Մատչելիության հղումներ

Հաջորդ շաբաթ կսկսվի Տիգրան Նաղդալյանի սպանության գործի դատավարությունը


Գալիք երեքշաբթի Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում կսկսվի անցած տարեվերջին Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության գործի դատաքննությունը: Մեղադրյալների թվում է նաեւ Վազգեն եւ Արամ Սարգսյանների կրտսեր եղբայրը՝ գործարար Արմեն Սարգսյանը, որը մեղադրվում է սպանությունը պատվիրելու մեջ:

Արմեն Սարգսյանի փաստաբաններից Հովիկ Արսենյանի փոխանցմամբ, պաշտպանական կողմը շահագրգռված է, որ դատավարությունը շուտ սկսվի:

«Որպեսզի լայն հասարակությանը հայտնի դառնա, որ իսկապես իմ պաշտպանյալը Տիգրան Նաղդալյանի սպանության կազմակերպման, բուն սպանության հետ կապված որեւէ առնչություն եւ կապ չունի», - «Ազատություն ռադիոկայանին ասաց Արսենյանը՝ հավելելով նաեւ, թե ավարտված նախաքննությունը ընթացել է բազմաթիվ օրինախախտումներով:

Բացի Արմեն Սարգսյանից, գործով անցում են եւս 12 մեղադրյալ, այդ թվում, ըստ նախաքննական մարմնի՝ իր մեղքը ընդունած հանցագործության անմիջական կատարողը՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչ Ջոն Հարությունյանը:

Ըստ գործի նյութերի, սպանությունը կազմակերպվել է Սարգսյանների հեռավոր ազգական Հովհաննես Հարությունյանի կողմից, ինչի դիմաց Արմեն Սարգսյանը վճարել է 75 հազար դոլար: Վերջինս, սակայն, իրեն մեղավոր չի ճանաչել՝ ասելով, թե՝ Հարությունյանն իրեն շանտաժի է ենթարկել, եւ ինքը այդ գումարը վճարել է՝ վախենալով իր ընտանիքի անդամների նկատմամբ հաշվեհարդարից:

Միաժամանակ, ըստ կազմված գործի, Արմեն Սարգսյանն իրեն մեղավոր է ճանաչել այն բանում, որ իմանալով, թե ովքեր են մասնակցել Տիգրան Նաղդալյանի սպանությանը, այդ մասին չի հայտնել քննչական մարմիներին:

Արմեն Սարգսյանը ձերբակալվել է մարտի 5-ի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունից մի քանի ժամ առաջ, եւ ընդդիմադիր առաջնորդները, այդ թվում, իհարկե, Արամ Սարգսյանը, հայտարարում էին, թե Արմեն Սարգսյանը ոչ մի կապ չունի սպանության հետ, եւ նրան գործի մեջ ներքաշելը պայմանավորված է զուտ քաղաքական դրդապատճառներով: Իշխանությունները հերքեցին այդ մեղադրանքները՝ ասելով, թե դա պարզապես զուգադիպություն էր:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG