Մատչելիության հղումներ

Երեւանի մամուլի ակումբի մրցանակակիրների թվում են «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցները


Նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն առավել օբյեկտիվ լուսաբանած լրատվամիջոցների ու լրագրողների համար Երեւանի մամուլի ակումբի անցկացրած մրցանակաբաշխության հաղթողների շարքում են նաեւ «Ազատություն» ռադիոկայանի հայաստանյան թղթակիցները:

Հրաչ Մելքումյանը, Կարինե Քալանթարյանը եւ Ռուզաննա Խաչատրյանը ստացան Երեւանի մամուլի ակումբի պատվոգրեր՝ թիմային արդյունավետ աշխատանքի եւ մասնագիտական բարեխղճություն ցուցաբերելու համար:

Մրցանակը մեր գործընկերներին հանձնեց Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Իր խոսքում նա ասաց, թե անցած երկու ընտրարշավների ընթացքում երկրում կատարվող իրական իրադարձություններին տեղյակ լինել ցանկացող գյումրեցիները «կամ մասնակցում էին բազամահազարանոց ցույցերին, կամ «Ազատություն» ռադիոկայան էին լսում»:

Եթերում բազմակարծություն ապահովելու համար մրցանակ ստացավ Կենտրոն հեռուստաընկերության «Այցեքարտ» հաղորդաշարի հեղինակ Պետրոս Ղազարյանը: Ընտրությունները ինքնատիպ ներկայացնելու եւ մեկնաբանելու համար մրցանակ հանձնվեց «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության «Դիտակ» հեռուստահաղորդաշարի հեղինակ Արմեն Սարգսյանին:

Մրցանակակիրների շարքում են նաեւ Գյումրիի «Ցայգ» հեռուստաընկերությունը (ընտրարշավներն անկողնակալ լուսաբանելու համար) եւ «Նոյյան տապան» լրատվական-վերլուծական կենտրոնը (ընտրությունները լուսաբանելիս Ինտերնետը լավագույնս օգտագործելու համար):

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի փոխանցմամբ, մրցանակներով նշվել են նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները անկողմնակալ ու օբյեկտիվ լուսաբանած բոլոր լրատվամիջոցները, իսկ կողմնակալների եւ ոչ օբյեկտիվների համար մրցանակ սահմանելու գաղափարից իրենք հրաժարվել են, թեեւ այն քննարկվել է: Մրցանակների շնորհման հատուկ ժյուրիի անդամ, «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանի խոսքերով, «կողնակալ ու ոչ օբյեկտիվ լրատվամիջոցներն ու լրագրողները այնքան շատ էին, որ դժվար էր նրանցից որեւէ մեկին ընտրել»:


Ռուզաննա Ստեփանյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG