Մատչելիության հղումներ

Աբդուլա Գյուլի ամերիկյան հանդիպումների ընթացքում շոշափվելու է հայ-թուրքական սահմանի վերաբացման հարցը


Ամերիկայի հայկական համագումարը հորդորել է Թուրքիայի արտգործնախարարին վերաբացել հայ-թուրքական սահմանը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այդ կազմակերպության գործադիր տնօրեն Ռոսս Վարթյանը հույս է հայտնել, թե հոդորը կհասնի Աբդուլա Գյուլին:

«Մեր հորդորը պարոն Գյուլին կհասնի: Նա այստեղ՝ Ամերիկայում հանդիպելու է Ջորջ Բուշի վարչակազմի անդամների, կոնգրեսականների եւ մամուլի հետ, այդ բոլոր երեք խողովակներով էլ մեր հորդորը կհասնի Թուրքիայի արտգործնախարարին», - չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասել է Վարթյանը՝ ավելացնելով նաեւ, որ իրենք նման հավաստիացումներ են ստացել:

Այսօր սկսված եռօրյա այցի ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը հանդիպելու է ԱՄՆ-ի փոխնախագահ Դիք Չեյնիի, պետքարտուղար Քոլին Փաուելի, այլ պաշտոնյաների հետ:

«Աբդուլա Գյուլի ամերիկյան հանդիպումների արդյունքում Թուրքիան պիտի հասկանա, որ եթե ուզում է լիարժեք հարաբերություններ ունենալ Ամերիկայի եւ Եվրամիության հետ, պետք է բացի Հայաստանի հետ սահմանը», - ասել է Ռոսս Վարթյանը: Ընդունելով, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք ոգեւորված չեն հայ-թուրքական սահմանի վերաբացման հեռանկարով, նա նշել է, թե Հայաստանի իշխանությունները հայ-թուրքական սահմանի վերաբացման «հաստատուն կողմնակից են», եւ դա իշխանությունների առաջնահերթություններից է:

Ըստ Ամերիկայի հայկական համագումարի տարածած հաղորդագրության, ԱՄՆ-ի պետդեպարտամենտը այս տարի հաշվարկել էր, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից շրջափակված լինելու հետեւանքով Հայաստանը ամեն տարի կորցնում է 720 միլիոն դոլար: Կազմակերպությունն ավելացնում է, որ սահմանի վերաբացումը շահեկան է ոչ միայն Հայաստանի, այլեւ հենց Թուրքիայի համար:

«Հայաստանին հարող շրջանները Թուրքիայի ամենաաղքատ տարածքներից են», - ասված է հաղորդագրության մեջ: - «Եվ ամեն տարի Թուրքիան եւ Հայաստանը երկուսով կորցնում են մոտ մեկ միլիարդ դոլար՝ չօգտագործելով էներգիայի վաճառքի, առեւտրի եւ զբոսաշրջության հնարավորությունները»:

Միաժամանակ թուրք լրագրող Մեհմեդ Ալի Բիրանդը «Թըրքիշ դեյլի նյուս» թերթի այսօրվա համարում, անդրադառնալով Գյուլի այցին, գրել է. - «Վաշինգտոնը կրկին կբարձրացնի հայ-թուրքական սահմանի վերաբացման հարցը՝ շեշտելով, որ այդ կերպ երկուսն էլ՝ թե' Ամերիկան, թե' Թուրքիան կարող են ազատվել հայ դատի ճնշումից»:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG