Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ռուսաստանյան անցուդարձի հետ զուգահեռով վերջին ժամանակներս գնալով ավելի ու ավելի հաճախ են մեզանում կոչեր հնչում լուծել վերջապես հայրենի օլիգարխների հարցերը, որոնց պատճառով էլ տեղի են ունենում երկրում բոլոր դժբախտությունները։ «Համարվում է, թե օլիգարխների վրա համընդհանուր գրոհը կլուծի բոլոր խնդիրները: Սակայն», - զգուշացնում է «Հայոց Աշխարհ» թերթը, - «գլխավոր հարվածի այդպիսի ուղղություն ընտրելը սխալվելու մեծ վտանգ է պարունակում»: Ռուսաստանում կատարվողը բացատրվում է այսպես. - «Պուտինի նախագահության տարիներին գլխավոր հարցերը չլուծված մնացին: Ահաբեկիչների ձեռքով զոհվելու սպառնալիքը Ռուսաստանում չնվազեց։ Այդպես էլ չարձանագրվեցին լուրջ հաջողություններ ո'չ կոռուպցիայի դեմ պայքարի, ո'չ էլ օրինականության հաստատման գործում»։ Ուրեմն՝ ինչո՞վ Պուտինն ու իր թիմը գնան նոր ընտրությունների, շահեն հասարակության մեծ մասի համակրանքը: Այստեղ է, որ առաջին պլան են դուրս գալիս օլիգարխները, ավելի ճիշտ՝ նրանց դեմ պայքարը: «Սակայն կանցնեն ընտրությունները, եւ ամեն ինչ կընկնի իր տեղը։ Իշխանությունը կգտնի գործարար հանրությանը հանգստացնելու միջոցներ», - նախանշում է «Հայոց Աշխարհ»-ը՝ մեր առումով եւս ընդհանրացնելով. - «Լուրջ սխալ կլիներ կառուցել հաշվարկն ուրիշի հարստության հանդեպ հասարակ մարդկանց ատելության վրա։ Ոչ այն պատճառով, թե անարդար դիզած հարստությանը ձեռք տալ չի կարելի։ Կարելի' է։ Սակայն այդ հարցը չի կարելի վերածել պիարի եւ իշխանության նկատմամբ հասարակության կորսված վստահության վերականգնման միջոցի»։

«Ամենակարեւոր խնդիրը» վերագրով խմբագրականում «Առավոտ» թերթը անդրադառնում է. - «Առաջին հայացքից թվում է, որ դեկլարատիվ մակարդակով եվրոպական արժեքներն ընդունելը շատ հեշտ է: Ընդունիր քեզ առաջադրվող հիմնական նորմերը, եւ հարցերը կլուծվեն: Մանավանդ որ, ըստ էության, ո'չ մահապատժի վերացումը, ո'չ փոքրամասնությունների օրինականացումը մեր ավտորիտար պետական համակարգում ոչինչ փոխել չեն կարող: Ավելին՝ մեր իշխանությունների նման ժողովրդավարական առաջընթացից խիստ շոյված եվրոպացիները այդ դեպքում կփակեն բոլոր բողոքողների բերանները: Սակայն բանն այն է, որ, ճիշտ է, մեր իշխանությունները պատրաստ են եվրոպական ժողովրդավարական չափանիշերի համապատասխանելու պատրանք ստեղծել, բայց՝ նույնիսկ թոզ փչելու հարցում համաձայն չեն անցնել որոշակի սահմաններ», - մեկնաբանում է «Առավոտ»-ը՝ նկատի ունենալով հատկապես խոսքի ազատության սահմանափակումը: - «Իսկ իշխանություն պահպանելը այնպիսի մի խնդիր է, որի հետ համեմատած եվրոպական չափանիշերին համապատասխան պետություն կառուցելը այնքան էլ էական գործ չէ»:

Ի՞նչն է անհանգստացնում իշխանությանը. «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը «Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում խտացրել է. - «Այսօր մեր նախագահը շատ լավ գիտի, որ ժողովուրդը իր թիկունքին կանգնած չէ: Իսկ առանց հենարանի իշխանությունն օդից է կախված եւ երկար գոյատեւել չի կարող: Հենց սա էլ անհանգստացնում է իշխանություններին: Հոկտեմբերին իրավիճակը շատ ավելի է սրվելու, որովհետեւ նաեւ եռանախագահողները կժամանեն ղարաբաղյան հարցի հետ կապված նոր առաջարկություններով»:

Հարցազրույցներում հատուկ արծարծման թեմա է շարունակում մնալ «Ա1+» հեռուստաընկերության խնդիրը: Սրա հետ կապված Ալեքսան Կարապետյանն էլ «Առավոտ»-ի թղթակցին ասել է. - «Եթե այսօրվա վիճակով իշխանությունը գտնվում է կոալիցիայի ձեռքին, եւ կոալիցիայի երկու կարեւոր կուսակցությունները համաձայն են, որ «Ա1+»-ի նկատմամբ անարդարություն է տեղի ունեցել, այդ դեպքում՝ ո՞վ կարող է կոալիցիայից ավելի բարձր կանգնած լինել: Ուրեմն՝ մի մարդ կա, որը դեմ է «Ա1+»-ի բացմանը՝ Ռոբերտ Քոչարյանը»:

«Տարվա այս ժամանակ սովորաբար արձանագրվող արժեզրկման փոխարեն, ներկայումս դիտարկվում է դրամի արժեւորման միտում դոլարի նկատմամբ։ Անգամ համաշխարհային ֆինանսական շուկայում դոլարի արժեզրկման ժամանակ Հայաստանի արժութային շուկայում դրամի եւ դոլարի փոխարժեքները զգալի տատանումներ չարձանագրեցին: Այնպես որ», - բխեցնում է «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը, - «դրամի դիտարկվող արժեւորումը պայմանավորված է բացառապես ներքին գործոններով»։ Այս առումով վերլուծականում շեշտադրված է. - «Կենտրոնական բանկի կողմից իրականացված դրամավարկային քաղաքականության ծրագիրը հատկապես հուլիսին զգալիորեն շեղվել է նախատեսվածից: Կենտրոնական բանկի ծրագրած դրամավարկային քաղաքականությունն այնքան էլ չի համապատասխանում իրականացվող տնտեսական գործընթացներին»:

ԱՄՆ պետքարտուղարության համաձայն՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից շրջափակման հետեւանքով Հայաստանն ամեն տարի կորցնում է 720 մլն դոլար: Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը «Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում նշել է, թե այդ տվյալը ԱՄՆ-ը վերցրել է Համաշխարհային բանկից՝ «որպես ճնշման միջոց Թուրքիայի վրա»: «Անկասկած է, որ Հայաստանի ճանապարհների բաց լինելը դեպի արտաքին աշխարհ օգուտ է տնտեսությանը: Բայց այդ թիվը իրականություն կդառնա, եթե հարաբերությունները լինեն բնականոն», - ընդգծում է Մանոյանը: - «Ինքնին պարզապես սահմանի բացումը տակավին չի երաշխավորում, թե կարող ենք վերականգնել այդ կորուստը»: Կիրո Մանոյանը նաեւ ասում է. - «Եթե սահմանի բացումը հանկարծ կատարվի այնպես, որ Թուրքիային հնարավորություն ստեղծի մեր երկրում տնտեսական լծակները քաղաքականի վերածելու՝ սա արդեն այլ խնդիր է: Մեր հասարակության մեջ անհանգստություն կա, երբ մեր ռազմավարական դաշնակիցն է շահում տնտեսական լծակներ: Էլ ուր մնաց, որ անհանգստություն չլինի այն հարեւանի պարագայում, որի հետ, մեղմ ասած, վատ հարաբերությունների մեջ ենք»:

Թուրքական մամուլի փոխանցմամբ, օրերս Թուրքիայի արտգործնախարար Գյուլը ասել է, որ Հայաստանի նկատմամբ բացասական որեւէ դիրքորոշում այլեւս չունեն, եւ ընդգծել. - «Երբ առկա խնդիրները լուծվեն, ապա մենք տեր կկանգնենք աղքատության մեջ տառապող 1,5 միլիոն հայերին։ Հայաստանը դատարկվում է։ Հայերը գաղթում են»։ «Գյուլի հոգատարությունը, որն անսահման է, մեկնաբանության կարիք չի զգում, հայերին տեր կանգնելու թուրքական նկրտումները՝ եւս», - հեգնանքով արձագանքում է «Ազգ» թերթի մեկնաբանը։ - «Ուրեմն Հայաստանը շրջափակելու Թուրքիայի նպատակը դրա բարգավաճմանը նպաստելն է։ Չէ՞ որ շնորհիվ Թուրքիայի Վրաստանն ու Ադրբեջանը վաղուց բարգավաճել են։ Պարզապես թուրքական տնտեսությունն է անընդհատ քայքայվում, սակայն դա էլ հոգ չէ, մեկ ուրիշն էլ Թուրքիային տեր կկանգնի»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG