Մատչելիության հղումներ

Մեղադրող կողմը կրկին հնչեցնում է «Հոկտեմբերի 27»-ի գործով դատակոչված վկաների ցուցակը կրճատելու մտադրությունը


«Հոկտեմբերի 27»-ի գործի դատավարությանը, որ սկսվել է 2001 թվականի փետրվարին, մինչեւ այժմ հարցաքննվել ու ցուցմունք են տվել 129 դատակոչված վկաներից միայն երկու տասնյակը: Երկուշաբթի օրը դատարանում մեղադրող կողմը ներկայացնող դատախազները կրկին հնչեցրին վկաների ցուցակը կրճատելու իրենց մտադրությունը:

Դեռեւս մի քանի շաբաթ առաջ գլխավոր դատախազության կողմից գործին կցված մեղադրող Կորյուն Փիլոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում արդեն հայտարարել էր, թե հնարավոր է, որ վկաների ցուցակը կրճատվի: Այսօր էլ մեղադրողներից Հայաստանի զինվորական դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Դատակոչի ցուցակում ընդգրկված են եղել բոլոր այն վկաները, ովքեր գործի հետ առնչվող ցուցմունքներ են տվել: Պահեր կան, որ արդեն իսկ ամբաստանյալներն իրենց ցուցմունքներով ընդունել են, պահեր կան, որ տուժողների, մյուս վկաների ցուցմունքներով արդեն իսկ հիմնավորվել են»:

Շարունակելով՝ Հարությունյանը ասաց, թե կան դեռ որոշ դրվագներ, որոնց հստակեցման համար որոշ վկաներ պետք է հարցաքննվեն, եւ դրանից հետո միայն կպարզվի, թե կոնկրետ որ վկաներին անհրաժեշտ է հարցաքննել, իսկ որոնց՝ ոչ:

Վկաներից ոմանք արդեն լավ չեն հիշում երեք տարվա վաղեմություն ունեցող դեպքերն ու նախաքննության մարմնին տված իրենց ցուցմունքները: Ոմանք նույնիսկ առաջարկում են պարզապես հիմք ընդունել իրենց նախաքննական ցուցմունքները: Մի մասն էլ, կարծես, ոչ այնքան էական ցուցմունք է տալիս, ինչպես, օրինակ, այսօրվա նիստում Ազգային ժողովի գանձապահ Կարինե Հայրապետյանը:

Սակայն մեղադրող կողմի՝ դատակոչված վկաների ցուցակի կրճատման մասին հայտարարությունները կասկածներ են առաջացրել, թե դատարանը պարզապես կամենում է արագացնել գործի քննությունը: Ոմանք դա բացատրում են մահապատժի վերացման հետ կապված Հայաստանի պարտավորությունների կատարմամբ, մյուսները՝ թե դատավարությունը արագացնելով կկարճեն նաեւ այս գործից անջատված մասի նախաքննությունը, որը ապրիլի 14-ից տեղափոխվել է գլխավոր դատախազության վարույթ:

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, գլխավոր դատախազությունը օպերատիվ քննություն է անցկացնում, սակայն առ այսօր կազմակերպիչների, դրդիչների վերաբերյալ նոր փաստ կամ հանգամանք պարզված չէ:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG