Մատչելիության հղումներ

Չեղյալ է հայտարարվել Էռնեկյանին կալանքի տակ առնելու մասին որոշումը


Արգենտինական լրատվամիջոցների փոխանցմամբ, այդ երկրի Տնտեսական հարցերով գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել հայազգի մեծահարուստ Էդուարդո Էռնեկյանին՝ հարկերից խուսափելու մեղադրանքով կալանելու, ինչպես նաեւ նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ դատավոր Խուլիո Կրիցիանիի որոշումները:

Արգենտինայում 33 օդանավակայան կառավարող «Աերոպուերտես Արգենտինա 2000» կոնսորցիումի հիմնական բաժնետեր, Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը արտոնյալ պայմաններով 30 տարով հավատարմագրային կառավարման ստացած «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության սեփականատեր Էդուարդո Էռնեկյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու պահանջը դատական վերին ատյանների առջեւ բարձրացրած դատավոր Խուլիո Կրիցիանիից գործի վարույթը փոխանցվել է այլ դատավորի՝ Խուլիո Սպերոնիին:

Տնտեսական հարցերով դատարանի պահանջով, էռնեկյանը, որ այժմ գտնվում է Միացյալ Նահանգներում, իր փաստաբանների միջոցով նաեւ պետք է մոտ 5 միլիոն դոլարի գրավ վճարի: Հայազգի գործարարի փաստաբանները չեն բացառել, որ Էռնեկյանը Արգենտինա վերադառնա այսօր կամ վաղը:

Հարկ է նշել, որ Արգենտինայում դատական գործերը սովորաբար երկարատեւ են լինում. տարաձայնություններ են ի հայտ գալիս դատական վերին ու ստորին ատյանների միջեւ, ընդունվում են իրարամերժ որոշումներ, որոնց կարգավորումը ամիսներ, երբեմն նույնիսկ տարիներ է պահանջում: Չի բացառվում, որ նույն դանդաղ հունով ընթանա նաեւ Էռնեկյանի գործը:

Հայաստանի իշխանությունները (ի տարբերություն ընդդիմության, որը վտանգ է տեսնում «Զվարթնոց» օդանավակայանը արտոնյալ պայմաններով Էռնեկյանին հավատարմագրային կառավարման տալու պայմանագրի բազմաթիվ դրույթների մեջ) վստահեցնում են, որ Էռնեկյանի շուրջ Արգենտինայում ծավալվող իրադարձությունները իրենց չեն մտահոգում:


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG