Մատչելիության հղումներ

logo-print

Համագործակցության եզրեր են գտել ՀՅԴ-ն եւ ՀՌԱԿ-ը


Հայկական հնագույն քաղաքական կուսակցություններից Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) եւ Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունը (ՀՌԱԿ) հինգշաբթի օրը հայտարարել են, որ նախորդ օրը Դաշնակցության նախաձեռնությամբ անցկացված հանդիպման ժամանակ ընդհանուր եզրեր են գտել եւ համագործակցելու են օրենսդրական դաշտի բարելավման, սահմանադրական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում:

Ավելի քան մեկ դար առաջ ստեղծված երկու կուսակցությունները տասնամյակներ շարունակ եղել են հայկական սփյուռքի հիմնական քաղաքական ուժերը: Նրանց փոխհարաբերությունները, սակայն, պատմականորեն այնքան էլ հարթ չեն եղել:

«Երկու կուսակցությունների միջեւ սեպ խրողը խորհրդային իշխանություններն էին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանը: - «Ռամկավար ազատական կուսակցությունը ավանդաբար կողմնակից է եղել բարիդրացիական հարաբերություններին խորհրդային իշխանությունների հետ, իսկ Հայ հեղափոխական դաշնակցությունը խորհրդային իշխանությունների կողմից միշտ գնահատված է եղել որպես թիվ մեկ դասակարգային թշնամի, որպես բուրժուական կուսակցություն»:

Անկախացումից հետո կուսակցությունները իրենց կազմակերպություններն են ստեղծել նաեւ Հայաստանում, սակայն նրանց փոխհարաբերությունները շարունակում էին սառը մնալ: ՀՌԱԿ-ը աջակցում էր Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, մինչդեռ Դաշնակցությունը արմատական ընդդիմություն էր: Այժմ երկու կուսակցություններն էլ սատարում են նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

ՀՌԱԿ համանախագահ Հարություն Առաքելյանի խոսքերով, երկու կուսակցությունների միջեւ էական տարաձայնություններ չեն եղել, իսկ ազգային խնդիրներում նրանք միշտ համագործակցել են:

«Սառը պատերազմի տարիները մոռանանք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հարություն Առաքելյանը: - «Ճանապարհ էր, պատմություն էր, որ եղավ-անցավ: Գոնե այդ սխալների վրա կարողանան երկու ավանդական կուսակցությունները սովորել: Մենք մեր սխալների վրա գոնե սովորենք»:

Անդրադառնալով նրան, թե ինչպիսի արձագանք կունենա անցած հանդիպումը սփյուռքում, ՀՌԱԿ-ի ներկայացուցիչները ասաց, թե իրենք Հայաստանում գրանցված անկախ կուսակցություն են եւ սփյուռքի իրենց կուսակիցներին տեղեկացնելու խնդիր չկա: Իսկ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանը, մասնավորապես, ասաց. - «Ընդհանրապես Դաշնակցությունը ապակենտրոն կառույց է, եւ Հայաստանի կառույցը իր քաղաքական ուղեգիծը ինքն է որոշում եւ ինքն էլ իրականացնում է»:

Միաժամանակ, երկու կուսակցությունների ներկայացուցիչներն էլ համոզմունք հայտնեցին, որ սփյուռքում թե' ռամկավարները, թե' դաշնակցականները կողջունեն ազգանպաստ խնդիրների շուրջ համագործակցությունը:

Հայ հեղափոխական դաշնակցությունը իշխող կոալիցիայի երեք կուսակություններից մեկն է, ներկայացված է Ազգային ժողովում եւ կառավարությունում: ՀՌԱԿ-ը անցած խորհրդարանական ընտրություններում չկարողացավ հաղթահարել 5 տոկոսի շեմը:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG