Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Անդրադառնալով առավել խոշոր չափերի կաշառակերության եւ պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ, գնդապետ Մխիթարյանի ձերբակալությանը, «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը գրում է. - «Կարծում ենք, սա ամենեւին էլ սովորական քրեական հանցագործության բացահայտում չէ, քանզի խոսքը վերաբերում է ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան սպային։ Կարծես թե ուժային համակարգը գործի է անցնում եւ կոռուպցիայի դեմ պայքարի կարեւորագույն նշանակություն ունեցող քաղաքական խնդրի լուծումը սկսում է հենց իրենից»։ Մեկնաբանի ընդգծմամբ, կոռուպցիայի դեմ պայքարի այս առաջին ազդանշանը, որը հնչեց անվտանգության մարմիններից, կարեւոր է ոչ միայն վերջիններս այդ գործին ունակ կառույցներ դարձնելու, այլեւ մյուս պետական մարմիններում բուն դրած նմանօրինակ պաշտոնատար անձանց սաստելու, նախազգուշացնելու համար։ «Վերջիններս այսուհետ, անկասկած ստիպված կլինեն զգուշանալ եւ առնվազն սահմանափակել սեփական ախորժակները՝ գնդապետ Մխիթարյանի վիճակում չհայտնվելու համար։ Ուրեմն, կոռուպցիայի դեմ պայքարը, որի անհրաժեշտության մասին շատ է խոսվում, ամենեւին էլ անլուծելի խնդիր չէ», - եզրակացված է «Հայոց Աշխարհ»-ում:

«Հայաստանում ահաբեկչության համար միջավայր կա», - շեշտում է այսօր «Առավոտ»-ի խմբագիրը՝ ուրվագծելով. - «Նաիրի Հունանյանին ուղղորդողները (ովքեր էլ նրանք լինեն) պրիմիտիվ մարդիկ չէին: Նրանք հրահանգ չէին տվել ահաբեկչին՝ գնա եւ սպանիր այն պետական գործիչներին, որոնք մեզ խանգարում են: «27»-ի նման հանցագործության ուղղորդումը մի քանի ամսվա հետեւողական (եւ վստահաբար պրոֆեսիոնալ) աշխատանքի արդյունք է: Նախ պետք է գտնել այն «մարդկային նյութը», որն ընդունակ է ահաբեկչության: Եվ հետո՝ հասարակության մեջ պետք է գերիշխող լինի տրամաբանությունը, որ բավական է ֆիզիկապես վերացնել երկու-երեք հոգու, եւ մեր երկիրն ու նրա քաղաքացիները անշեղորեն կգնան բարգավաճման ճանապարհով»: Այսօր էլ հասարակական նման մթնոլորտ եւ ահաբեկչության համար նախադրյալներ, ըստ խմբագրի, պահպանվում են. - «Այդ պատճառով ենք մենք ուշադրություն դարձնում զանազան մարգինալ ազգայնական խմբերի ակտիվացմանը: Զուտ քաղաքական առումով նրանց հայտարարությունները զավեշտական են: Բայց արդյո՞ք նույնքան զավեշտական չէին Նաիրի Հունանյանի «դեկրետները»՝ արտագաղթն արգելելու, բոլոր ոչ պետական լրատվամիջոցները փակելու կամ գետերում լվացքը թույլ չտալու մասին: Մենք գիտենք, սակայն, թե այդ ամենը ինչով վերջացավ: Եվ ոչ մի երաշխիք չունենք, որ դա երբեք չի կրկնվի»:

«Երբ համեմատաբար գրագետ ու զարգացած մարդիկ նայում են նրան, ինչին մենք այսօր խորհրդարան ենք անվանում, նրանց մոտ բնական ցանկություն է ծագում այլընտրանք առաջարկել, քանզի որեւէ այլընտրանք եղածից վատը չի լինի», - ընդգծում է «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը: - «Երբ մարդիկ տեսնում են, որ իրավապահ մարմիններն ի վիճակի չեն իրենց պահպանել մաֆիական փողոցային հաշվեհարդարների զոհի ճակատագրից, ապա ծագում է կամավորական ջոկատների ստեղծմամբ ինքնապաշտպանության գաղափարը»: Մի խոսքով, այլընտրանքները ծնվում են որպես արձագանք իրականությանը: Հիմա էլ ասպարեզում հայտնվել է ազգայնական մի դաշինք եւ առաջադրում է նպատակներ, որոնք առաջ են գալիս, երբ պետությունը չափազանց թույլ է դառնում: «Եթե իշխանությունը շարունակի այս ոգով, ապա վաղը ժողովուրդը բարիկադների վրա կբարձրանա ում հետեւից ասես, միայն թե՝ ընդդեմ իշխանության», - զգուշացնում է «Գոլոս Արմենիի»-ի մեկնաբանը: - «Վտանգավոր ու անհեռատես է հուսալը, թե մեր ժողովուրդը արթնանում է 70 տարին մեկ: Իսկ եթե հանկարծ, մինչ իշխանությունը շարունակում է գրպանները լցնել, մարդիկ գնան նրանց հետեւից, ովքեր իրենց կարթնացնե՞ն»:

Անցած շաբաթ Հայաստանի նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովը որոշեց իր համեստ ներդրումն անել կրոնական աղանդների դեմ պայքարի գործում եւ ամբողջ վեց կետից բաղկացած որոշում ընդունեց: Անդրադառնալով սրան, «Առավոտ» թերթը խմբագրականում նշում է. - «Եթե ինչ-որ մեկն էլ պիտի զբաղվի նման հարցերով, ապա ամենեւին ոչ քաղաքացիական իրավունքների ու ազատությունների հարցերի հանձնաժողովը, որը, ընդհակառակը, կոչված է խոշորացույցի տակ դնել պետության հնարավոր պատժիչ քայլերը աղանդավորների հանդեպ եւ հետեւել՝ արդյոք այնտեղ չկա խղճի ազատության ոտնահարում: Ավելի շուտ, աղանդավորության խնդրով պիտի զբաղվի Հայ Առաքելական եկեղեցին, որը վտանգավոր կրոնական ուսմունքներին կարող է հակադրել իր խոսքն ու քարոզը: Իսկ եթե դեռեւս հարց է ծագում, թե ինչ առաքելություն ունի մարդու իրավունքների հանձնաժողովը, ասենք՝ որպեսզի ժամանակ առ ժամանակ Հայաստանի քաղաքացիներին հիշեցնի իր գոյության մասին: Ավելի ստույգ՝ այն մասին, որ չնայած մեր երկրում մարդու իրավունքները գործնականում չեն հարգվում, բայց նախագահը ժամանակ առ ժամանակ հիշում է նման իրավունքների մասին, հետեւաբար էլ առայժմ չի լուծարում այդ հանձնաժողովը: Թեեւ, անկեղծ ասած, լուծարելու ժամանակը վաղուց եկել է, քանի որ այն ոչ մեկին պետք չէ. իրավապաշտպանական առումով նրանից որեւէ օգուտ չկա, կա միայն վնաս», - գնահատում է «Առավոտ»-ը: - «Թեկուզեւ այն պատճառով, որ դատելով ամեն ինչից, հանձնաժողովն ամենեւին էլ տեղյալ չէ, թե մեր Սահմանադրությամբ ՀՀ քաղաքացիներն ինչ իրավունքներ ու ազատություններ ունեն: Հակառակ դեպքում, հանձնաժողովը քրտինքի մեջ կորած, առանց դադարի պիտի նիստեր հրավիրեր ու ամեն օր նախագահի սեղանին դներ մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող դեպքերի մասին վկայող հաշվետվությունները: Ու նաեւ նրա անդամներն իրենց խուլ, համր ու կույր չէին ձեւացնի, այլ իրենց պարտքը կհամարեին գոնե արձագանքել նախագահական ընտրություններին հաջորդած ընդդիմության հանրահավաքներից զանգվածային ապօրինի ձերբակալություններին... Մի խոսքով, մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովը զբաղված է ամեն ինչով, բայց ոչ նրանով, ինչով կոչված է զբաղվել: Նրա անվանումը բնավ չի համապատասխանում իր առաքելությանը», - ամփոփված է խմբագրականում:

«Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանի ընդգծմամբ՝ աղանդավորությունն ու աղանդավորական կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում այնպիսի ծավալների են հասել, որ արդեն գործ ունենք ազգային անվտանգությանը սպառնացող լուրջ մարտահրավերի հետ: «Նման պայմաններում կարելի է փորձել հարցը լուծել «կացնային» տարբերակով, այսինքն՝ հետապնդել աղանդավորներին կամ էլ իրավական գետնի վրա ժամանակավորապես գտնել որոշակի «կոմպրոմիսներ» մեր օրենքների եւ Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների միջեւ»: Սակայն, ըստ մեկնաբանի, նման լուծումները ժամանակավոր դեղատոմսեր են. - «Հայաստանի հոգեւոր - բարոյական - գաղափարական դաշտում ստեղծվել է ուժերի աղաղակող անհամապատասխանություն՝ հօգուտ աղանդավորության... Միայն աղանդավորության կեղծ արժեքային համակարգին մեկ այլ` կենդանի ու գործուն արժեքային համակարգ հակադրելով է, որ կարելի է ոչ միայն կանգնեցնել, այլեւ սահմանափակել ու աստիճանաբար հետ մղել ազգային անվտանգությանը սպառնացող հոգեորսների գրոհը Հայաստանում», - շեշտադրվում է «Հայոց Աշխարհ»-ում:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG