են, թե չենք ուզում տեսնել ոչ մի լավ բան, այլ միայն փնտրում ու հաճույքով, չափազանցելով նկարագրում ենք ամեն տեսակի թերություններ ու բացասական երեւույթներ... Այնինչ երկրում տեղի է ունենում չլսված-չտեսնված վերելք։ Արեգակը շողում է, անձրեւը՝ տեղում, բերքը՝ հասունանում, դոլարը սկսեց բարձրանալ, իսկ կենսաթոշակը շուտով կբարձացնեն ամբողջ երեք հարյուր դրամով», - հեգնանքով անդրադառնում է այսօր «Հայոց Աշխարհ» թերթը: - «Ընդհանրապես հիմա այնպիսի ժամանակներ են, երբ պետք է կարողանալ ամեն ինչում տեսնել լավը։ Ինչ էլ պատահի. նույնիսկ եթե սարսափից մազերդ բիզ-բիզ են կանգնում, միեւնույն է, պիտի չկորցնես ինքնատիրապետումը, ուշադիր նայես եւ գտնես լավը։ Իսկ եթե չգտնես, կլինես վատ մարդ, բարեփոխումների ու առաջընթացի թշնամի»: Այնպես որ՝ բոլորս դեպի դրականատեսություն: Իհարկե, քննադատություն նույնպես անպայման պետք է լինի. - «Քննադատել կարելի է բոլորին, նույնիսկ երկրի նախագահին։ Օրինակ, այն բանի համար, որ չափազանց շատ է աշխատում, քիչ քնում ու բոլորովին իրեն չի խնայում»։

Ավելի ու ավելի քիչ է աշխատանքում իրեն խնայում ու, այնուամենայնիվ, լավն է տեսնում եւ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը: «Հայոց Աշխարհ» թերթում նա իր հին ու նոր գործերը համեմատում է այսպես. - «Հարկային ծառայությունը եւս բարդ կառույց է՝ իր պատասխանատվությամբ եւ ամենօրյա աշխատանքով... Այս դեպքում ավելի ծավալուն, ավելի ընդգրկուն է աշխատանքը, միաժամանակ ավելի հետաքրքիր, քան հարկային ծառայությունում, ուր գործի բնույթն ինքնին միօրինակ է եւ, ըստ իս, իմ խառնվածքին ոչ բնորոշ»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG