Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ն պաշտոնական հայտարարությամբ քննադատում է Հայաստանի իշխանություններին՝ անկախ հեռուստաընկերություններին եթերից դուրս թողնելու համար


Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ)՝ երկուշաբթի օրը տարածած հայտարարության գնահատականով, «Հայաստանում խոսքի ազատությունը շարունակում է մնալ սահմանափակ»:

ԵԱՀԿ մամուլի ազատության գծով ներկայացուցիչ Ֆրեյմուտ Դյուվեն ափսոսանք է հայտնել Հայաստանում հուլիսի 18-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից անցկացված մրցույթի արդյունքում «Ա1+» եւ «Նոյյան Տապան» անկախ հեռուստաընկերություններին հեռարձակման արտոնագրերը մերժելու կապակցությամբ:

«Նշված երկու հեռուստաընկերություններն արդեն ավելի քան մեկ տարի է ինչ զրկված են հեռարձակվելու հնարավորությունից, ինչը սահմանափակում է ավելի ընդարձակ տեսակետ եւ տարբեր հաղորդագրություններ ունկնդրելու եւ դիտելու՝ Հայաստանի հանրության հնարավորությունները», - նշել է Ֆրեյմուտ Դյուվեն:

Դեռեւս անցած տարվա գարնանը նույն հանձնաժողովի որոշմամբ հեռուստաեթերից դուրս մնացած անկախ հեռուստաընկերությունների ներկայացրած մրցութային առաջարկները անցած շաբաթ էլ պակաս համոզիչ գնահատվեցին հանձնաժողովի անդամների կողմից, քան իշխանամետ հեռուստաընկերությունների ներկայացրածները:

«Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ասել էր, թե հանձնաժողովը պարզապես կատարել է իշխանությունների հրահանգը եւ ավելացրել, թե հեռուստաընկերությունը շարունակելու է պայքարը եթեր վերադառնալու համար՝ մասնակցելով առաջիկա մրցույթներին: Դրանց անցկացման ժամկետները, սակայն, դեռեւս անհայտ են:

Ի թիվս բազմաթիվ միջազգային կազմակերպությունների, Եվրոպայի խորհուրդն ու ԵԱՀԿ-ն նույնպես բազմիցս մտահոգություն են հնչեցրել այդ անկախ հեռուստաընկերությունների փակման առիթով, եւ հարցը մեկ անգամ չէ, որ քննարկվել է այդ կազմակերպությունների ու Հայաստանի ներկայացուցիչների միջեւ:

Դաշնակցության բյուրոյի անդամ, Ազգային ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համաձայնեց, որ «Ա1+»-ի խնդիրը միջազգային ասպարեզում վնաս է հասցնում երկրի հեղինակությանը:

Հովհաննիսյանը, Ֆրեյմուտ Դյուվեին (ում, իր խոսքրով, անձամբ ճանաչում է) բնորոշելով որպես «մամուլի, խոսքի ազատություն առաջամարտիկ», ասաց, թե կիսում է վերջինիս տեսակետը:

«Մենք իսկապես լուրջ մտահոգվելու տեղ ունենք», - ասաց ԱԺ փոխխոսնակը՝ շարունակելով. - «Ընդդիմության ձայնը փակել Հայաստանի ներսում, նշանակում է Հայաստանի ձայնը փակել արտաքին աշխարհում»:

Հովհաննիսյանի կարծիքով, առանց ծայրահեղ միջոցների դիմելու՝ օրենսդրական փոփոխություններ կատարելու կամ Հեռուստառադիոյի նոր հանձնաժողով կազմելու, հնարավոր է լուծում գտնել եւ լսելի դարձնել ընդդիմության ձայնը:

Ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանի խոսքերով, «Ա1+» եւ «Նոյյան տապան» հեռուստաընկերությունների փակումը 2001 թվականի գարնանը, նախագահական ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքների նախապատրաստմանն ուղղված առաջին քայլերն էին: Ընտրությունների ավարտից հետո էլ իշխանությունները, Դեմիրճյանի խոսքերով, այնքան էլ ապահով չեն զգում իրենց, որպեսզի հանդուրժեն «Ա1+»-ի գոյությունը:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG