Մատչելիության հղումներ

Սկսվեց Տիգրան Նաղդալյանի սպանության գործի դատավարությունը


Երեքշաբթի օրը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, դատավոր Սարիբեկ Արամյանի նախագահությամբ, սկսեց լրագրող, Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության գործի դատաքննությունը:

Անցած տարեվերջին սպանված Նաղդալյանի հայրը վստահ է, որ հենց 13 ամբաստանյալներն են ծրագրել եւ իրականացրել իր որդու սպանությունը: Որպես սպանության պատվիրատու մեղադրվող Արմեն Սարգսյանի եղբայրը, նախկին վարչապետ եւ ԱԺ դահլիճում սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայր Արամ Սարգսյանը, մինչդեռ, նույն վստահությամբ պնդում է, թե իր եղբայրը անմեղ է:

Նաղդալյանը սպանվել է անցած դեկտեմբերի 28-ին՝ ծնողների բնակարանից դուրս գալիս: Մեղադրյալների թվում է գործարար Արմեն Սարգսյանը, ով մեղադրվում է 75 հազար դոլարով սպանությունը պատվիրելու մեջ: Սարգսյանի ազգականները, ինչպես նաեւ ընդդիմության առաջնորդները, որոնցից է նախկին վարչապետ Արամ Սարգսյանը, պնդում են, թե մեղադրանքը քաղաքական նկատառումներ ունի՝ վկայակոչելով, որ Արմեն Սարգսյանը ձերբակալվել էր նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունից ընդամենը մի քանի ժամ առաջ:

Աղմկահարույց այս սպանության դատավարությունը անցնելու է դատական ամենամեծ՝ Վճռաբեկ դատարանի դահլիճում, ուր գումարվում են նաեւ «Հոկտեմբերի 27»-ի դատական նիստերը:

Դահլիճում էին Նաղդալյանի հարազատներն ու ընկերները, լրագրողներ: Արամ Սարգսյանի հետ դատարան էին եկել նաեւ ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի ղեկավար անդամներ, այդ թվում՝ դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:

Դատավարության անդրանիկ նիստը, 13 ամբաստանյալների կողմից որոշ կենսագրական տվյալներ ներկայացնելուց հետո, հետաձգվեց մինչեւ օգոստոսի 5-ը՝ ամբաստանյալներից մեկի պաշտպանի դատարան չներկայանալու պատճառով: Նիստը հետաձգելու միջնորդությամբ հանդես եկավ մեղադրող կողմը:

«Եթե զուգահեռներ տանեմ, ասենք, «Հոկտեմբերի 27»-ի հետ, իսկ այս դահլիճը ստիպում է, որ զուգահեռներ տանեմ, այնտեղ հինգ հոգի են քաղաքական որեւէ երանգ չկա, չկա պատվիրատու: Այստեղ 15 հոգի են՝ մի ամբողջ հակաօդային գունդ», - լրագրողների հետ զրույցում հեգնեց Արամ Սարգսյանը:

«Ես հաստատ համոզված եմ, որ կատարողները այդ մարդիկ են: Ես սպանողին անձամբ եմ տեսեկ մեկ շաբաթ մեր բակում: Ինքն էլ հաստատել է, որ եղել է այնտեղ», - լրագրողներին ասաց Տիգրան Նաղդալյանի հայրը՝ Հովհաննես Նաղդալյանը՝ շարունակելով. - «Պատվիրատուի հարցում ես չեմ կարող առայժմ ասել, մինչեւ Արմեն Սարգսյանը ինքը չխոսի այդ մասին... Ես այդ մասին հետո կխոսեմ՝ եթե հարկ լինի: Իհարկե, գիտեմ ովքեր են, բայց ես այսօր չեմ կարող ասել»:

Մեղադրական եզրակացությունում նշված է, որ Տիգրան Նաղդալյանի դիտավորյալ սպանության դրդապատճառները «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության վերաբերյալ վերջինիս պատրաստած հեռուստահաղորդումներն ու ծառայական գործունեությունն է: Բայց Հովհաննես Նաղդալյանը այս հարցում լիովին համոզված չէ: Համենյանդեպս հարցին, թե իրեն հայտնի՞ է սպանության դրդապատճառը, պատասխանեց. - «Դեռ լրիվ չեմ կարող ասել, որովհետեւ ինչ-որ կասետի անուն են տալիս, «27»-ի դեպքերն են կապում անհիմն կերպով»:

Արամ Սարգսյանը հավատացած է, որ իր եղբայրը միանգամայն անմեղ է եւ ուղղակի դատարանի դահլիճից ազատ պիտի արձակվի: «Վստահ եմ, որ Արմեն Սարգսյանը չէր կարող պատվիրատու լինել Տիգրան Նաղդալյանի սպանությանը. դրա համար որեւէ մոտիվ չուներ», - ասաց նա՝ ավելացնելով, որ համոզված է նաեւ, որ «մակերեսային եւ փնթի» նախաքննություն է անցկացվել:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG