Մատչելիության հղումներ

Արա Աբրահամյանը շարունակելու է Հայաստանում իրականացվող ծրագրերը


Ռուսաստանաբնակ հայազգի մեծահարուստ, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հինգշաբթի օրը հերքել է լուրերը, թե խորհրդարանական ընտրություններում իր հովանավորած Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության (ՀՌԱԿ) պարտությունը կարող է ազդել Հայաստանում իր կողմից իրականացվող եւ իրականացվելիք ներդրումային եւ բարեգործական ծրագրերի վրա:

«Այն ծրագրերը, որ մենք ունեն Հայաստանում՝ տնտեսական, հասարակական, բոլորը իրականացվելու են», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսային հարցազրույցում ասաց Արա Աբրահամյանը:

Անցած խորհրդարանական ընտրություններում վերլուծաբաններից շատերը ակնկալում էին, թե իշխանությունները կաջակցեն ՀՌԱԿ-ին՝ համամասնական ընտրակարգում հաղթահարելու 5 տոկոսի սահմանագիծը եւ խմբակցություն կազմելու Ազգային ժողովում՝ նկատի ունենալով, որ ՀՌԱԿ-ին հովանավորող Ռուսաստանի հայերի միության նախագահը նախագահական ընտրությունների ժամանակ անվերապահորեն աջակցել էր Ռոբերտ Քոչարյանին: Խորհրդարանական ընտրարշավի ժամանակ Աբրահամյանը խոստանում էր 50 միլիոն դոլար ներդնել Հայաստանի տնտեսության մեջ:

ՀՌԱԿ-ը 5 տոկոսի շեմը չհաղթահարեց, իսկ անցած շաբաթ ներկուսակցական տարաձայնությունների հետեւանքով հրաժարական տվեց կուսակցության երկարամյա նախագահ Ռուբեն Միրզախանյանը:

Աբրահամյանը, այդուհանդերձ, պնդում է, թե շարունակելու է համագործակցել ՀՌԱԿ-ի հետ: «Մենք ոչ թե անհատ մարդու վրա ենք հիմնվել, այլ կուսակցության», - ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահը:

Ռուսաստանաբնակ մեծահարուստը Հայերի համաշխարհային կազմակերպություն հիմնելու իր ծրագիրն իրականացնելու նպատակով հանդիպումներ է անցկացնում աշխարհի տարբեր երկրներում հայկական համայնքների ղեկավարների հետ: Կազմակերպության հիմնադիր համագումարը ծրագրված է գումարել գալիք հոկտեմբերին Մոսկվայում:

«Ազատություն» ռադիոկայանի հարցերին Աբրահամյանը պատասխանում էր հեռախոսով Նյու Յորքից: Իր խոսքերով, ինքը մեկնում է Վաշինգտոն, ուր հանդիպելու է Ջորջ Բուշի վարչակազմի եւ սենատորների հետ: Աբրահամյանն ասաց նաեւ, որ ծրագրում է դեկտեմբերին նույնպես մեկնել Միացյալ Նահանգներ՝ պնդելով, թե այդ ժամանակ չի բացառվում իր հանդիպումը նախագահ Բուշի հետ:

Անցած ամիս Փարիզում Աբրահամյանին ընդունել էր Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը:


Արթուր Տերյան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG