Մատչելիության հղումներ

Եվրախորհուրդը կրկին քննադատում է Հայաստանին «Ա1+»-ը եթերից դուրս պահելու համար


«Ա1+» եւ «Նոյյան տապան» հեռուստաընկերություններին օրերս անցկացված հաճախականություններին մրցույթի արդյունքներով կրկին եթերից դուրս թողնելու կապակցությամբ միջազգային քննադատությանը չորեքշաբթի օրը իր ձայնն է ավելացրեց Եվրոպայի խորհուրդը:

«Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերն իր հիասթափությունն ու մտահոգությունն է արտահայտել «Ա1+» եւ «Նոյյան տապան» անկախ հեռուստաընկերություններին հեռարձակման արտոնագիր չտրամադրելու՝ Հայաստանի ռադիոյի եւ հեռուստատեսության ազգային հանձնաժողովի կայացրած վերջին որոշման կապակցությամբ», - ասված է այսօր տարածված հայտարարության մեջ։

Համաձայնելով այս շաբաթ ավելի վաղ հրապարակված՝ ԵԱՀԿ մամուլի ազատության գծով ներկայացուցիչ Ֆրեյմուտ Դյուվեի մեկնաբանություններին, թե «Հայաստանում խոսքի ազատությունը շարունակում է մնալ սահմանափակ», Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը եզրակացրել է, որ եկել է ժամանակը, որ Հայաստանի իշխանությունները որպես այդպիսին ընդունեն բազմակարծությունը՝ «եթե Հայաստանը ցանկություն ունի առավել խորն ինտեգրվել Եվրոպային»։

«Դժբախտաբար, այս որոշումը Հայաստանում բազմակարծության նկատմամբ ոչ բավարար հարգանքի մեկ այլ օրինակ է, ինչը մեզ անհանգստացնում է արդեն մի քանի ամիս, հատկապես վերջերս տեղի ունեցած ընտրարշավների լույսի ներքո», - ասել է Շվիմերը։ - «Մեզ շատ անգամ է ասվել, որ անկախ հեռարձակողներին լուրջ հնարավորություններ կընձեռնվեն դառնալու Հայաստանի տեսալսողական ոլորտի մի մասը , մինչդեռ վերոնշյալ դիմումները մերժվեցին առանց հանգամանալի քննության»։

Դեռեւս անցած տարվա գարնանը նույն հանձնաժողովի որոշմամբ հեռուստաեթերից դուրս մնացած անկախ հեռուստաընկերությունների ներկայացրած մրցութային առաջարկները հուլիսի 18-ին կրկին պակաս համոզիչ գնահատվեցին հանձնաժողովի անդամների կողմից, քան իշխանամետ հեռուստաընկերությունների ներկայացրածները:

Հանձնաժողովի որոշման կապակցությամբ իրենց բացասական կարծիքներն են այս օրերին հնչեցրել նաեւ քաղաքական կոալիցիայի մաս կազմող Հայաստանի հանրապետական կուսակցության եւ Հայ հեղափոխական դաշնակցության ղեկավար անդամները: «Ճիշտ կլիներ նաեւ հաշվի առնել այս խնդրով Եվրախորհրդի մոնիտորինգային խմբերի կատարած բազմաթիվ հորդորները», - հարցազրույցներից մեկում ասել էր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Հեռուստառադիոյի ազգայի հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի պնդմամբ, մյուս հեռուստաընկերություններն ավելի լավ մրցութային առաջարկներ էին ներկայացրել: «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը, սակայն, միանշանակորեն վստահ է, որ հանձնաժողովը սոսկ կատարել է իշխանությունների պատվերը:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG