Մատչելիության հղումներ

logo-print

Դատավորը պահանջում է միջազգային հետախուզում հայտարարել Էռնեկյանի նկատմամբ


Հինգշաբթի օրը լրացել է արգենտինահայ խոշոր գործարար Էդուարդո Էռներկյանի՝ Արգենտինայի իրավապահ մարմիններին ներկայանալու վերջնաժամկետը: Այդ երկրում 33 օդանավակայան կառավարող «Աերոպուերտես Արգենտինա 2000» կոնսորցիումի հիմնական բաժնետեր, Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը արտոնյալ պայմաններով 30 տարով հավատարմագրային կառավարման ստացած «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության սեփականատեր Էռնեկյանը, սակայն, չի ներկայացել, եւ դատավոր Խուլիո Կրուցիանին դիմել է իրավապահ մարմիններին՝ գործարարի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու պահանջով:

Արգենտինայի պետական եկամուտների վարչությունը Էռնեկյանին մեղադրում է օրենքով սահմանված հարկերի գումարները վճարելու փոխարեն օֆշորային գոտիներում գտնվող հիմնադրամներին ուղարկելու մեջ, ինչը այդ երկրի օրենսդրությունը գնահատվում է որպես «հարկերից խուսափելու ծանր դեպք» եւ ինչի համար նախատեսված է 3-8 տարվա ազատազրկում:

Էռնեկյանը պարտավոր էր հնգօրյա ժամկետում ներկայանալ դատական մարմիններին: Իտալիայում գտնվող Էռնեկյանի փաստաբանները, սակայն, Կրուցիանիի հետ համաձայնության էին եկել, եւ մեկ շաբաթով հետաձգվել էր Էռնեկյանի՝ Արգենտինայի դատական մարմիններին ներկայանալու վերջնաժամկետը, որը սպառվել էր երեկ:

Ուրբաթ օրը Էռնեկյանի փաստաբաններից Ռոբերտո Մարկոնին, սակայն, հայտարարել է, որ մեղադրանքը պետք է հաստատի դատական վերին ատյանը, ուստի իրենք դեռ ժամանակ ունեն մինչեւ հաջորդ շաբաթվա սկիզբը: Եթե վերին ատյանը հաստատի մեղադրանքը, Մարկոնիի խոսքերով, Էռնեկյանը կվերադառնա Արգենտինա ու կներկայանա դատական մարմիններին:

Հայաստանի իշխանությունները վստահեցնում են, որ Էռնեկյանի շուրջ Արգենտինայում ծավալվող իրադարձութունները իրենց չեն մտահոգում: Այդ կարծիքը չեն կիսում ընդդիմության ներկայացացիչները: Անցած շաբաթ «Արդարություն» խմբակցության անդամ, պատգամավոր Թաթուլ Մանասերյանը, նշելով, որ Հայաստանի կառավարության հետ կնքված պայմանագրով Էռնեկյանի ընկերությանը հնարավորություն է տրվում արտոնյալ պայմաններով միջազգային ֆինանսական կազմակերպություններից վարկեր ստանալ, ընդ որում՝ կարող է գրավ դնել իրեն տրամադրած գույքը, հայտարարել էր. - «Լիազորագրային կառավարման ընկերության կողմից գրավ դնելը, իսկ խոսքը իսկապես ռազմավարական ոլորտի մասին է, շատ լուրջ սպառնալիք է»:


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG