Մատչելիության հղումներ

Հեռուստառադիոյի ազգային հանձնաժողովը կրկին եթերից դուրս է թողնում «Ա1+»-ին


Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը, ուրբաթ օրը հայտարարելով Երեւանի հինգ հեռուստակապուղիների մրցույթի արդյունքները, կրկին եթերից դուրս թողեց անցած տարվա ապրիլից ի վեր կապուղուց զրկված «Ա1+» անկախ հեռուստաընկերությանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ չափանիշերով են գնահատվել հեռուստաընկերությունների ներկայացրած մրցութային առաջարկները, հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը հավաստիացրեց, թե՝ «օրենքով սահմանված կարգով»:

«Ներկայացված առաջարկներից «Ա1+»-ի առաջարկում մանրամասնված էր եթերային հայեցակարգը, բայց դրա համար անբավարար էին տեխնիկական եւ ֆինանսական հնարավորությունները», - շարունակելով՝ փաստարկեց Ամալյանը:

«Ա1+»-ի ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը, բնականաբար, անհիմն է համարում այդ փաստարկները: «Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում Ամալյանի որեւէ կարծիք, քանի որ նա կարծիք չունի: Նա զուրկ է սեփական կարծիքից», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մովսեսյանը: - «Կա ընդհանուր հրահանգ: Դա, արդեն կարելի է պարզ ասել, որ [նախագահի] անձնական վերաբերմունքն է դեպի այս կոլեկտիվը: Դա նախագահի ուժի մասին չի խոսում... Հաղթեց «Ա1+»-ը, ոչ թե նախագահը»:

Երեւանի մամուլի ակումբը նույնպես քաղաքական է համարում հանձնաժողովի որոշումը: «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը կրկին արհամարեց «Ա1+» հեռուստաընկերության մասնագիտական փորձառությունն ու ստեղծագործական ձեռքբերումները, հասարակական կարծիքն ու միջազգային կազմակերպությունների արտահայտած տեսակետերը: Ազգային հանձնաժողովը կրկին առաջնորդվել է քաղաքական եւ մեզ անհայտ այլ նկատառումներով», - ասված է ակումբի՝ այսօր տարածած հայտարարության մեջ:

«Ա1+»-ի փակումը անցած ապրիլին ունեցավ միջազգային լայն արձագանք: Եվրոպական եւ միջազգային մի ամբողջ շարք կազմակերպությունները դիմել էին հայաստանյան իշխանություններին՝ անկախ հեռուստաընկերությունը վերաբացելու խնդրանքով:

«Ես տեղյակ եմ, որ Հայաստանի իշխանությունները «Ա1+»-ի խնդրին լուծում են փնտրում եւ վստահ եմ, որ դրական լուծումը շուտով կգտնվի», - անցած ամռանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հույս էր հայտնել Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը:

Միջազգային կազմակերպությունները այսօր էլ մտահոգված են «Ա1+»-ի խնդրով: Հայաստանում ԵԱՀԿ ներկայացուցիչ Ռոյ Ռիվը այսօր լրագրողներին ասաց, որ «հիասթափված է» մրցույթի արդյունքներից:

«Այսօր մրցույթի արդյունքների մասին կտեղեկացնենք ԵԱՀԿ կենտրոնակայանին եւ հույս ունենք, որ գործող նախագահը հանդես կգա հայտարարությամբ», - ասաց Ռիվը՝ հավելելով, որ, իր անձնական կարծիքով, արդյունքը «տխուր եւ հիասթափեցնող է»:

Հեռուստառադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը, մինչդեռ, պատրաստ է նաեւ հիմնավոր պատասխաններ տալ միջազգային այն կազմակերպություններին, որոնք դժգոհություն կամ հիասթափություն կհայտնեն: Նրա խոսքերով, միջազգային կազմակերպությունների՝ «Ա1+»-ին ու «Նոյյան տապան»-ին վերաբերող կարծիքները կարելի ընդհանրացնել, թե՝ «ցանկալի է եթերում ունենալ» այդ հեռուստաընկերությունները»:

«Բայց միայն միջազգային կազմակերպությունների բարի կամքով եւ նույնիսկ հանձնաժողովի բարի կամքով հնարավոր չէ գործող օրենսդրության սահմաններում ինչ-որ մեկին վերցնել եւ տալ [հեռուստահաճախականությունները]», - ասաց նա:

«Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը ասաց, թե հեռուստաընկերությունը շարունակելու է պայքարը եթեր վերադառնալու համար եւ մասնակցելու է առաջիկա մրցույթներին: Դրանց անցկացման ժամկետները, սակայն, դեռեւս անհայտ են:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG