Մատչելիության հղումներ

Ռոյ Ռիվ. - «Բոլոր ոլորտներում միանշանակ առաջընթացի մասին չեմ կարող խոսել»


Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի բացվելուց (2000 թվականից) ի վեր այն ղեկավարած դեսպան Ռոյ Ռիվը իր պաշտոնավարման ընթացքում ԵԱՀԿ չափանիշերին մոտենալու առումով առաջընթաց գրանցելով հանդերձ, երկուշաբթի հայտարարեց, թե բոլոր ոլորտներում՝ ներառյալ այս տարվա համապետական ընտրությունները, «միանշանակ առաջընթացի մասին» չի կարող խոսել:

Կալանավայրերն արդարադատության համակարգին փոխանցելու գործընթացը, օրինակ, առաջընթաց գրանցել է: Բայց, ասենք, թափանցիկության, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում հսկայական գործ կա անելու: Հարցին, թե կարելի՞ է եզրակացնել, որ ընտրական գործընթացներում ժողովրդավարության առումով առաջընթաց չի եղել, դեսպան Ռիվը պատասխանեց. - «Ընտրություն եւ ժողովրդավարություն բառերը նույն նախադասության մեջ չէի գործածի, քանի որ ընտրություններում դեռեւս անելիք կա, մինչդեռ ժողովրդավարական մի շարք ոլորտներում արդեն առաջընթաց նկատվել է»:

Իր առաքելությունը Հայաստանում ավարտող դեսպան Ռիվը հրաժեշտի ասուլիսին նույնպես խուսափեց կոնկրետ տպավորություն փոխանցել անցած նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների մասին: Այդուհանդերձ, թեկուզ կատակով դժգոհելը, որ Թբիլիսիում նույնպես (ուր մեկնելու է՝ ղեկավարելու ԵԱՀԿ գրասենյակը) ստիպված է լինելու ընտրական գործընթացներին առնչվել, բավական խոսուն է:

Նոր տեղում իր աշխատանքի շրջանակում են լինելու, Ռիվի փոխանցմամբ, տարածաշրջանային որոշ հարցեր, Վրաստան - Ռուսաստան սահմանի իրավիճակը, Վրաստանի տնտեսական, էկոլոգիական ու, իհարկե, քաղաքական ոլորտները, այդ թվում՝ «դժբախտաբար, նորից ընտրությունները»:

Հարցին, թե կառաջարկե՞ր Ռոյ Ռիվը նաեւ Հայաստանին՝ Վրաստանի ընտրական հաձնաժողովների ձեւավորման կարգը, երբ հնարավոր է, որ ԵԱՀԿ֊-ն առաջարկի երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածությունը, դեսպանը պատասխանեց. - «Հայաստանում Ընտրական օրենսգրքում առկա խնդիրների լուծումը կկարգավորի դաշտը: Ինչ վերաբերում է Վրաստանին, ԵԱՀԿ-֊ն չի նշանակում, թեկնածուների ցանկ կարող է առաջարկել միայն»:

Ազատ խոսքի, բազմակարծության եւ ազատ լրատվամիջոցների կայացմանը նպաստող օրենսդրական գործընթացներին իր աջակցությամբ հայտնի Ռոյ Ռիվը, անդրադառնալով «Ա1+»-ի կապուղիների մրցույթներում պարտվելուն, ասաց, թե ձգձգված դատավարությունները «Ա1+»-ի հարցում ապարդյուն գտնվեցին: Հիմնական խնդիրը, դեսպանի խոսքերով, օրենքում է, այդ թվում եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ձեւավորման սկզբունքի մեջ:

«Պետք է վերանայել նաեւ Ազգային Հանձնաժողովի նշանակման կարգը», - ասաց Ռիվը՝ միաժամանակ հերքելով, թե իր խոսքում ակնարկ կա հանձնաժողովի անդամներին միանձնյա նշանակող նախագահ Քոչարյանի հասցեին:

«Այդպիսի ակնարկ չարեցի», - ասաց նա: - «Ուղղակի ուզում էի ասել, թե պետք է անդրադառնալ, թե Ազգային հանձնաժողովն ինչքանով է անկախ եւ ինչքանով է արհեստավարժ, անդրադառնալ, թե որն է դրա համար լավագույն ձեւը: Սեպտեմբեր - ֊հոկտեմբերին այս երկու հարցերին անդրադառնալու ենք Եվրախորհրդի հետ համատեղ»:

Ինչ վերաբերում է Հայաստանի պաշտպանության նախարարության հետ նախորդ շաբաթ ձեռք բերված պայմանավորվածությանը՝ բանակում անցկացվելիք մոնիթորինգի շուրջ, ապա Ռիվի փոխանցմամբ, դրա ժամկետները կհստակեցվեն առաջիկայում: Մոնիթորինգի խումբը բացի ԵԱՀԿ֊-ի ներկայացուցիչներից, կընդգրկի նաեւ Հայաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Դեսպանը տեղեկացրեց նաեւ, որ վաղը նախատեսված է Հայաստանի ոստիկանության հետ եկարաժամկետ համագործակցության հուշագրի ստորագրում:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG