Մատչելիության հղումներ

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը շարունակում է ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների վրա՝ վերաբացելու «Ա1+» եւ «Նոյյան Տապան» երկու անկախ հեռուստաընկերությունները: Շաբաթվա սկզբին հրապարակված՝ ԵԱՀԿ մամուլի ազատության գծով ներկայացուցիչ Ֆրեյմուտ Դյուվեի հայտարարությանը ուրբաթ օրը հետեւել է Նիդեռլանդների ԵԱՀԿ նախագահության մտահոգության դրսեւորումը:

«Այն փաստը, որ երկու հեռուստաընկերություններն էլ արդեն մեկ տարուց ավելի է, ինչ հեռարձակվելու հնարավորությունից զրկված են, մտահոգություն է առաջացնում Հայաստանում հեռարձակվող լրատվամիջոցների բազմակարծության բնույթի կապակցությամբ», - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանին ուղղված նամակում ասել է ԵԱՀԿ գործող գախագահ, Նիդերլանդների արտգործնախարար Յապ դե Հուպ Շեֆերի անձնական ներկայացուցիչ, դեսպան Դան Էվերտսը:

Նամակում ուշադրություն է հրավիրվում, որ Հայաստանում խոսքի ազատության ոլորտում վերջին զարգացումները մտահոգություն են առաջացրել մի շարք այլ միջազգային կազմակերպությունների, այդ թվում նաեւ Եվրոպայի խորհրդի եւ Եվրամիության շրջանում, եւ հույս է հայտնվում, թե Հայաստանը «կզարգանա խոսքի ազատության լիբերալ մոտեցման եւ զանգվածային լրատվամիջոցների բազմակարծության ապահովման ճանապարհով»:

Այս շաբաթ «Ա1+» եւ «Նոյյան տապան» հեռուստաընկերություններին հեռարձակման արտոնագիր չտրամադրելու կապակցությամբ իր «հիասթափությունն ու մտահոգությունն» էր արտահայտել նաեւ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը:


Լեոնիդ Զիլֆուղարյան, Երեւան


(Լուսանկարում՝ Նիդերլանդների արտգործնախարար Յապ դե Հուպ Շեֆերը:)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG