Մատչելիության հղումներ

Զինծառայությունից խուսափածներին վերաբերող օրենքը կարող է ընդունվել մինչեւ տարեվերջ


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին չորեքշաբթի օրը տեղեկացրեց Ազգային Ժողովի քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը, Հայաստանի կառավարությունը դրական եզրակացություն է ուղարկել Ազգային Ժողով՝ պարտադիր զինծառայությունից խուսափածներին առնչվող օրինագծի վերաբերյալ:

Նախորդ գումարման խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է այդ օրինագիծը, ուստի չի բացառվում, որ օրենքի քննարկումներն աշնանն արդեն ավարտվեն՝ հաշվի առնելով նաեւ, որ այն պետք է ընդունվի «Այլընտրանքային զինծառայության մասին» օրենքից առաջ, իսկ վերջինս Հայաստանը Եվրախորհրդի առջեւ պարտավորվել է ընդունել մինչեւ 2004֊-ի հունվարը:

Օրինագծի հեղինակներից պաշտպանության հանձնաժողովի նախկին նախագահ, ներկայումս Ազգային Ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը փաստաթղթի մեխն էր համարում «կաշառքի դեմն առնելու» հնարավորությունը: Պաշտպանության հանձնաժողովի ներկայիս նախագահ Մհեր Շահգելդյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ սկզբունքորեն կողմ է առաջին ընթերցմամբ ընդունված փաստաթղթին:

Նախորդ գումարման Ազգային Ժողովը կողմից անցած տարվա աշնանը առաջին ընթերցմամբ ընդունված եւ հասարակության հետաքրքրությանն արժանացած այս օրինագիծը վերաբերում է պարտադիր զինծառայությունից խուսափած այն քաղաքացիներին, ովքեր, «Զինապարտության մասին» օրենքի համաձայն, արդեն ենթակա չեն զորակոչի (այսինքն՝ ում 27 տարին արդեն լրացել է), բայց պարտադիր զինծառայությունից խուսափած լինելու պատճառով քրեական հետախուզման մեջ են: Հիմնականում Հայաստանից դուրս գնտվող այդպիսի երիտասարդների թիվը մոտ 5 - 5,5 հազար է:

Օրինագիծն առաջարկում է, որ նրանց հանդեպ հետապնդումը դադարեցվի, եթե պաշտպանության նախարարության՝ հատուկ բացված հաշվին յուրաքանչյուր բաց թողած զորակոչի համար մուծվի նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը՝ հարյուր հազար դրամ: Վճարելուց հետո այդ անձինք կարող են օգտվել Հայաստանի քաղաքացու անձնագիր ստանալու իրավունքից:

Օրինագծով որոշակի «զեղջեր» են առաջարկվում զորակոչից խուսափելու պատճառով հետապնդման մեջ գտնվող այն անձանց համար, ովքեր հետախուզման մեջ գտնվելու ընթացքում երկու երեխա են ունեցել կամ ուսումը շարունակելու համար տարկետման իրավունք են ձեռք բերել: Իսկ նրանք, ովքեր երեք երեխա են ունեցել կամ ում երեխաները մեծանում են առանց մոր, այս իրավունքից օգտվում են անվճար:

Իսկ չվճարողները քրեական պատասխանատվությունից չեն ազատվում: Դրանից չեն ազատվում նաեւ օրենքի ընդունումից հետո պարտադիր զինծառայությունից խուսափողները:

Պաշտպանության նախարարի վարչական ապարատի իրավաբանական վարչության պետ, Ազգային ժողովում նախագծի քննարկումների ժամանակ նախարարության ներկայացուցիչ Սեդրակ Սեդրակյանի փոխանցմամբ, նախարարության կարծիքը օրինագծի վերաբերյալ դրական է:

«Մեր կարծիքը դրական է», - հեռախոսով «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սեդրակյանը, - «որովհետեւ հույս ունենք, որ այդ օրենքը կօգնի բավականին մեծ թվով երիտասարդների վերադառնալ հայրենիք, ազատվել քրեական պատասխանատվությունից եւ որպես լիարժեք քաղաքացիներ հաշվառվել պահեստազորում, հետագայում անցնել համապատասխան պատրաստություն եւ նորմալ զինապարտի կարգավիճակում գտնվել զինված ուժերի պահեստազորում»:

Սեդրակյանը չի կարծում, թե Ազգային Ժողովի պատգամավորները մինչեւ օրենքի վերջնական ընդունումը առաջարկեն մեծացնել վճարների չափը՝ ավելի հավանական համարելով քննարկումների արդյունքում դրանց իջեցումը:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG