Մատչելիության հղումներ

logo-print
Վերջին շաբաթվա ընթացքում դրամի փոխարժեքի՝ մի շարք գործոններով պայմանավորված բարձրացումը, սեզոնային բնույթ կրելով հանդերձ, ունի նաեւ այլ պատճառներ:

Տարադրամի փոխանակման կետերում դոլարը կարելի է գնել 570 դրամով, այն դեպքում, երբ մեկ շաբաթ առաջ ամերիկյան տարադրամի փոխարժեքը 585 դրամ էր: Դրամի արժեւորման հիմնական պատճառը, անշուշտ, սեզոնային է։ Ամռան այս շրջանում, որպես կանոն, կտրուկ ընկնում է գործարար ակտիվությունը, հետեւբար նաեւ՝ դոլարի պահանջարկը, այդ պատճառով ամերիկյան արժույթը որոշակիորեն արժազրկվում է։ Անցյալ տարվա ամռանը, օրինակ, դոլարի գինը իջավ մինչեւ 557 դրամի սահմանագիծը, իսկ աշնան նախաշեմին կտրուկ բարձրացավ։

Այս տարի, սակայն, դրամը ծանրացնող այլ հավելյալ գործոններ էլ են առաջ եկել: Հուլիսի 1-ից գործողության մեջ մտած կառավարության որոշմամբ, մասնավոր ընկերությունները պարտավոր են 100 հազար դրամ եւ ավելի արժողությամբ գործարքները կատարել միայն անկանխիկ՝ բանկային փոխանցումների միջոցով։ Այս քայլն առաջին հերթին ստվերային տնտեսությունը կրճատելու նպատակ ունի։ Այն նաեւ որոշակիորեն սահմանափակել է դոլարի պահանջարկը, ինչը, հավանաբար նույնպես նպաստել է փոխարժեքի իջեցմանը։

Տարադրամի փոխարժեքի անկումը պայմանավորված է նաեւ ակտիվացած զբոսաշրջության սեզոնով. անցյալ տարի, պաշտոնական գնահատումներով, Հայաստան 162 հազար զբոսաշրջիկ էր այցելել։ Ակնկալվում է որ այս տարի այդ թիվն ավելի մեծ է լինելու։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG