Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Արձանագրելով, որ Հեռուստառադիոհանձնաժողովի որոշումը միանգամից դատապարտեցին Ազգային ժողովի փոխնախագահը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը, «Այբ-Ֆե» թերթը մեկնաբանում է. - «Հայտարարություն են անում մարդիկ, ովքեր ներկայացնում են Հայաստանը Եվրոպայի խորհրդում եւ առաջինն իրենք են ուտելու թուքումուրը: Այնպես որ, այդ հայտարարություններն «Ա1+»-ի հետ քիչ կապ ունեն եւ հիմնականում Եվրախորհրդի համար են»:

«Լրատվական դաշտի շուրջ տեղի ունեցող այդ խաղերի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը, փաստորեն, մնում է մեկուսացման մեջ», - մատուցում է «Իրավունք» թերթը: - «Բնական է, որ այդ ամբողջը կոտրվելու է հենց Ռոբերտ Քոչարյանի վրա, քանզի նրա «հենարան» կոալիցիայի ներկայացուցիչները շտապեցին սահմանազատվել Գրիգոր Ամալյանի վճռից եւ դատապարտել այն: Դրա դրդապատճառները բոլոր երեք կուսակցությունների պարագայում բավականին ակնհայտ են. այդ կուսակցությունները, հանդես գալով խոսքի ազատության եւ եվրոպական արժեքների պաշտպանության դիրքերից, հավանաբար ձգտում են մոռացության մատնել այն իրողությունը, թե ինչպես են անցել խորհրդարան եւ հնարավորություն ստացել ձեւավորելու կառավարող կոալիցիա»: Լրատվական դաշտի նկատմամբ ունեցած դիրքորոշումներում հակասություններ տեսնելով երկրի նախագահի ու նրան սատարող քաղաքական ուժերի միջեւ, «Իրավունք»-ի մեկնաբանը բխեցնում է. - «Ներիշխանական մրցակցությունը երբեմն շատ հետաքրքրաշարժ ու անսպասելի ելեւէջներ է ունենում, ինչը ցույց է տալիս, որ Հայաստանում միասնական իշխանություն որպես այդպիսին չկա: Իսկ դա նշանակում է, որ աստիճանաբար միջավայր է հասունանում խոշոր փոփոխությունների համար»:

«Իրավունք»-ի լրագրողի՝ «Ինչո՞վ եք պայմանավորում հերթական անգամ «Ա1+»-ին եթեր չտրամադրելը» հարցին հեռուսատաընկերության ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը պատասխանել է. - «Դրա հիմնական պատճառը նախագահական ամբիցիան է: Մեկ անգամ նա ասել է «ոչ», էլ չի ուզում խոսքը փոխել: Այս պարագայում դա երեւի ամենակարեւոր խնդիրն է: Սա դարձավ միջազգային հարաբերությունների մեջ շահարկման խնդիր: Թե դա ինչով կարող է ավարտվել, չեմ կարող ենթադրել, որովհետեւ դա միջազգային հարաբերություններ է, եւ թե Հայաստանն ինչով կներկայանա այդ հարաբերություններում, դա իրենց խնդիրն է: Շարունակելու ենք աշխատել նույն ռիթմով, ինչպես աշխատում էինք մինչ մրցույթը: Շուրջ մեկ տարի առաջ դիմել ենք Եվրոպական դատարան, գործն ընթացքի մեջ է, շուտով կմտնի վարույթ, եւ կորոշվի լսման օրը»:

Ըստ «Այբ-Ֆե» թերթի, եվրոպացիները ոչ առաջին եւ ոչ էլ վերջին անգամ են այցելում Հայաստան, իսկ այցելությունների ժամանակ պահանջում են պարտավորությունների իրականացում. - «Փորձն ապացուցում է, որ խոսքի ազատության առումով Հայաստանի իշխանությունը չի ցանկանում իրականացնել ստանձնած պարտավորությունները»: «Տարբեր տեսակի շահարկումներից խուսափելու նպատակով Գրիգոր Ամալյանը խոստանում է, որ մոտակա ժամանակում կանցկացվի եւս 4 հեռուստահաճախականության մրցույթ... Բավական լրջորեն հայտարարում է, որ այդ մրցույթին «Ա1+»-ը մեծ շանսեր ունի, օրինակ՝ ռուսաստանյան «Էն-Տե-Վե»-ի հաճախականությունը ստանալու համար», - գրում է թերթը: Մեկնաբանի գնահատմամբ, սակայն, սթափ մտածող ցանկացած մարդ գիտակցում է, որ նման հայտարարությունն «առնվազն անլուրջ է»: Այս համատեքստում «Այբ-Ֆե»-ն ներկայացնում է «Օրինաց երկիր» կուսակցությունից Մհեր Շահգելդյանի լավատեսությունը. - «Համոզված եմ, որ մրցույթներից մեկի ժամանակ այդ հարցը կլուծվի: Ես ոչ թե ինֆորմացիա ունեմ, հստակ ասում եմ, ուղղակի կուզեի ձեզ ուրախացնել»:

ԵԱՀԿ պատվիրակության հետ հանդիպումից հետո «Առավոտ»-ի թղթակիցը ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանին հարցրել է. - «Արդյո՞ք չորս տարի հետո մեր ազգային մենթալիտետն այնքան կփոխվի, որ մենք ժողովրդավարական ընտրություններ անցկացնենք»: «Ընտրությունների վերաբերյալ ընդհանուր գնահատականը հայտնի է, եւ այս իմաստով պետք է քայլեր կատարեն հատկապես օրենսդիր եւ գործադիր մարմինները ներկայացնող քաղաքական ուժերը՝ բացառելու համար այն բացասական երեւույթները, որոնք տեղ գտան այս ընտրությունների ժամանակ», - պատասխանել է Մկրտչյանը՝ շարունակելով. - «Շատ կարեւոր է, որ փոփոխությունները դեպի ժողովրդավարություն կատարվեն ոչ թե ինչ-որ պատժամիջոցների հնարավորության վախի ազդեցության ներքո, այլ գիտակցվեն, որ դրանք անհրաժեշտ պայմաններ են մեր երկրի զարգացման համար»:

«Բացի քաղաքական կամքից, որ պետք է ունենան ե'ւ իշխանությունները, ե'ւ կուսակցությունները, հարկավոր է հաշվի առնել, որ մեր ժողովրդի ապրելակերպը դեռ եվրոպական չափանիշերով չէ». - ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ազգային ժողովում ասել է ՀՀԿ (Հայաստանի հանրապետական կուսակցություն) խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ «Առավոտ» թերթին պարզաբանելով, թե նկատի է ունեցել «առօրյա ապրելը՝ ուտել, խմել, հագնվել»: Մեջբերելով Սահակյանի խոսքերը, թե «մեր մենթալիտետն ամբողջովին եվրոպական է, առավել եւս՝ Եվրոպան մեր արժեքներից բավական բաներ վերցրել է», «Առավոտ»-ը ձեւակերպում է. - «Մեր մենթալիտետը եվրոպական է, ուտել-խմելն է ասիական»:

«Գրանդ Հոլդինգ»-ի ձեռնակությունների մենեջերներին խորհրդարան բերելու համար Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանը վերջերս մամուլում քննադատել էր հոլդինգի ղեկավար Հրանտ Վարդանյանին: Անդրադառնալով այս խնդրին, «Հայոց Աշխարհ» թերթը ներկայացնում է Հրանտ Վարդանյանի տեսակետը. - «Իմ քաղաքական դիրքորոշումը անփոփոխ է: Գտնում եմ, որ խորհրդարանում երիտասարդ, բանիմաց, օտար լեզուներին եւ շուկայական նոր միջավայրին տիրապետող մենեջերների ներկայությունը շատ ավելի ճիշտ է եւ արդարացված»: «Դուք եւ Ռուբեն Հայրապետյանը նույն «Գրանդ Տոբակոյի» բաժնետերեր եք: Եւ հավանաբար մեր իրականության մեջ սա առաջին դեպքն է, երբ մի բաժնետերը հրապարակավ, թերթի էջերում քննադատում է մյուսին: Ինչո՞վ է բացատրվում նման երեւույթը, եւ որո՞նք են այդ լարվածության պատճառները». թղթակցի այս հարցին Վարդանյանը պատասխանել է. - «Չեմ կարծում, թե լարվածություն կա: Պարզապես, կարծում եմ, իմ եւ Ռուբեն Հայրապետյանի գործարար համագործակցության պոտենցիալը սպառվել է: Եւ որոշ ժամանակ առաջ նրան առաջարկել եմ մտածել բաժանվելու ուղիների մասին՝ ինքս էլ նշելով հետագա քայլերի մի քանի մոդելներ: Եթե իմ առաջարկությունը լարվածություն է առաջացրել պարոն Հայրապետյանի մոտ, դա այլ խնդիր է... Ինչ վերաբերում է հրապարակային քննադատությանը, ապա... մամուլը միակ միջոցը չէ, որով նա խնդիրներ է հարուցել խորհրդարան ընտրված իր գործընկերների նկատմամբ»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG