Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռոյ Ռիվի հրաժեշտի ասուլիսի հետքերով «Իրավունք» թերթի մեկնաբանը նախանշում է. - «Դժվար չէ ենթադրել, որ եվրոպական կառույցներից վռնդվելու սպառնալիքով մեր իշխանություններին, ի վերջո, կհարկադրեն, որպեսզի հայաստանյան ընտրությունները կազմակերպվեն Եվրոպայի կատարյալ վերահսկողության ներքո: Իսկ դա, բնականաբար, մեզ պատիվ բերել չի կարող»: Ինչ վերաբերում է ներքին զարգացումներին, «Իրավունք»-ում խտացված է. - «Այժմ արձակուրդային անդորր է տիրում Հայաստանում: Սակայն նույն այդ անդորրում քիչ չեն աշնանային քաղաքական փոթորիկների սերմնացանները: Եվ այդ սերմերը ցանողները ոչ միայն ընդդիմադիրներն են, այլեւ կոնկրետ իշխանական լծակներով օժտված անձինք: Հենց այդ պատճառով ապագա ներքաղաքական փոթորիկը գրեթե անխուսափելի է թվում»: Որոշ իշխանական թերթերում հնչող դժգոհություններից մեկնաբանը եզրակացրել է. - «Իշխանության ներսում առկա են զորեղ ուժեր, որոնց ամենեւին էլ ձեռնտու չէ այսօրվա իրավիճակը: Նրանք կա'մ հասկանում են, որ այլեւս այդպես շարունակել հնարավոր չէ, կա'մ առնվազն պատրաստվում են ազդեցության ոլորտների լրջագույն վերաբաժանման, ինչը ցնցելու է ամբողջ իշխանական բուրգը եւ քաղաքական դաշտը»:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը «Առավոտ» թերթում այսօր գրում է. - «Նժդեհական նախարարների սիրած զբաղմունքը կազինոն եւ ամայի Հայաստանում որս անելն է: Ավանդական կուսակցության անդամն էլ ռեստորան-հասարակաց տուն է պահում, կոմունիստը մեկ առաջադիմում է, մեկ նորացվում, ազգային ժողովրդավարությունը՝ քառատվում: Արդյունքում ունեցանք պետություն, որտեղ իրական իշխանությունը ոչ թե նույնիսկ կոռումպացված թաղապետերի, ոստիկանության, դատախազության, դատարանի ձեռքին է, այլ «ախրանայով» շրջող տեղական փողատերերի կամ գեներալների, որոնց ենթակա ժողովուրդը պարտական է երբեմն հարսանիքի կամ թաղման ծախսերը հոգալու, բնամթերքով կամ չնչին աշխատավարձով «աշխատատեղեր» ստեղծելու համար... Այս ընթացքով մենք ոչ թե Հայաստան, այլ՝ Հայաստանի ուրվական ենք միայն ունենալու», - ամփոփել է Ավետիք Իշխանյանը:

«Հայոց Աշխարհ» թերթի հատուկ ուշադրության սուբյեկտներից է շարունակում մնալ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը: Այսօր՝ հետեւյալ ձեւակերպումներով. - «Անցած հանգստյան օրերը համաշխարհային պատմության մեջ կմտնեն շնորհիվ Արտաշես Գեղամյանի, որը վազվզում էր մի հեռուստաընկերությունից մյուսն ու լացակումած ձայնով առատորեն կիսվում հասարակության հետ իր մառազմի անսպառ պաշարներով... Բայց բոլորն էլ գերազանց գիտեն, որ իրականում ոչ ոք եւ երբեք նրան չի ահաբեկել: Շատ պարզ պատճառով. ոչ մեկին էլ սույն ինքնասիրահարված դատարկությունը պետք չէ... Իսկ նախագահի եւ պաշտպանության նախարարի նկատմամբ Փրկչի ողջ այդ կենդանական ատելությունն ունի նույնքան տարրական բացատրություն: Փրկչին այդպես էլ մի մարդավարի պաշտոն չտվեցին: Եւ ճիշտ էլ, ի դեպ, արեցին: Որեւէ լուրջ պաշտոն նրան վստահելը նույնն է, թե այծին՝ բանջարանոց: Չտվեցին նրան պաշտոն նույնիսկ այն բանից հետո, երբ խոստացավ «շան պես ծառայել»: Այդ մասին նույնպես գիտեն բոլորը», - շեշտադրում է «Հայոց Աշխարհ»-ը:

«Հայաստանի կոմունիստ» թերթը այսօր մատուցում է իրենց շրջկոմների պլենումների խրոխտ պատկերը՝ ամփոփելով. - «Աշխատանքներին մասնակցում էր եւ բոլորի ժամանակ էլ բացատրություններով, վերլուծական մոտեցումներով, կուսակցության ճակատագրի մասին մտահոգ ելույթներով հանդես եկավ ՀԿԿ Կենտկոմի քարտուղար Թովմասյանը: Ամենուրեք կոմունիստները վճռականություն ու պատրաստակամություն էին հայտնում բարձրացնելու կոմկուսի վարկն ու հեղինակությունը՝ հավաստելով, որ նման խայտառակ ընտրությունների արդյունքում պետք չէ թեւաթափ լինել»:

«Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանի հայացքով՝ «Եթե հայաստանյան իրավիճակը դիտարկվի միայն իշխանություն - ընդդիմություն հակասության, իշխող կոալիցիայի ներքին հակադրությունների, վերջին ամիսների քրեական վիճակի տեսանկյուններից, ապա «թեժ» քաղաքական աշունը՝ ցնցումներով, գրեթե անխուսափելի է թվում: Այդուհանդերձ, շատ մեծ ցնցումներ չեն լինի, քանզի Ադրբեջանի ներքին վիճակը կմղի հայաստանյան քաղաքական դաշտը պահել կայուն վիճակում»: Մեկնաբանը նկատի ունի, որ դառնալով նախագահ՝ Հեյդար Ալիեւի որդին իր հեղինակությունը երկրում բարձրացնելու համար կկոշտացնի արտաքինքաղաքական կուրսը, չի բացառվում՝ ընդհուպ մինչեւ ռազմական գործողությունների վերսկսում:

«Արդյո՞ք քաղաքական է Էրեբունու թաղապետի դեմ մահափորձի շարժառիթը». այս հարցին Հայաստանի գլխավոր դատախազ Արամ Թամազյանը «Իրավունք»-ի հարցազրույցում պատասխանում է. - «Դեռեւս որեւիցե բան ասել վաղ է»: Իսկ «Նուբարաշենի դեպքի հաջորդ օրը լրատվամիջոցները դեպքը կապեցին ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ: Այդ վարկածը քննարկվո՞ւմ է արդյոք եւ որքանո՞վ է այն իրատեսական» հարցին ի պատասխան Թամազյանը ասում է. - «Այն, որ այդ սպանությունը կազմակերպված սպանություն էր որեւէ մեկը չի կարող կասկածել: Գործով արդեն բացահայտված են որոշ կատարողներ եւ կազմակերպիչներ: Մենք հույս ունենք, որ նրանց հայտնաբերման դեպքում կստանանք դեռեւս չպարզված հարցերի պատասխանը»: «Իսկ որեւէ բան պարզվե՞լ է համալսարանի դասախոս Կարեն Մկրտչյանի սպանության հետ կապված». «Իրավունք»-ի թղթակցի այս հարցին էլ Թամազյանը արձագանքում է. - «Տվյալ քրեական գործի շրջանակում ստուգվել են վարկածներ, եւ այդ ընթացքում ձերբակալվել է մեկ անձ՝ ապօրինի զենք պահելու մեղադրանքով: Աշխատանքները ընթանում են, կան աշխատող վարկածներ»: Ընդհանուր առմամբ, գլխավոր դատախազը հավաստիացնում է. - «Եթե գործով պարզվի եւ հիմնավորվի պատգամավորի կամ խոշոր տնտեսվարի կողմից հանցագործություն կատարելու փաստը, ապա խնդիրը կլուծվի օրենքով սահմանված կարգով»: Միաժամանակ Արամ Թամազյանը քննադատում է. - «Այսօր քիչ չեն մարդիկ, ովքեր չունենալով համապատասխան իրավագիտակցություն, փորձ, քննադատում են իրավապահների գործունեությունը: Այս դաշտում ոչ բոլորը բարոյական իրավունք ունեն խոսելու: Լավ կլիներ, որ յուրաքանչյուրը քննադատելուց առաջ ինքն իրեն վերլուծեր, նոր խոսեր»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG