Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


Հայաստանի սահմանին եւ ԼՂՀ շփման գծում հաճախակի դարձած միջադեպերի առաջ բերած մտահոգության շրջանակում «Հայաստանի Հանրապետություն» թերթի թղթակիցը դիմել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին: Վերջինս ասում է. - «Այստեղ կարող է մի քանի պատճառ լինել: Չի բացառվում, որ Ադրբեջանում ամերիկյան բազաներ տեղակայելու մասին շշուկները «ոգեւորել են» որոշ ադրբեջանցի տաք գլուխների, եւ նրանք որոշել էին ցուցադրել իրենց մարտական ոգին: Լիովին կարող է լինել եւ այնպես, որ առաջիկա ընտրությունների հետ կապված անկայունությունը Ադրբեջանում բացասաբար է ազդել նաեւ բանակի կարգապահության վրա: Այսպես թե այնպես, ես այստեղ լուրջ վտանգ չեմ տեսնում: Չէ՞ որ ադրբեջանցիներն այսօր հիանալի հասկանում են, որ ի վիճակի չեն պատերազմելու», - ընդգծում է Միքայել Հարությունյանը: - «Այնպես որ, սահմաններում միջադեպերի հետ կապված մենք ոչ մի հատուկ միջոցներ չենք ձեռնարկում՝ դրա անհրաժեշտությունը չկա»:

«Երկրում կյանքն այնքան է կայուն, որ անգամ այդ կայունության թիվ մեկ պատասխանատու Ռոբերտ Քոչարյանն է իրեն թույլ տալիս հանգստանալ ֆրանսիական ծովափերից մեկում», - հեգնում է այսօր «Այբ-Ֆե» թերթի մեկնաբանը՝ միաժամանակ կանխատեսելով, թե սեպտեմբերից Ռոբերտ Քոչարյանին «տխուր օրեր են սպասվում» հատկապես արտաքին դաշտում՝ ղարաբաղյան բանակցությունների հետ կապված:

Անվտանգության խորհուրդը չի աշխատում, եւ դա է, ըստ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանի, իրավապահների անբավարար աշխատանքի պատճառներից մեկը: «Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում նա մասնավորապես նշում է. - «Անվտանգության խորհուրդը չի հավաքվել քանի տարի, չի աշխատել, չաշխատելն էլ կազմի հետ կապ ունի: Վերջապես՝ եթե աշխատում է, ի՞նչ, նրա որոշումները նախագահի համար ոչ միայն պայման չեն, այլ նաեւ՝ այդպիսի որոշումների համար սաղմվելու միջավայր չկա»: Վահան Հովհաննիսյանի համոզմամբ, հանցագործության դեմ պայքարը շատ քաղաքական իմաստ ունի իր մեջ, եւ ուժային ծառայություններին քաղաքական միջավայրից կտրելը նրանց թուլացնում է:

«Իրավունք» թերթի մեկնաբանի հայացքով, չի բացառվում, որ իշխանությունները, իրոք, սկսում են մտածել, թե ինչպես դուրս գալ «քրեական խրախճանքի փոսից», քանզի պարզ է, որ գոյություն ունեցող «խաղի կանոնները» այլեւս չեն բավարարում ոչ ոքի, այդ թվում եւ նրանց, ովքեր ընդամենը 6 ամիս առաջ դրանցից միանգամայն գոհ էին: «Կոռուպցիան մեզանում ժանգի նման քայքայում է պետական կառույցները, վարկատնտեսական համակարգը եւ, ինչն առավել տագնապալի է, իրավապահ մարմիններին», - արձանագրում է այսօր «Հայոց Աշխարհ» թերթի խմբագիրը: - «Կոռուպցիան մեծապես վտանգում է երկրի անվտանգությունը»: Խմբագիրը հիշեցնում է. - «Իշխանավորների գլխավոր մեղքն այն չէ, որ իրենք են թալանում, գողանում եւ վերցնում։ Ողբերգությունն այն է, որ իրենցից հետո թողնում են վատաբարո՝ թալանչիների, գողերի եւ կաշառակերների սերունդ։ Մարդիկ, ում ձեռքերը սովորել են կաշառք տալ, սեղմել թղթադրամի հաստ կապոցները կամ ատրճանակի կոթը, վաղը դուրս չեն գա դաշտ, չեն կանգնի դազգահի առջեւ», - նախանշված է «Հայոց Աշխարհ»-ում։ - «Բոլոր այս շքեղ առանձնատները, կազինոները եւ այլ «օբյեկտները», արտասահմանյան ճոխ մեքենաները, հարստության պատրանք են լոկ, խնջույք ժանտախտի ժամանակ։ Իսկ մեր ապագան ծանր ու սեւ աշխատանքն է։ Եթե իրոք ցանկանում ենք պետություն դառնալ»։

«Անհնար է պատկերացնել, որ կլանների միջոցով ու միջոցներով իշխանության մեջ ներգրավված անձինք պայքար կմղեն այդ նույն կլանների դեմ... Քաղաքական կոռուպցիայի միջոցով իշխանության մատչելիություն ստացած անձինք երբեք չեն պայքարի կոռուպցիայի դեմ», - կրկին ընդգծվում է այսօր «Երկիր» թերթի քաղաքական վերլուծականում՝ հետեւյալ բխեցմամբ. - «Կոռուպցիայի քաղաքական պատճառների վերացումը էապես պայմանավորված է իշխանություն ձեւավորելու գործընթացում այն քաղաքական ուժերի դերի մեծացմամբ, որոնք կարող են իշխանության գալ ոչ թե խմբերի, կլանների ու խմբիշխանական միավորումների, այլ՝ հասարակության աջակցությամբ»։

«Էրեբունու համայնքապետ Մհեր Սեդրակյանի դեմ կատարված մահափորձի փաստով հարուցված քրեական գործով դեռեւս որեւէ նորություն չկա», - փաստում է «Հայոց Աշխարհ» թերթը՝ առայժմ միայն առանձնացնելով. - «Շրջանառվող «խոսքուզրույցային» վարկածներից քիչ թե շատ ուշագրավն այն է, թերեւս, որ Մհեր Սեդրակյանի դեմ կատարված մահափորձն ինչ-որ կերպ կապված է ԱԺ վերջին ընտրությունների, ավելի ճիշտ՝ այդ ընտրություններում համայնքապետի կողմից մեծամասնական թեկնածուներից մեկին չաջակցելու հետ»:

««Բաց եւ տղամարդավարի» հարցերը լուծեցին» վերնագիրը «Երկիր» թերթում վերաբերում է իշխանափոխությանը Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունում (ՀՌԱԿ): «Նոր երեք նախագահների նման քայլը եւ ատենապետի թիկունքում տարած պարտիզանական գործունեության պատճառները կարելի է բացատրել հետեւյալ կերպ. ռամկավարները վերջապես համոզվեցին, որ միադեմ ատենապետ Ռուբեն Միրզախանյանի կերպարը բավարար չէ՝ ժողովրդին համոզելու ՀՌԱԿ-ի ազատական գաղափարախոսությունը, կամ էլ եռանախագահներն անթույլատրելի համարեցին, որ ատենապետը բացարձակապես հաշվի չի նստում իրենց հետ», - գրում է մեկնաբանը: Ամեն դեպքում, մեկնաբանը համոզված է, որ ՀՌԱԿ-ի վերջին շրջանի գործընկեր, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը որեւէ համագործակցություն այս նոր թիմի հետ աննպատակ կհամարի, քանի որ առավել թուլացած կուսակցության հետ քաղաքական նպատակներ ու հույսեր կապելն արդեն անիմաստ է։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG