Մատչելիության հղումներ

Նախագահ Քոչարյանը չի ընդունում քննադատությունը «Ա1+»-ի կապակցությամբ


Նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի ընդունում «Ա1+» անկախ հեռուստաընկերությունը եթերից դուրս պահելու կապակցությամբ ինչպես արեւմտյան, այնպես էլ ներքին քննադատությունը՝ իր խոսնակ Աշոտ Քոչարյանի միջոցով փոխանցելով, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումը կայացվել է «օրենքով սահմանված կարգով»:

«Մի քիչ զարմանալի է, որ այդ հարցը այսքան քաղաքականացվեց», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Աշոտ Քոչարյանը: - «Եվրոպայի խորհրդի եւ ԵԱՀԿ հայտարարությունները «Ա1+» եւ «Նոյյան տապան» հեռուստաընկերություններին հեռարձակման արտոնագիր չտրամադրելու առնչությամբ կլինեին ավելի մտահագող, եթե Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը մեղադրվեր քաղաքական որոշումներ, այլ ոչ թե օրինական որոշումներ կայացնելու համար»:

Նախագահ Քոչարյանը այս խնդիրը դեռեւս 2002 թվականի ապրիլին, երբ Հեռուստառադիոյի հանձնաժողովի՝ հետագայում միջազգային քննադատության արժանացած որոշմամբ «Ա1+»-ը զրկվեց իր կապուղուց, դիտարկում էր զուտ իրավական դաշտում:

Այդ տեսակետն ու դիրքրոշումը անփոփոխ են մնացել: «Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը անկախ մարմին է, որի գործունեությունը կարգավորվում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով, իր կանոնակարգով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ», - ասաց նախագահի խոսնակը: - «Արտոնագիր չտրամադրելուն վերաբերող որոշումը կայացվել է մրցույթի արդյունքներով, օրենքով սահմանված կարգով եւ չափանիշերին համապատասխան: Որոշման հետ չհամաձայնելու դեպքում գոյություն ունի դատական կարգով բողոքարկելու մեխանիզմ»:

Ռոբերտ Քոչարյանը կրկին շեշտադրում է, թե ինքը իրավունք չունի միջամտելու Հեռուստառադիոյի ազգային հանձնաժողովի որոշումներին:

Ընտրություններում նախագահին սատարած քաղաքական ուժերը, ի տարբերություն նախագահ Քոչարյանի, մտահոգված են խնդրի առնչությամբ:

Կոալիցիոն իշխանություն ձեւավորած կուսակցություններից Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) եւ Դաշնակցության ղեկավար անդամներ ուղղակիորեն հայտարարել են, որ Հեռուսատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կայացրած որոշումը սխալ էր:


Ազգային ժողովի եւ ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը կարծիք էր հայտնել, որ մրցույթը ճիշտ չի անցկացվել՝ գնահատելով, թե «հասարակական օգտակարության առումով «Ա1+»-ը ավելին էր անում, քան հուլիսի 18-ի մրցույթում «Ա1+»-ի մրցակից հեռուստաընկերություններից մի քանիսը»:

Հեռուստառադիոյի հանձնաժողովի որոշման կապակցությամ իրենց մտահոգությունն են արտահայտել նաեւ Դաշնակցության ղեկավար անդամներից ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Հովհաննիսյանի ձեւակերպմամբ, օրինակ՝ «Հայաստանում փակել ընդդիմության ձայնը, նշանակում է Հայաստանի ձայնը փակել արտաքին աշխարհում»:

Ընդդիմության տեսակետը նույնպես անփոփոխ է մնացել. 2002-ի ապրիլին «Ա1+»-ը փակվեց՝ նախագահական ընտրարշավում ընդդիմությանը հեռուստաեթերը սահմանափակելու նպատակով, իսկ այժմ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում օրերս ասել էր «Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը՝ «Ա1+»-ին հերթական անգամ հեռարձական արտոնագիր չտրամադրելը, նշանակում է, որ «իշխանությունն իրեն ապահով չի զգում եւ վախենում է ճշմարիտ խոսքից»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG