Մատչելիության հղումներ

logo-print

Նոր Քրեական օրենսգրքի լույսի ներքո վերանայվելիք գործերը արդեն դատարաններում են


Օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնող նոր Քրեական օրենսգիրքի դրույթներով ավելի մեղմ պատիժ նախատեսող հանցագործություններ կատարած դատապարտյալները սկսել են դիմումներ ներկայացանել՝ իրեն դատավճիռները վերանայելու խնդրանքով: Իրավապահ եւ դատական մարմինների վարույթում գտնվող նման գործերը պարզապես կարճվելու են:

Արդարադատության նախարարության կալանավայրերի վարչության պետ Սամվել Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ծանուցեց, որ դատապարտյալները դիմումներ են սկսել ներկայացնել հուլիսի առաջին օրերից: Ավելորդ շահարկումներից ու ասեկոսեներից խուսափելու նպատակով այդ դիմումներն ընդունելու եւ առաջին ատյանի դատարաններին փոխանցելու հատուկ մեխանիզմ է մշակվել:

«Քրեակատարողական բոլոր հիմնարկներից երեք օրվա ընթացքում դիմումները վերցվեցին, որոնք վարչության կողմից կից գրություններով ուղարկվեցին համապատասխան տարածքների առաջին ատյանների դատարաններ», - ասաց Հովհաննիսյանը:

Առաջին ատյանի դատարանները վերանայելու են միայն դատավճիռներով սահմանված պատժաչափերը եւ դրանք համապատասխանեցնելու են նոր օրենսգրքի դրույթներին: Սա միայն այն դեպքերում, երբ նոր Քրեական օրենսգրքով ավելի մեղմ պատիժ է նախատեսվում: Ավելի ծանր պատիժների դեպքում օրենքը հետադարձ ուժ չունի:

«Եթե նախորդ օրենքը ավելի խիստ է եղել, քան նոր օրենքը, ապա տվյալ հարցը վերանայվելու է առաջին ատյանի դատարանների կողմից, եւ եթե նախատեսված առավելագույն պատիժը ավելի ցածր է, քան նախորդ օրենսգրքով է եղել, ապա ենթակա է վերանայման», - «Ազատություն» ռադիոկայանին պարզաբանեց «Դատավորների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչյա Սարգսյանը:

Պատժաչափից ազատվելու են այն դատապարտյալները, ում կատարած հանցանքը նոր օրենսգրքով հանցագործություն չի համարվում:

Երբ եւ եթե Ազգային ժողովը վավերացնի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ արձանագրությունը, մահապատժի դատապարտվածների պատժաչափերը վերանայելուց հետո փոխվելու են ցմահ բանտարկության:

Արդարադատության նախարարության կալանավայրերի վարչության պետ Սամվել Հովհաննիսյանը փոխանցեց նաեւ, որ արդեն դիմումներ են ներկայացրել 2400-ից քիչ ավելի դատապարտյալներ՝ այդ թվում պատիժը տանը կրող (ոստիկանության հսկողության ներքո գտնվող) 1600 դատապարտյալ:

«Դա մենք երկրորդ հերթին ենք թողել՝ դատարաններին չափից դուրս չծանրաբեռնելու համար, քանի որ իրենք արդեն իսկ ազատության մեջ են», - ասաց Հովհաննիսյանը:

Մահապատժի դատապարտված ավելի քան 4 տասնյակ կալանավորներներից 35-ը, Սամվել Հովհաննիսյանի փոխանցմամբ ներման խնդրանքով դիմումներ են ներկայացրել. - «Հիմա մենք այդ գործերն ենք նախապատրաստում, որպեսզի ներկայացնենք հանրապետության նախագահի ներման հանձնաժողովին»:

Հովհաննիսյանը նաեւ տեղեկացրեց, որ եթե դատապարտյալը ինքը չի դիմում դատավճիռը վերանայելու խնդրանքով, ապա դրանք վերանայվում են դատախազության ներկայացրած միջնորդության հիման վրա:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG